«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2001-06-23 | #117, 2001-06-26 | #118, 2001-06-27


ԱՅԴ «ՏԱՐԲԵՐ, ՏԱՐԲԵՐ» ՀԱՅԵՐԸ

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Արդեն քանիերորդ անգամ հյուրաբար ու համեմատաբար երկար ապրելով Գլենդեյլում, շփվելով հայ համայնքի տարբեր շրջանակների հետ, կարող եմ ինձ թույլ տալ ընթերցողին հանձնելու իմ տպավորությունները, ավելի ճիշտՙ իմ մի մտահոգությունը, որ հանգիստ չի տալիս ինձ:

Բայց նախքան այդ, երկու խոսք բուն Ամերիկայի մասին, ընդամենը մի դետալ, որն, ըստ իս, սպառիչ պատկերացում է տալիս երկրի մասին: Հիշո՞ւմ եք, նախկին ռեժիմի ժամանակ, տոն օրերին, ժեկից մարդիկ էին գալիս եւ մեր պատշգամբներից կախում սովետական դրոշը, իսկ մի քանի օր անց, տոնն անցնելուց հետո, նույն մարդիկ գալիս էին ու հավաքում դրոշները: Մինչդեռ շատ ամերիկացիների տների տանիքներին միշտ հպարտորեն ծածանվում է ամերիկյան դրոշակը, ոչ ոք նրանց չի ստիպել, իրենց սեփական նախաձեռնությունն է դա, իրենց սեփական ցանկությունը. Այս մանրուքը չէր կարող իմ հիացմունքը եւ նախանձը չշարժել, որովհետեւ դա վկայությունն է այն սիրո, որ նրանք տածում են իրենց հայրենիքի հանդեպ եւ հայրենիքն էլ, իր հերթինՙ իր քաղաքացիների: Ե՞րբ պիտի գա այն օրը, երբ հայ մարդն էլ ներքին պահանջ կունենա պատշգամբից կախելու իր երկրի դրոշը, իր եռագույնը, եւ պիտի գա՞ արդյոք այն երանելի օրը, երբ դրոշն ու մենք չամաչենք իրարից.

Բայց թողնենք ամերիկացիներին եւ դառնանք մեր ցավին:

Սկսեմ մի փոքր հեռվից: 1946-48 թթ. մեծ ներգաղթին, երբ հազարավոր սփյուռքահայեր, որոնց թվում եւ մեր ընտանիքը, հայրենիքի երազներով բեռնավորված, եկան Խորհրդային Հայաստան կոչվող երկիրը, անմիջապես զգացին պետական խտրականությունը տեղաբնակների եւ իրենց միջեւ: Դա դեռ ոչինչ, խտրականության քաղաքականությունը պետական էր, այն էլՙ ստալինյան, Ստալինի համար հայրենադարձներից շատերը «իմպերիալիզմի ագենտներ» էին, որոնց տեղը բանտն էր կամ Սիբիրը: Խտրականություն կար հենց ժողովրդի մեջ, անվստահությունՙ տեղացու եւ հայրենադարձի միջեւ, առաջին իսկ օրից գոյացել էր խորթություն եւ օտարացում, որ իներցիայով տեւեց շատ երկար տարիներ, մինչեւ որ Հայաստանում համարյա թե ախպար չմնաց, մեծ մասն արտագաղթեց հայրենիքից, եւ ես գրեցի Վահան Տերյանին նմանակելով. մի՞թե վերջին ախպարն եմ ես իմ երկրի.

Աստված է վկա, որ ես մեղադրելու ոչ մի միտում չունեմ: Պատճառները երկրի այն ժամանակվա թշվառագույն վիճակն էր, ստալինյան հալածանքները, կյանքի դժոխային պայմանները, որոնց առկայության դեպքում իսկական եղբայրն էլ ախպար կդառնար.

