«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2001-06-23 | #117, 2001-06-26 | #118, 2001-06-27


ՀՈԳԵՎՈՐՆ ԱՐԹՆԱՑՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ավանդական կդառնա՞ արդյոք հայ հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնը

Հայաստանում քրիստոնեության ընդունման հոբելյանին նվիրված հերթական միջոցառումըՙ հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնը, որի կազմակերպիչը 1700-ամյակի պետական հանձնաժողովն է, հունիսի 24-ին իր բացումն ազդարարելով «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, մինչեւ հուլիսի 3-ը կընթանա նաեւ Երեւանի այլ բեմահարթակներում, Արցախում: Այս տարի փառատոնի շրջանակներում կընդգրկվեն նաեւ Կոմիտասյան օրերը, տեղի կունենա միջնադարյան հոգեւոր երաժշտությանը նվիրված միջազգային գիտաժողով: Ինչպես տեղեկացանք հայ հոգեւոր երաժշտության պետական կենտրոնի տնօրեն, դիրիժոր Զավեն Վարդանյանից, որի ղեկավարած կառույցին կից նորաստեղծ երգչախումբը եւս մասնակցելու է փառատոնին, համերգային այս օրերի ընթացքում Հայաստանում են հյուրընկալվելու եւ ելույթ ունենալու հանրահայտ մի քանի համույթներՙ Մոսկվայի պատրիարքարանի երգչախումբը, Հունաստանի «Սաղմոսերգության վարպետների» երգչախումբը, Վրաստանից ու Բուլղարիայից ժամանած երգչախմբերը: Մեր երգչախումբը փառատոնում հանդես է գալու Կոմիտասի ու Եկմալյանի պատարագներից կատարումներով, հնչելու են նաեւ Կոմիտասի հոգեւոր երգերը: Երգչախմբից զատ ելույթներով հանդես կգան նաեւ մեներգիչներ Աննա Մայիլյանը, Սուրեն Զուրաբյանը, Սոֆյա Խաչատրյանը:

Հույս հայտնելով, որ հոգեւոր երաժշտության փառատոնը կդառնա ամենամյա, Զավեն Վարդանյանը հիմնավորեց նմանօրինակ միջոցառումների կարեւորությունը. «Հայաստանն իր աշխարհագրական դիրքի ու պատմական ճակատագրի պատճառով դարեր ի վեր եղել է տարբեր ազգերի ու կրոնների մշակութային արժեքների խաչմերուկ: Մշտական փոխազդեցության այդ մթնոլորտում այլոց մշակույթից շատ տարրեր ենք յուրացրել, մեծ չափով էլ յուրացրել են մեզանից: Պատմությունն, այսպիսով, մեզ սովորեցրել է տեսնել ու գնահատել ոչ միայն սեփական արժեքները, այլեւ ուրիշինը: Եվ այս հատկությունըՙ հետաքրքրությունն այլոց արժեքների հանդեպ, մինչ այսօր պահպանել ենք եւ պիտի պահպանենքՙ չկորցնելով, բնականաբար, սեփական էությունը: Այսօրինակ փառատոներ մտահղանալն ու իրականացնելն ինքնին վկայությունն է վերը ասված խոսքերի: Մենք հոգեւոր հարուստ ավանդույթներ ունեցող ազգ ենք եւ, չնայած այժմյան դժվարություններին, շարունակում ենք այդպիսին մնալ, քանզի եթե խորությամբ վերլուծենք մեր էությունն ու արմատները, այսօր էլ կհամոզվենք, որ բարձրագույն արժեքն, այդուհանդերձ, մեզ համար հանդիսանում է հոգեւորը: Որպես արվեստագետ, հավատում եմ, որ այդպես է: Մեր հոգեւոր ժառանգությանն անդրադառնալով, այսօր մեր հերթական վերածնունդն ենք նախապատրաստում: Առանձնապես ուրախ եմ ու ոգեւորված, որ այսօրինակ միջոցառումն առաջին անգամ անցկացվում է պետական հովանավորությամբ ու պետական մարմնի կազմակերպմամբ. այս կապակցությամբ կցանկանայի առանձնապես կարեւորել 100-ամյակի պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանի ջանքերը»:

Բացի փառատոնին մասնակցելուց, ինչո՞վ են զբաղված հոգեւոր երաժշտության պետական կենտրոնում: Զ. Վարդանյանի պատասխանից տեղեկացանք, որ ծրագրվում է ակադեմիական հրատարակությամբ լույս ընծայել հայ հոգեւոր երաժշտության ամբողջական պատմությունըՙ սկզբից մինչեւ մեր օրերը (այդպիսին առայժմ չկար): Աշխատանքային խմբում ընդգրկված են արվեստագիտության դոկտոր Աննա Արեւշատյանը, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, Աստղիկ Մուշեղյանը եւ ուրիշներ: Ծրագրվում է հրատարակել նաեւ մի մատենաշար, ուր հանրամատչելի լեզվով կներկայացվեն բոլոր հայ շարականագիրները:

Ա. ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4