«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2001-06-23 | #117, 2001-06-26 | #118, 2001-06-27


ՓՈՐՁԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՉԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԻՑ

Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի պրեմիերան

Շաբաթ օրը, հունիսի 23-ին, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի պրեմիերան: Առաջին դիտումը Կինոյի տանը եղել էր մեկ շաբաթ առաջՙ հունիսի 16-ին: Վերջին մեկ տարվա ընթացքում «Հայֆիլմ» կինոստուդիան արդեն երկրորդ ֆիլմի պրեմիերան է ներկայացնում (առաջինը Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսն» էր): «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ավելին չարժե ասել, թերեւս միայն այն, որ այս կարճ ժամանակում մեր ստուդիան գեղարվեստական երկու լուրջ գործ է ներկայացնում: Իսկ որակի մասին թող դատեն արվեստաբանները, նրանք, ովքեր հասկանում են կինոն»: Նորՙ «Լռության սիմֆոնիա» ֆիլմի սցենարի հեղինակն ու բեմադրիչը Վիգեն Չալդրանյանն է, սցենարի համահեղինակըՙ Գուրգեն Խանջյանը, բեմադրող օպերատորըՙ Արտո Մելքումյանը, կոմպոզիտորըՙ Գարի Քյոսայանը: Պրոդյուսերներն են Վիգեն Չալդրանյանը, Գեւորգ Գեւորգյանը, Լեւոն Ֆարմանյանը (ASHB Արդշինբանկ), Ժերար Վոժուան եւ Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա): Ֆիլմում նկարահանվել են Միքայել Պողոսյանը, Ժան Պիեռ Նշանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Նինո Կասրաձեն, Վլադիմիր Մսրյանը, Բարբարա Բրիլսկան, Հովհաննես Բաբախանյանը, Նարինե Ալեքսանյանը եւ ուրիշներ:

Զարթնում ենք, ուտում ենք, խմում ենք, սոված ենք մնում, սիրում ենք իրար, ատում ենք, բամբասում ենք, քնում ենք, զարթնում ենք. Կուտակում ենք, գողանում ենք, շնանում, հարբում, ոտքի տակ թողնում Տիրոջ պատվիրանները. Բայց հանկարծ գալիս է մի պահ, երբ ինքդ քեզ պատասխան ես տալիս. ի՞նչ եմ թողնում այս աշխարհին: Չես մտածում, թե ինչ ես տանում, թողածիդ մասին ես խորհում:

Ահա այսպես, այսպիսի մտածումի առաջ է կանգնում Ամերիկայից Հայաստան եկած Քրեյզը, որն, ի վերջո, ամերիկացի է միայն իր բնակության վայրով: Նա ինքը Կոնդի Գժոն է, որը տարիներ առաջ փախել է Խորհրդային Միությունից եւ այժմ վերադարձել է իր երկիրըՙ Հայաստան: Եկել է մի քանի օրով: Սակայն մնում է ընդմիշտ, որովհետեւ կանգնում է դաժան հարցադրման առաջ. «Ես ի՞նչ եմ թողնելու»: Ինքը գիտիՙ իրեն հաշված ժամանակ է մնացել, անբուժելի հիվանդությամբ է տառապում: Ու ահա, երբ Ամերիկա վերադառնալու տոմսն արդեն գրպանում է, պարապությունից մասնակցում է սեփականաշնորհման մի ակտի, մի աճուրդի, որտեղ գործարանների հետ վաճառվում-սեփականաշնորհվում է նաեւ հոգեբուժարանը: Ու Քրեյզը գնում է այդ հոգեբուժարանը: Տարիներ առաջ ինքը եղել է այստեղ: Հուշեր ունի, թեեւ դառըՙ բայց հուշեր են, իր կյանքն է: Ու մնում է, մնում է այստեղՙ Հայաստանում, մնում է հոգեբուժարանում: Ու ամեն ինչ ծավալվում է այս հոգեբուժարանում:

«Աշխարհը լի է կործանումներով, աշխարհը լի է մուլուցքով վայրի.». Ռազմիկ Դավոյանի տողերը հիշեցի, երբ նայում էի այս ֆիլմը: Բայց վայրի մոլուցքն ու կործանումները դրսում են, հոգեբուժարանի պատերից դուրս: Այստեղ «բառերն ու հնչյունները գալիս են ու անցնում, իսկ լռությունը մնում է: «Կարողացեք լսել ձայնը լռության», ասում է երաժիշտը (Վլադիմիր Մսրյան): Կարողանանք լսել, որպեսզի լուցկիներով ավերված քաղաքներ չսարքենք, որպեսզի Հովհաննես Բաբախանյանի հերոսը չասի. «Քաղաքը պիտի շինվի՞, թե՞ չէ: Քաղաքը պիտի շինվի: Բայց լուցկիներով քաղաք չի շինվում: Գոնե երկու քար տվեք, գոնե երկու քար, եւ ես քաղաքը կշինեմ»:

