«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2001-06-23 | #117, 2001-06-26 | #118, 2001-06-27


«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽԱՂՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ»

Ասում է արգելված «Առաքինություն» կուսակցության նախագահ Քութանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ինչպես նախորդ համարում տեղեկացրել էինք, հունիսի 22-ի որոշմամբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը երկրում արգելեց իսլամական «Առաքինություն» կուսակցության գործունեությունը: Հիշեցման կարգով նշենք, որ քաղաքական այս կազմակերպությունը նույն ճակատագրին արժանացած «Բարօրություն» կուսակցության հենքի վրա 1997 թ. դեկտեմբերի 17-ին է կազմավորվել: Ուրեմն, նա գոյատեւեց շուրջ 3,5 տարի եւ 26 ամսվա դատավարությունից հետո պարտավորվեց հեռանալ քաղաքական ասպարեզից:

Արգելելու որոշումն անձամբ հրապարակեց դատարանի նախագահ Մուսթաֆա Բումինը: Հատկանշական է, որ 1997 թ. «Բարօրություն» կուսակցության արգելումն էլ Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակով հրապարակել էր Թուրքիայի Հանրապետության ներկայիս նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Ինչպես երեւում է, որոշման առումով դատարանի համար կարեւորը ոչ այնքան «Առաքինություն» կուսակցության գործունեությունն էր, որքան նրա արգելման պայմանավորումը Մեջլիսի ինչպես համընդհանուր, այնպես էլ միջանկյալ ընտրությունների բացառումով:

Ահա թե ինչու դատարանն արգելելով հանդերձ «Առաքինություն» կուսակցությանը, միանգամայն մերժեց «Բարօրություն» կուսակցության իրավաժառանգորդը լինելու մեղադրանքը, որ գլխավոր դատախազությունն էր նրան հարուցել: Մերժումն արձանագրվեց որոշման մեջ, որպեսզի նոր կուսակցություն հիմնադրելու իրավունքից չզրկվի Մեջլիսում «Առաքինություն» խմբակցությունը: Ի դեպ, որոշմամբ խմբակցության անդամներից միայն տկն Նազլը Ըլըջաքն ու Բեքիր Սոբաջին վտարվեցին Մեջլիսից, մնացածներըՙ 100 պատգամավոր, ստացան անկախականի կարգավիճակ:

Ըստ երեւույթին նրանք մտադիր են առաջիկա շաբաթներին պահպանել այդ կարգավիճակը: Ինչ վերաբերում է նոր կուսակցության ձեւավորմանը, դա հավանաբար տեղի կունենա Մեջլիսում «Ընտրությունների եւ կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո միայն: Այլապես «Առաքինություն» կուսակցության խմբակցությունը մինչեւ խնդրո առարկա օրենքի քննարկումը Մեջլիսին չմասնակցելու որոշում չէր կայացնի: Խմբակցության անդամները ոչ միայն որոշում կայացրին, այլեւ հունիսի 25-ին Մեջլիսի լիագումար նիստում հայտարարելով այդ մասին պաշտոնապես, լքեցին նիստերի դահլիճը:

«Առաքինություն» կուսակցության արգելումը հօգուտ կառավարող կուսակցությունների Մեջլիսում փոխեց քաղաքական ուժերի հաշվեկշիռը: Քանի որ նա էր գլխավորում ընդդիմությունը, վճռականապես ընդդիմանալով Միջազգային արժութային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից պարտավորություններ ստանձնելու եւ դրանք սիրահոժար կատարելու թուրքական կառավարության պատրաստակամությանը, ուստի արգելումով կառավարությունը ստացավ պարտավորություններից բխող օրենքները խորհրդարանում շուտափույթ անցկացնելու, ինչպես նաեւ դրանց բուն էությունը թուրք հասարակությունից անկաշկանդ քողարկելու լայն հնարավորություն: Միաժամանակ կառավարող կուսակցությունների առջեւ բացվեց «Առաքինություն» կուսակցության անկախացած պատգամավորներին իրենց խմբակցության շարքերն ընդգրկելու հեռանկարը:

Հեռանկարի առումով, ըստ ամենայնի, գերադասելին «Ազգայնական շարժում» կուսակցությունն է: Համենայն դեպս, դրա ղեկավար Դեւլեթ Բահչելին հայտարարեց, որ իր խմբակցությունը բաց է այն բոլոր պատգամավորների համար, ովքեր ցանկություն ունեն անցնել նրա շարքերը: Թե ի՞նչ արձագանք կստանա Բահչելիի կոչը, ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է սակայն, որ «Առաքինություն» կուսակցության 100 պատգամավորի պատգամավորական լիազորությունները պահպանելիս Սահմանադրական դատարանն առաջնորդվել է ինչպես թուրքական կառավարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի, այնպես էլ Արեւմուտքի եւ ՄԱՀ-ի ու ՀԲ-ի պահանջներով:

