«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2001-06-23 | #117, 2001-06-26 | #118, 2001-06-27


ՎՐԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԼԻԲԱՆԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է

Իր մարզական կարիերայի ընթացքում Աննա Գասպարյանը զգալի հաջողությունն է հասել: Նա բազմիցս չեմպիոնուհի եւ մրցանակակիր է դարձել Վրաստանի եւ Հայաստանի առաջնություններում, Խորհրդային Միության պատանեկան եւ երիտասարդական առաջնություններում, Համահայկական խաղերում:

Աննա Գասպարյանը 1995 թ.-ից Բեյրութում էր գտնվում եւ հինգ տարի շարունակ փաստորեն անպարտելի էր Լիբանանի կանանց առաջնություններում: Այս օրերին նա Երեւանում է: Հանդիպելով Աննա Գասպարյանին, հարցրեցինք թե ինչպե՞ս է տեսնում համաշխարհային լայն ժողովրդականություն վայելող այս մարզախաղի իրավիճակը Հայաստանում եւ լիբանանահայ գաղթօջախում:

«Ինձ թվում է, որ մի շարք փոփոխություններից հետո Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ղեկավարությունում (նոր նախագահ է ընտրվել Հարությունյանը) մարզաձեւը զգալի առաջընթաց է ապրում: Ճիշտ էՙ առայժմ ֆեդերացիան բարձրորակ խաղադաշտեր չունի եւ ֆինանսական բազմաթիվ հարցեր կան, բայց եւ այնպեսՙ հույսերը մեծ են, որ թենիսը մեր հայրնիքում վերականգնվի: Այն ճիշտ ճանապարհի վրա է գտնվում, ասում է թենիսիստուհին: Իսկ լիբանանահայ ակումբները հետաքրքրություն չեն ցուցաբերում մեր մարզաձեւի հանդեպ: Ես խաղում եւ մարզվում եմ արաբական ակումբներում, որոնք անհրաժեշտ բոլոր պայմանները տրամադրում ենՙ հակառակ, որ կանանց թենիսի խաղամակարդակը մեծապես զիջում է տղամարդկանց թենիսի մակարդակին: Ճիշտ է, Escape ակումբում որպես խաղացող-մարզիչ հարգված եմ եւ հեղինակություն եմ վայելում, սակայն երազս է ի վերջո վերադառնալ մայր հայրենիք եւ այստեղ պրոֆեսիոնալ ակումբ բացել»:

Իսկ թե ինչպիսի մաղթանքներ է հղում հայրենիքի եւ սփյուռքի թենիսի երկրպագուներին, որոնց մեծ քիչ չեն եղել նաեւ տաղանդաշատ թենիսիստ-թենիսիստուհիները, Աննա Գասպարյանը ժպտալով պատասխանում է. «Ուրախալի կլիներ, որ շատ մարդիկ սպորտով զբաղվեին եւ նրանցից շատերն էլ ոչ միայն սիրողական, այլ պրոֆեսիոնալ թենիս խաղային: Այս մարզաձեւը մեծ եկամուտ է բերում աշխարհի շատ ու շատ երկրների մարզական շարժմանը, եւ այն ամեն հիմք ունի նաեւ զարգանալու Հայաստանում»:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4