Գի՞ժ ենք, խելագա՞ր, հոգեկան հիվա՞նդ: Ո՞վ: Մեզանից ո՞վ: Փող մուրացող փոքրիկ տղա՞ն, որ մեկ-երկու դրամ ստանալու համար ինքը երգում, ինքը պարում է, ավելինՙ Պարույր Սեւակ է արտասանում: Կոնդի Գժո՞ն էր գիժ, որի մասին խոսելիս հարեւանները միշտ միայն չար խոսքեր ունեն («Իր մեջ լավ բան չկա՞ր», հարցնում է Քրեյզ անունով Հայաստան վերադարձած նույն ինքըՙ Գժոն: «Խելք ուներ», հենց այնպես, որպես ողորմություն նետում են այժմ արդեն նախկին հարեւանները): Խելագա՞ր, հոգեկան հիվա՞նդ է նկարիչը (Կարեն Ջանիբեկյան), որն իր ամենալավ նկարը ստեղծելու համար կին է ուզում, «մեծ կրծքերով կին»: Ու հետո սիրում է իր բնորդուհուն, այդ բնորդուհին իրեն զավակ պիտի պարգեւի:

Խոսում ենք, գրում ենք չարությամբ, գրում չարության մասին: Տասնամյակներ, հարյուր, երկու հարյուր, հազար տարի հետո մեր մասին կմտածեն, որ ապրել ենք չարության դաշտում, ուրիշ բան չենք տվել ու ստացելՙ չարությունից բացի: Բայց այդպե՞ս է: Ոչ: Վիգեն Չալդրանյանը գալիս է դա հերքելու: Եկել է, հերքել է, հերքում է: Իր նախորդ ֆիլմերով նաեւ («Ապրիլ.», «Ձայն բարբառոյ.», «Kyrie eleison (Տէ՚ր, ողորմեա)», «Կռունկ, ուստի՞ կուգաս»): Այս ֆիլմովՙ հատկապես:

Ֆիլմի պրեմիերայից առաջ, «Մոսկվա» կինոթատրոնում Սոս Սարգսյանն ի մասնավորի նաեւ ասաց. «Ուզում եմ հավելել Վիգեն Չալդրանյանի ֆիլմի բարությունը, բարություն տարածելու տենչը»: Բարության խորհրդանիշներ են Չալդրանյանի հազվագյուտ բացառությամբ բոլոր հերոսները (պիտի լինեին, չէ՞, մեկ-երկու չարերը, որ բարությունը կշռվեր-չափվեր): Միքայել Պողոսյանի Քրեյզ-Գժոն եւ Նինո Կասրաձեի Կինը ծանրությունն իրենց ուսերին են առել եւ Վիգեն Չալդրանյանի մաքսիմն են բացատրում: Կարողանում են, համոզում են: Առանց ավելորդ ճիգերի եւ սեթեւեթանքների (նկատենք, որ ծայրահեղ իրավիճակներում գտնվող կերպարները, եւ նույն այդ ծայրահեղ իրավիճակները չափի զգացումը պահել են: Սա հաղթանակ է, եթե հաշվի առնենք հայ «կինոյի» այսօրվա երկու շուկանՙ երեւանյանը եւ լոսանջելեսյանը): Դրամատիկ խառնվածքի տեր Միքայել Պողոսյանը եւ հայ կինոյի համար հայտնություն Նինո Կասրաձեն իրենց կերպարների խենթությունը խելապակասության չեն հասցնում: Ճշմարիտ է, մարդկային, քրիստոնեական մաքսիմներ են մեզ թելադրումՙ առանց պարտադրանքի: Ինքներս մեզ պիտի կարողանանք փրկել: Փրկվենք ոչ թե հակադրվելով այս աշխարհին ու այս ժամանակին, այլ այս աշխարհի ու այս ժամանակի մեջ մեր տեղը գտնելով:

- Վաղուց ի վեր մոռացել ենք մշակույթի իսկական առաքելությունը մեր զրույցի ժամանակ ասաց «Լռության սիմֆոնիա» ֆիլմի հեղինակ Վիգեն Չալդրանյանը, որովհետեւ մեզ մոտ վերջին 10 տարում ստեղծվեց մի արվեստ, մի մշակույթ, որը գոհացնում է միայն ներքին շուկային: Գտնվեց նաեւ Լոս Անջելեսի հայության շուկան: Ու ահա, սրանով, այս երկու շուկայի թելադրանքով ֆիլմեր արվեցին ու արվում են: Բայց իսկական մշակույթը շատ ավելի մեծ նպատակներ ունի: 70 տարի մենք անվերջ մեզ գովում էինք: Վերջին 10 տարում մենք մեզ միայն ձաղկում ենք: Այսպես շարունակել այլեւս չի կարելի: Ամեն ինչի չափն ենք կորցրել.

.Այս ֆիլմի մասին, անշուշտ, դեռ էլի կխոսվի: Հուսանք, որ իրենց խոսքը կասեն մասնագետ կինոգետները: Նշենք միայն, որ երկու տարուց ավելի տեւած այս ֆիլմը գումարով չի նկարվել, մարդկային տաղանդով ու նվիրումով է ստեղծվել: Այս է «Լռության սիմֆոնիայի» իրական արժեքը:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4