Հունիսի 22-ին բացվեց Օրանժի փառատոնըՙ Վերդիին նվիրված բացառիկ համերգով: 10 հազար հանդիսատես մեծագույն բավականությունն է ապրել հարավֆրանսիական քաղաքի բացօթյա համերգին ունկնդրելով Վերդիի «Ռեքվիեմը»ՙ Ֆրանսիայի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ռադիոյի երգչախմբի կատարմամբ, որ ղեկավարել է աշխարհում այսօր մեծ ճանաչում ունեցող մաեստրո Չունգը:
Ըստ մամուլի, համերգը հիշարժան է եղել նաեւ այնպիսի անուններով, ինչպիսիք ենՙ Ռոբերտո Սկանդիուցին (բաս), Բեատրիս Ուրիա-Մոնձոն (մեցցո-սոպրանո), Ռոբերտո Ալանիան (տենոր), Հասմիկ Պապյանը (սոպրանո): Մեզ համար զարմանալի, բայց առավել հաճելի է այն հանգամանքը, որ ընդամենը 3 շաբաթ առաջ մայր դարձած մեր հայրենակցուհին արդեն բեմ է վերադարձելՙ անակնկալ մատուցելով Փարիզում մարտի 29-ին Վերդիի իր «Ռեքվիեմն» ունկնդրած այն բազմաթիվ երկրպագուներին, որոնք թեպետ կասկածանքով, այդուհանդերձ տոմս էին պատվիրել նրան 2-րդ անգամ Օրանժում ունկնդրելու եւ... չէին «խաբվել»:
Ան. Հ., Գերմանիա