Ահա այս ցավալի օտարացումը տեսած մարդը չի կարող այսօր հանգիստ նայել, թե ինչ է կատարվում Ամերիկայի հայ համայնքում, հատկապես Լոս Անջելեսում: Հայաստանի այսօրվա թիվ մեկ աղետը, մեծագույն զուլումը զանգվածային արտագաղթն է, հայ հողի հայաթափումը, թշնամու դարավոր երազանքի անարյուն եւ անզեն իրականացումը, սպիտակ ջարդը, որի հեղինակն այս անգամ ոչ թե երիտթուրքն է, այլ երիտհայը, քանի որ խոսքը սոցիալական ծանրագույն վիճակի մասին չէ սոսկ, այլ այն համատարած անբարոյական մթնոլորտի, որ կոտրում է մարդու թեւերը եւ խոր հիասթափություն ու անհավատություն ծնում ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի հանդեպ:

Իսկ սփյուռքի եւ հատկապես ամերիկահայ համայնքի եթե ոչ զուլումը, ապա խիստ մտահոգիչ հարցերից մեկն է հայության տարանջատվածությունըՙ բուն ամերիկահայերի, Հայաստանից եկած հայերի, պարսկահայերի, պոլսահայերի, բեյրութահայերի եւ ինչպես Գեւորգ Էմինը կասերՙ լուսնահայերի. Սրտի խորագույն ցավով նկատել եմ, որ այս «տարբեր-տարբեր» հայերը համարյա թե շփման եզրեր չունեն, քաղաքավարի եւ մեղմ երեւալու համար այսպես ասեմՙ քիչ են առնչվում իրար, իսկ իրականում ամեն մեկը քաշված է իր պատյանի, իր ակումբի մեջ, միմյանց միջոցառումներին համարյա թե չեն մասնակցում (բացառություն է թերեւս Իրանահայ միությունը), թատերական ներկայացումների հաճախում ենՙ նայած թե թատերախումբը որտեղից է, համերգներիՙ նույնպես, գրական երեկոների, շնորհանդեսների, Հայաստանից եկած մշակույթի հայտնի գործիչների հետ հանդիպմանՙ նույնպե՚ս, նույնպե՚ս, նույնպե՚ս. Սա էլ այն բանն է, ինչ երազում էր թշնամին, եւ այդ երազը մենք սիրով ու պատրաստակամությամբ իրականացնում ենք, սկուտեղի վրա մատուցում նրան: Հետո էլ Հայ դատով ենք զբաղվում (փառք ու պատիվ Հայ դատով զբաղվող յուրաքանչյուր հայի), պահանջում ենք, որ օտարներն ընդունեն եւ ճանաչեն մեր ցավը (արդարացի ենք միանգամայն), իրավացիորեն ուրախանում, որ այսինչ կամ այնինչ երկիրն ընդունեց Հայոց ցեղասպանությունը, եւ մեկը չկա, որ մեզ ասիՙ դու ինքդ քեզ հայելու մեջ տեսե՞լ ես, գիտակցո՞ւմ ես, թե ինչ ես անում, թե ինչպես ես կտրում ծառի այն ճյուղը, որի վրա նստած ես:

Վերոհիշյալ գավառական խեղճ մարդու հոգեբանությունը որքանով է վայել մեզ եւ մանավանդՙ որքանով օգտակար: Պարզապես ամոթ է գետտո լինել Ամերիկայի պես զարգացած երկրում եւ մանավանդ փոքրիկ գետտոների բաժանել նույն ազգության շրջանակներում:

Միավորման հիմքը, ըստ իս, հայ մշակույթն է, մեր ինքնության վկայականը, մեր ներկայությունը ժամանակի մեջ, մեր անձնագիրն ու անցագիրը: Բայց արի ու տես, որ այն էլ առայժմ չի կարողանում իր դերը կատարել: Որովհետեւ ազնիվ արվեստով զբաղվող Լարք երաժշտական ընկերության կողքին, մեր մի քանի հրաշալի երգիչ-երգչուհիների, դերասանների հետ, շատ են արհեստավորները, արվեստի հնակարկատները, հայերեն բառերով թուրքերեն կլկլացնողները, հանճարեղ Կոմիտասին ամեն օր գերեզմանում զայրույթից շուռումուռ գալ ստիպողները. Թեեւ կարո՞ղ ենք արդյոք միանշանակ մեղքը գցել միայն այդ մարդկանց վրա, չէ՞ որ եթե նրանք հանդես են գալիս մեր առջեւ, նշանակում է շուկա ունենՙ հանձինս մեզ, նշանակում էՙ պահանջարկ կա: Ուրեմն, թուրքավարի կլկլում է ոչ միայն այս կամ այն երգիչը, այլ թուրքավարի կլկլում ենք նաեւ մենք: Մեր մտքում:

