Հունիսի 21-ին, այսինքնՙ դատարանի դահլիճից «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներից 6-ի նկատմամբ համաներման կիրառման հաջորդ օրը, «Ազգը» գրեց. «Թեպետ դատարանի դահլիճում գտնվող տուժողներին ներկայացնողներն անհանգստություն չարտահայտեցին ամբաստանյալներից 6-ին ազատ արձակելու առիթով, սակայն չի նշանակում, որ այս հարցում անգամ հետագայում շահարկումներ չեն լինելու: Թեպետ ընդգծենք, որ համաներման որոշումն ընդունել է այն ԱԺ-ն, որտեղ կատարվել է հանցագործությունը, եւ որի մեծամասնությունը տուժող է ճանաչվել այս քրեական գործով»: Այլ խոսքով, նկատի ունենալով Նաիրի Հունանյանի եւ նրա հանցախմբի դատաքննության շուրջ տիրող անառողջ մթնոլորտը եւ քաղաքական շահարկումների նկատմամբ որոշ շրջանակների թուլությունը, «Ազգը» նախատեսել էր, որ վերոհիշյալ հանգամանքը շահարկվելու է: Ինչը կատարվեց հետագա օրերին եւ դեռեւս կատարվելու է հետագայում:
Սակայն ոչ ոքի մտքով չէր անցնի, համենայն դեպս մեր մտքով չէր անցել, որ այդ շահարկումը, բացի «գործ կպցնող» եւ «ձեռքեր տաքացնող» մի քանի լրատվամիջոցներից, կկատարվի ԱԺ որոշ պատգամավորների, ԱԺ իրավաբանական վարչության պետի եւ ՀԺԿ ղեկավարի կողմից: Անձինք, որոնց համար, թվում է, հասարակության աչքին առնվազն լուրջ երեւալը կարեւոր է:
Առաջինն աղմուկ բարձրացրին ԱԺ մի շարք պատգամավորներ, որոնք բողոքում էին, որ համաներման օրինագիծը ԱԺ-ում ներկայացնելիս-քննարկելիս իրենց չէին զգուշացրել, թե իրենց իսկ ընդունելիք օրենքը կարող էր տարածվել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներից ոմանց վրա: Սակայն շատ կարճ տեւեց նրանց բողոքը. այս անգամ նրանք գլխի ընկան, որ աղմուկը շարունակելու դեպքում ինքնաբերաբար խոստովանելու էին իրենց ապիկարությունը, անգրագիտությունը, «հարիֆությունը»: Բացի այդ, բողոքները շարունակելու դեպքում, նրանց քննադատությունն ի վերջո, ուզած-չուզած, ուղղվելու էր այն անձի եւ ծառայության դեմ, որն ի պաշտոնե պարտականություն ուներ նման հարցերում նրանց «գլխի գցելու»:
Եվ հենց այդ պահին հրապարակ իջավ այդ անձըՙ ճանաչված իրավագետ Վլադիմիր Նազարյանը, որ «մանտրաժի» մեջ գտնվող պատգամավորների դառնությունը փորձեց իրենից շեղել, մատնացույց անելով իր ավանդական «զոհերից» մեկինՙ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որ ԱԺ-ում համաներման օրինագիծը ներկայացնողն էր: Անշուշտ, վերջինիս պարտականությունների մեջ չէր մտնում մանրամասն բացատրել, թե կոնկրետ ո՞ր անձանց վրա կարող էր տարածվել համաներումը, սակայն ողջախոհությունը, մանավանդ տիրող վատառողջ մթնոլորտը պիտի՚ հուշեին նրան իր հերթին այդ մասին հուշելու օրենսդիրներին, անշուշտ, եթե ինքը նախապես գլխի էր ընկել:
Այնուհետեւ, ճանաչված ու փորձված իրավագետը, նպատակադրած շեղումը համարելով իրագործված, սկսեց իրեն հարազատ լրատվամիջոցներով հյուսել իր սարդոստայնի 2-րդ շերտըՙ այս անգամ դատարանի, դատավորի դեմ, սաստկացնելով ճնշումը վերջինիս վրա: Առնվազն 10-15 օր ուշացումով Վլ. Նազարյանը սկսեց մեկնաբանել համաներման օրենքը եւ դրա կիրառման շրջանակները, եւ առաջիկա օրերին շարունակելու է նույնն անել:
Մինչ այս, մինչ այդՙ աչքի ընկավ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որը մինչեւ հոկտեմբերի 27-ի ողբերգությունն աչքի չէր ընկել ոչ արտադրության ոլորտում եւ ոչ էլ քաղաքական ասպարեզում: Անցյալ շաբաթ օրը ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նա հնչեցրեց իր կրեչենդոնՙ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներից ոմանց վրա համաներումը տարածելն «արդեն մարդասիրական ակցիա չէ: Սա արդեն ահաբեկչության հովանավորում է»: Ավելինՙ սա «այն բանի վկայությունն է, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ իշխանությունները հովանավորում են ահաբեկչությունը»: Ոչ ավել, ոչ պակաս: Մարդն ուզում է ասել, որ այս համաներումը, որը տարածվելու է 1300-2000 հոգու վրա, նախաձեռնվել ու կազմակերպվել է նույնինքն Ռոբերտ Քոչարյանի կողմից, որպեսզի ազատ արձակվեն հոկտեմբերի 27-ի ամբաստանյալներից 6-ը (ավելի շուտՙ 3-ը, քանի որ Ստ. Դեմիրճյանի կարծիքով, պարտականությունների մեջ թերացած 3 ոստիկաններին գուցե իրենք միջնորդեին ազատելու): Սրանից անդին ՀԺԿ առաջնորդին մնում է եւս մեկ, միայն մեկ քայլ կատարելՙ հայտարարել, որ Ռ. Քոչարյանն է մոգոնել 1700-ամյակը, որպեսզի համաներմամբ ազատի 3 ամբաստանյալներին եւ դրանով «իշմար» տա բուն ոճրագործներին:
Անհեթեթությո՞ւն: Ոչ, տխմարությո՚ւն, որի կշիռը ճիփուճիշտ հավասար է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Նաբիեւի հայտարարությանը, թե Ղարաբաղն ահաբեկչության կենտրոն է եւ հետեւաբար.
Ես չեմ վիճարկում. կարող է դատավորն իրավունք չուներ վերոհիշյալ ամբաստանյալների վրա տարածելու համաներումը: Դա զուտ մասնագիտական հարց է, որի նկատմամբ անհրաժեշտ է համապատասխան մարմնի պաշտոնական եզրակացությունը: Սակայն հոկտեմբերի 27-ի դատավարության արտադատարանական այս շահարկումը հետզհետե վտանգավոր է դառնում եւ սպառնում է Ն. Հունանյանի եւ նրա ոճրախմբի քստմնելի գործը շարունակել եւ լրումին հասցնել: Պահն է զգաստանալու: Միշտ մտաբերենք, թե նման դեպքում իրեն ինչպես կպահեր իմաստուն եւ արժանապատիվ ղեկավարըՙ Կարեն Դեմիրճյանը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