Որքան էլ վարչապետ Էջեւիթը, փոխվարչապետներ Յըլմազը եւ Բահչելին հրապարակավ հայտարարեն, թե չեն կարող հավանություն տալ երկրում որեւէ քաղաքական կուսակցության գործունեության արգելմանը, այնուամենայնիվ դատարանի որոշումը նրանց միանգամայն բավարարում է: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է որոշմամբ Թուրքիայում խորհրդարանական որեւէ ընտրության բացառմանը, ինչը բացառում է դրա արդյունքում կառավարության հնարավոր տապալումը: Հատկապես այն դեպքում, երբ կառավարության մաս կազմող Էջեւիթի «Ձախ ժողովրդավարական» եւ Յըլմազի «Մայր հայրենիք» կուսակցությունները կատարելապես, իսկ Բահչելիի «Ազգայնական շարժում» կուսակցությունը զգալի հեղինակազրկվել են երկրում:

Քանի որ ՄԱՀ-ը եւ ՀԲ-ն բազմաթիվ գործարքներ են կնքել թուրքական կառավարության հետ եւ տարաբնույթ հանձնարարականներով վերահսկում են նրա գործունեությունը, ուստի դատարանի որոշումը նրանց եւս պետք է բավարարի: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա նա ԱՄՆ-ի գլխավորությամբ շտապեց դատապարտել Թուրքիայում «Առաքինություն» կուսակցության գործունեությունն արգելելու որոշումը, պատճառաբանելով, թե դա լուրջ հարված է թուրքական ժողովրդավարության հիմքերին:

Հարցը, ինչ խոսք, ժողովրդավարությունը չէ, այլ Արեւմուտքից Թուրքիայի տնտեսական, ռազմական կախվածությունն ու թուրքական տնտեսության անմիջական վերահսկումը ՄԱՀ-ի եւ ՀԲ-ի կողմից, ընդ որում, առանց առարկության: Թուրքիայում ծավալվող տնտեսաֆինանսական ճգնաժամը կառավարությանը միանշանակ զրկել է առարկության հնարավորությունից: Հետեւաբար առարկումների պարտականությունը ինքնակամ ստանձնել էր իսլամական «Առաքինություն» կուսակցությունը: Դեռ ավելին, այդ կուսակցությունը Թուրքիային Արեւմուտքի ռազմաքաղաքական, իսկ ՄԱՀ-ի եւ ՀԲ-ի ֆինանսական աջակցության բուն էությունը բացահայտելու փորձերով ակնարկում էր, որ գլխավոր շտաբն առարկումներից անհամեմատ դժգոհ է, քան կառավարությունը:

Թերեւս վերոհիշյալ առարկումներն ակնարկների հետ համադրելու պայմաններում է, որ Սահմանադրական դատարանը քաղաքական իրավունքներից հենց Ըլըջաքին ու Սոբաջիին զրկեց: Հատկանշական է, որ եթե դատարանը դա պատճառաբանեց վերջիններիս կուսակցության գործունեության արգելմանը նպաստող գործունեությամբ, ապա թուրքական պետհեռուստատեսությունն իր պարտքը համարեց ընդգծել, որ նրանք իրենց թույլ էին տվել թուրքական զինված ուժերին վիրավորող արտահայտություններ: Ուրեմն, Սահմանադրական դատարանի որոշումից զինված ուժերի գլխավոր շտաբն առավել եւս պետք է բավարարված լինի:

Թեեւ որոշմամբ «Առաքինություն» կուսակցության մնացած պատգամավորներին քաղաքական նոր կազմակերպություն հիմնադրելու իրավունք է վերապահվում, եւ վերջիններս հայտնում են այդ իրավունքից օգտվելու իրենց վճռականությունը, այնուամենայնիվ որոշումը սրել է քաղաքական այդ կառույցի ներսում ավանդապահ եւ բարենորոգչական թեւերի միջեւ ծավալվող անհաշտ մրցապայքարը: Իսկ դա թուրք իսլամականներին մասնատելու լուրջ վտանգ է պարունակում: Գաղտնիք չէ, որ մասնատման դեպքում անխուսափելիորեն կմասնատվի նաեւ «Առաքինություն» կուսակցության խմբակցությունը: Այսպիսով, նրա հենքի վրա Թուրքիայում իսլամական մեկ կուսակցության փոխարեն կստեղծվեն մի քանիսը: Մի հանգամանք, որ ոչ մի կերպ չի կարող բավարարել վերոհիշյալ կուսակցության պատգամավորներին:

Ինչ վերաբերում է կուսակցության նախագահ Ռեջաի Քութանին, ապա նա տեղեկանալով Սահմանադրական դատարանի որոշմանը, խմբակցության արտակարգ վերջին նիստը հրավիրեց Մեջլիսում եւ ասաց. «Սա միանգամայն հակասում է ինչպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ձգտումներին, այնպես էլ ժողովրդավարության եւ բազմակուսակցական համակարգի սկզբունքներին: Թուրքիայում չկա ժողովրդավարություն: Ոմանք պարզապես ժողովրդավարության խաղն են խաղում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4