Իսկ ինչպե՞ս են օգտագործում Հայաստանից եկած մշակույթի գործիչների կարողությունները: Ըստ իսՙ վատ: Բայց չէ՞ որ Հայաստանը, իր անցյալ ու ներկա բոլոր այլանդակություններով հանդերձ, եղել եւ մնում է հայ մշակույթի, հայ գիտության, հայ կրթության կենտրոնը, մենք ունեցել ենք կենցաղային նախնադարյան դժվարություններ, բայց ամենաժամանակակից արվեստ ու գիտություն: Մի՞թե սփյուռքն այս մարդկանց կարիքը չունի, մի՞թե հնարավոր չէ միացնել տեղի ու եկածների մտավոր ներուժը.

Հաճախ ասում են, թե պատճառներից մեկը լեզուն է, արեւելահայերենը կամ արեւմտահայերենը, որոնք իբր ինչ-որ չափով պատնեշ են ստեղծում հայության երկու հատվածների միջեւ, թեեւ հատվածները, ըստ իս, երկուսը չեն, այլ շատ ավելի: Բայց մի՞թե Չարենցն ու Վարուժանը, Տերյանն ու Դուրյանը տարբեր պատնեշների վրա են: Մի՞թե պատմության բերումով ստեղծված երկու գրական լեզուները մեր ազգային հարստությունը չեն, եւ մի՞թե այդ հարստությունը կարելի է տարանջատվածության պատճառներից մեկը համարել: Ինչպես մեծանուն աշուղը կասերՙ խելքին աշեցե՜ք.

Զարմանալի բան է, պետք է անպայման մի մեծ աղե՞տ լինի, մի ահեղ երկրաշա՞րժ, որ մենք հիշենք, թե նույն ազգությանն ենք պատկանում եւ մեր ունեցած-չունեցած ուժերը միավորենք ու անենք նույնիսկ անկարելին: Կրկին փառք ու պատիվ մեզ: Բայց, ինչ է, խաղաղ ժամանակները հակացուցվա՞ծ են մեզՙ միմյանց արմունկն ու թիկունքը զգալու համար: Գուցե չափազանցնո՞ւմ եմ: Բայց իմ չափազանցնելն ավելի օգտակար է, քան ջայլամի պես գլուխն ավազների մեջ թաղելն ու ոչինչ չտեսնելը: Սովորենք երբեմն իրար դառը բաներ ասել: Չէ՞ որ այդ բաներն ասվում են սիրուց եւ միայն սիրուց, հապա էլ ուրիշ ինչի՞ց.

Օգտվելով առիթից, ուզում եմ իմ զայրույթը հայտնել, որ Կալիֆոռնիայի համալսարանում տեղի ունեցած արդի հայ գրականության համաժողովի առթիվ գրողների միությունում կազմակերպված ասուլիսում իմ մի արտահայտությունը, թե մեկ-երկու համալսարանական հայ դասախոսներ փոքր-ինչ վերեւից էին նայում մեզՙ որպես գավառից եկածների, մեր թերթերից մեկը, ինչպես միշտ, անամոթորեն աղավաղեց, գրելով, թե, ըստ Զեյթունցյանի, ընդհանրապես. սփյուռքահայերը մեզ վերեւից էին նայում: Հույս ունեմ, որ ինձ քիչ թե շատ ճանաչող մարդիկ կհասկանան, որ սա բացարձակ զրպարտություն է, ես չեմ ասել, մանավանդ չէի կարող ասել նման հիմարություն: Սա իմիջիայլոց:

