Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով երեկ Հայաստան ժամանեց Վրաստանի պաշտոնական պատվիրակությունըՙ պետնախարարի տեղակալ (փոխվարչապետ) Կոբա Գվենեգաձեի գլխավորությամբ: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի էր ունեցել 1998 թ. նոյեմբերին, եւ այս ժամանակահատվածում հարեւան երկրների միջեւ կուտակվել են հարցեր, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հայտնեց հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը:
Ըստ նախարարի, գլխավորն էներգետիկային առնչվող ֆինանսական եւ տրանսպորտային հարցերն են: Ներկայումս Վրաստանը Հայաստանին շուրջ 16 մլն դոլարի պետական պարտք ունի եւ եւս 4,4 մլն դոլար էներգետիկ պարտք: Առաջ անցնելով ասենք, որ պետական պարտքը եւս հարեւան երկրին էլեկտրաէներգիայի մատակարարման հետեւանք է, որը հետագայում վերակառուցվել է որպես պետական պարտք: Այն մարելու նպատակով մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսների նախարարությունների քննարկումների արդյունքում, պետք է կազմվի համապատասխան ժամանակացույց:
Տրանսպորտային խնդիրներից ավտոճանապարհների եւ երկաթուղու նորոգման պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են դեռեւս հանձնաժողովի առաջին նիստում, չեն կատարվել: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի սահմանագծից Ախալքալաք գնացող ճանապարհի մասին է: Եվ ընդհակառակը, կատարվել են Վրաստանի երկաթուղով անցնող բեռների զեղչերի կիրառման, էլեկտրաէներգիայի առաքման դիմաց վճարումների վերաբերյալ կետերը:
Այս նիստի օրակարգում ընդգրկված հարցերից որպես կարեւոր նշանակություն ունեցող կարելի է առանձնացնել Բագրատաշենի շուկայի կարգավորման խնդիրը: Հայաստանն արդեն կառուցել է մաքսակետ, որն այսօր գործում է եւ որոշակիորեն կարգավորում վիճակը: Սակայն Վրաստանի տարածքում շուկան բարձիթողի վիճակում է: Երվանդ Զախարյանը նշեց, որ հայկական կողմը պետք է ձգտի, որպեսզի Վրաստանը եւս մինչեւ 2002 թ. համապատասխան քայլեր ձեռնարկի, եւ շուկան կարգավորվի:
Եվս մեկ հետաքրքրություն ներկայացնող կետ էր Վրաստանի Մառնեուլի շրջանին Դեբեդ գետից «Դեբեդավան» եւ «Հայի առու» ջրանցքներով ոռոգման ջուր մատակարարելու հարցը: Սակայն ջրի ծավալների եւ վճարումների հարցերի մանրամասն քննարկումը թողնվելու է համապատասխան գերատեսչություններին: Իսկ նիստի արդյունքները կամփոփվեն այսօր նախատեսված մամուլի ասուլիսում:
Ա. Մ.