Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին երեկ մասնակցում էր նաեւ ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, որն օրերս հերթական անգամ այցելել էր Մոսկվա: Նրան ուղղված առաջին հարցը վերաբերում էր Ռուսաստանի մայրաքաղաքում վարած բանակցություններին:
- Բանակցությունները բավականին հաջող էին: Դա արդյունք էր վերջին կես տարվա ընթացքում իրականացվող անընդհատ շփումների: Ինչպես գիտեք, 1-2 ամիսը մեկ մեկնում էի Մոսկվա: Գազի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք դուրս եկանք զրոյական իրավիճակ: Մեր պարտքը գազի դիմաց կազմում էր 8,3 մլն դոլար, մյուս կողմից «Հայռուսգազարդի» մյուս մասնակիցներիՙ «Իտեռայի» եւ «Գազպրոմի» այսպես կոչված կանոնադրական գազի պարտքը 9 մլն դոլար: Որոշեցինք կատարել հաշվանցում, ինչի արդյունքում մենք այլեւս պարտք չունենք մեր գազամատակարարին:
Հաջորդ հարցը, որի շուրջ պայմանավորվեցինք «Իտեռայի» հետ, գազի ծավալների մեծացմանն էր վերաբերում: Դա պետք է կատարվի հուլիսի առաջին տասնօրյակում, երբ կկանգնեցվի ատոմակայանի աշխատանքը: Սակայն փոխարենը մենք վճարումների համար համապատասխան երաշխիքներ տվեցինք:
Ատոմային վառելիքի հին պարտքը 16,95 մլն դոլար է: Այն վերակառուցվեց: Պայմանավորվեցինք, որ նոր վառելիքի ձեռքբերման համար մենք պետք է 4 մլն դոլար ավանս մուծենք, իսկ մնացած մասը վճարենք 90 օրվա ընթացքում: Հին պարտքը պետք է մարվի այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերից մինչեւ 2002 թ. հունիս-հուլիսը:
- Հայ-վրացական էներգետիկ համագործակցության մասին ի՞նչ կասեք:
- Ընդհանուր առմամբ մենք ունենք բարեկամական, բարյացակամ մոտեցումներ, գործնական աշխույժ հարաբերություններ: Օրինակ կարող եմ բերել անցած ձմեռը, երբ կարողացանք աջակցել վրացական էներգահամակարգին իրենց ճգնաժամի ժամանակ:
Սակայն ունենք նաեւ խնդիրներ, որոնց վերաբերյալ պետք է գտնել փոխզիջումային լուծումներ: Առաջին խնդիրը մեզ ունեցած 4,4 դոլարի պարտքն է, որ ստեղծվել է 1998-99 թթ.-ին Հայաստանից մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց: Վրացական կողմը վերակառուցեց մի ընկերություն, որը պետք է վճարի այս պարտքը, եւ մենք նրա հետ պայմանագիր կնքեցինք: Արդեն 300 հազար դոլար ընկերությունը փոխանցել է: Երկրորդ խնդիրը վերաբերում է Աշոցք-Նինոծմինդա էլեկտրահաղորդման գծին, որով 2000 թ. դեկտեմբերի վերջին մի քանի վրացական շրջանների, որոնք 8-9 տարի մթության մեջ են եղել, էլեկտրաէներգիա մատակարարվեց:
Սակայն ֆինանսական խնդիրը դրված է նաեւ այս դեպքում: Այսինքն ստացած էլեկտրաէներգիայի դիմաց պետք է վճարել: Խնդիրն այժմ վրացական կողմինն է: Նա պետք է նշի այն ընկերությանը, որից պետք է գումարը պահանջենք:
- Որո՞նք են ատոմային վառելիքի դիմաց վճարումներ կատարելու երաշխիքները, որ տրվել են ռուսական կողմին:
- Կառավարությունը համապատասխան որոշմամբ տվել է պետական երաշխիք, որպեսզի կարողանանք կոմերցիոն բանկից պարտք վերցնել եւ վճարել ատոմային վառելիքի գումարը:
Կարեն Գալուստյանն ի պատասխան «Ազգի» հարցի տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստան մտնող գազի ծավալը օրական կազմում է 2,5 մլն խմ: Ատոմակայանի աշխատանքի դադարեցման պարագայում այդ թիվը կկրկնապատկվի: Մեր մեկ այլՙ Իրան-Հայաստան գազամուղին ռուսական կողմի մասնակցությանը վերաբերող հարցին նախարարը չպատասխանելու թույլտվություն խնդրեցՙ պատճառաբանելով, որ այդ խնդիրներն այժմ բանակցությունների սեղանին են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