Սփյուռքն ինձ համար հայրենիքի շարունակությունն է, առանց մեկը մյուսի այսօր դժվար կլինի ապրել: Սփյուռքում կա մեծ ներուժ, կան բազմաթիվ պայծառ մարդիկ եւ, ի տարբերություն մեզՙ հայրենաբնակներիս, այնտեղ, հայրենիքից հեռու, բնականաբար, ավելի սուր է հայրենասիրության զգացումը: Մի փոքրիկ Հայաստան է այսօր Լոս Անջելեսը, եւ այդ փոքրիկ Հայաստանում ես ուզում եմ, ինչու միայն ես, բոլորս ենք ուզում տեսնել ազգային գերխնդրի գիտակցում, որ հնարավոր է միայն միասնության դեպքում: Մանավանդ որ, փառք Աստծո, կուսակցական ներհակությունները, Սովետական Միության փլուզումից հետո, շատ են մեղմացել: Դա եւս հիմք է տալիս լավատեսորեն նայելու ապագային, եթե. Այդ եթե-ն, ցավոք, միշտ կա մեր արդի պատմության մեջ:

Սրանք են իմ մտահոգությունները, այս տարանջատվածությունն է իմ ցավը եւ իմ վախը: Այո, ես վախենում եմ այս երեւույթից, վախենում եմ, որովհետեւ սա կործանման ճանապարհ է, կարճ եւ ուղիղ ճանապարհ: Կործանող հանգամանքներ շատ կան, բայց դրանք մեզանից դուրս են, եւ մենք պետք է ամենօրյա պայքար տանենք դրանց դեմ, պահպանենք մեր ինքնությունը, մեր ես-ը, որպեսզի մեր թոքերում օդ մնաՙ ուր որ երթանք Հայաստան պոռալու (Վ. Սարոյան): Բայց կա նաեւ ինքնակործանման վտանգը, որի անգիտանալը թանկ կնստի մեզ վրա:

Ես այս ամենի մասին խոսել ու գրել եմ նաեւ Միացյալ Նահանգներում, որովհետեւ հայ գրողը հիմք ուներ ենթադրելու կամ գուցե միամտություն ուներ, կամ գուցե ավելորդ ինքնավստահություն, որ ինքը, հակառակ վերոնշված տարանջատվածությանը, պատկանում է ամբողջ հայությանը, անկախ այն բանից, թե ամբողջ հայությունն արդյոք ճանաչո՞ւմ կամ ընդունո՞ւմ է նրան: Արվեստն ու գրականությունը միավորող ուժ են եւ, հետեւաբար, արվեստագետը եւ գրողը չեն կարող հաշտվելՙ տեսնելով սեփական ժողովրդի հատվածայնությունը: Հասկացանք, կա Հայաստանի հայ, կա ֆրանսահայ, սիրիահայ, հա՚յ, հա՚յ, հա՚յ, սա մեր պատմական ողբերգությունն է, բայց այս «հայ-հայ-հայ»-ը մի՞թե պետք է գոյություն ունենա նաեւ միեւնույն գաղութի մեջ: Թող ինձ ներեն սփյուռքահայերը, որ մի պահ անկոչ հյուրի պես մտա նրանց խոհանոցը: Բայց, չգիտես ինչու, ինձ էլի մի պահ թվաց, որ մենքՙ միեւնույն ժողովրդի մի բուռ զավակներս, հարազատներ ենք եւ իրարից թաքցնելու բան չունենք:

Աստված է վկա, որ գեղեցիկ խոսքեր չեն սրանք, այլ հայ գրողի հոգուց բխած անկեղծ պոռթկում: Գուցե վաղը, ավելի սառը եւ հանդարտ գլխով, չգրեի այս տողերը, մտածելով, թե իմ ինչ գործն է, թող ապրեն ինչպես ուզում են, եւ որպեսզի վաղը շուտ չգար, որոշեցի անմիջապես նստել եւ թղթին հանձնել իմ այս անուրախ մտորումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4