«Այսօրվա հանրահավաքի ժամանակ մանրամասն պետք է խոսենք երկրի կլանային համակարգի եւ Ռոբերտ Քոչարյանի դերի մասինՙ այդ կլանային համակարգում», Ազատության հրապարակում հունիսի 28-ին, ժամը 18:00-ին լրագրողներին հերթական «դասի» թեման ծանուցեց Ազգային համաձայնության ճակատի (ԱՀՃ) ղեկավար Աշոտ Մանուչարյանը: Թե ինչո՞ւ էր նա լրագրողներին պատրվակ բերելով իր «գաղափարակիցների» հետ հանդիպում-հանրահավաքը կազմակերպել Ազատության հրապարակում եւ ոչ թե, ասենք, ԱՀՃ գրասենյակում, կարծում ենք բոլորին պարզ է:
«Եթե մենք թույլ տանք, որ այս սանձարձակ քաղաքականությունը շարունակվի, այս ամենն ավարտվելու է ժողովրդական բունտով», հայտնեց ԱՀՃ խոսնակը: Ուստի, «բունտ» թույլ չտալու նպատակով, ուսումնասիրել էր իշխանափոխություն իրականացնելու «բալանսների իրավական մեխանիզմները» եւ չէր կասկածում, որ դրանից օգտվելով անպատճառ կհասնեն իշխանափոխության: «ԱՀՃ-ն շարունակելու է իր գործունեությունըՙ հասնելու այս իշխանության ապամոնտաժմանը եւ հաստատելու է նոր ժողովրդական իշխանություն, եւ դա անելու է շատ կարճ ժամանակահատվածումՙ ստորագրահավաքներով», սպառնաց «ժողովրդական գործիչը»:
Այդուհանդերձ ավելորդ չհամարեց լրագրողների միջոցով կոչ անել բոլոր գործարարներին, որպեսզի չհամագործակցեն Ռ. Քոչարյանի հետ: Առաջարկեց նաեւ գլուխ խոնարհել ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության», Կոմկուսի առջեւ, որոնք ի պատիվ իրենց տապալեցին մեր «հանրապետության ու ժողովրդի դեմ ուղղված այնպիսի մի հանցագործ» օրենք, ինչպիսին «Պետական ծառայողի մասին» օրենքն է: «Հանուն Հայաստանի Հանրապետության» հրապարակեց նաեւ «ժողովրդի թշնամիների անուններըՙ ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան, Ալվարդ Պետրոսյան, Կոմկուսիցՙ Յուրի Մանուկյան, ԱԺՄ-իցՙ Ֆիլարետ Բերիկյան, ՀՀԿ-իցՙ Տիգրան Թորոսյան:
Հայաստանի «ամենաժողովրդական» մարդը կլանային համակարգի դեմ իր զայրույթից մեծագույն բաժին հատկացրեց «կլանային» ճյուղերից մեկինՙ դատարաններին, թվարկելով նրանց հակաժողովրդական, արատավոր գործելաոճը: Դրանք մանրամասնելուց պարզ դարձավ, որ դատարանների հակաժողովրդականությունը դրսեւորվել է միայն Արկադի Վարդանյանի ու Աշոտ Բլեյանի նկատմամբ: Քանի որ Ա. Մանուչարյանը «իշխանությունն ապամոնտաժելու» մեծագույն փորձ ունի, ուստի իշխանափոխության իրավական մեխանիզմների իր զինանոցից այդ պահին իսկ գործի դրեց առաջին զենքըՙ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու ստորագրահավաքի սկիզբ ազդարարելով հանրապետությունով մեկ:
«Ռ. Քոչարյանի կողմից հովանավորվող կլանային համակարգի» մյուս ակցիան սկսում է Արմենտելից: Շատ զարմանալի կլիներ, եթե այս կարեւորագույն «ակցիան» Ա. Մանուչարյանն իրականացներ միջազգային ուժերին անտեսելով: «Պատրաստել ենք ժողովրդի ուղերձն ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ակնկալում ենք նրա աջակցությունը, քանի որ այս հանցավոր գործունեությունը միջազգային բնույթ է կրում», հավելեց ԱՀՃ ղեկավարը:
Ի վերջո, ո՞ւմ է բերելու իշխանության պրն Մանուչարյանը եւ, ամենակարեւոր հարցըՙ իշխանության մեջ իրեն տեսնո՞ւմ է, թե՞ ինչպես միշտ իր գործը միայն իշխանափոխություն իրականացնելն է: Ա. Մանուչարյանն իր իշխանության գալու մասին խոստումներ չտվեց, բայց համոզիչ տոնով ասաց, որ կբերի ՀԺԿ-ին, «Հանրապետությանը», «Ազգային միաբանությանը», Կոմկուսին եւ մի շարք քաղաքական գործիչների, որոնց անունը չհրապարակեց, թերեւս վախենալով նրանց ժողովրդականության անժամանակ կորստից: Չէր կասկածում նաեւ, որ նրանք սիրով կհամաձայնեն ստանձնել իշխանությունը, ավելի ստույգՙ «շողուլի կբերեն, կքանդեն Ռ. Քոչարյանի կլանային համակարգը»: Պրն Մանուչարյանը միայն չներկայացրեց, թե ե՞րբ է պատրաստվում իշխանության բերել, ասենք, ՀԺԿ-ին եւ «Հանրապետությանը», որոնք այս պահին իշխանական լծակներին տիրապետող քաղաքական ուժերն են: Կամՙ եթե նրա պատկերացմամբ, իշխանություն ասվածը միայն հանրապետության նախագա՞հն է, ապա ումո՞վ է ձեւավորվել իր ասած կլանային համակարգը:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