ԲԱՔՈՒ, 26 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը բոլոր հնարավորությունները կօգտագործի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման, երկուշաբթի օրը Բաքվում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւըՙ ելույթ ունենալով երկրի զինուժերի օրվան նվիրված հանդիսավոր ժողովում, որը նշվում է այսօր: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մալթայում ավարտված հանդիպման արդյունքները, պետության ղեկավարը նշել է, որ շարունակվել է փոխզիջումների հիման վրա ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների որոնումը:
Չնայած հակամարտության կողմերը տակավին չեն կարողացել համաձայնության գալ փոխզիջումների շուրջ, ընդգծել է նա, համանախագահները լրացուցիչ ջանքեր են գործադրում դիրքորոշումների մերձեցման համար: Միեւնույն ժամանակ Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ «եթե խաղաղ բանակցություններն արդյունքներ չտան, ապա ադրբեջանական բանակն ընդունակ է ազատագրել բռնազավթված հողերը եւ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»: