«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ԵՐԵՎԱՆԻ 8 ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՈՒ 6 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ԿՄԻԱՁՈՒԼՎԵՆ

Հաստիքների կրճատումը կմնա բուժհիմնարկների ղեկավարների խղճին

Երեւանի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրով, որը երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց, մինչեւ տարեվերջ Երեւանի 173 հիվանդանոցների ու պոլիկլինիկաների մի մասը կկրճատվի: Մասնավորապես 43 հիվանդանոցներից 8-ը կմիավորվեն, պոլիկլինիկաներիցՙ 6-ը, հիմնականում մանկականները ընդհանուրին: Համակարգի այս բարելավման արդյունքում հաշվարկված է, որ բուժհիմնարկների մահճակալների 30-40 տոկոսը կկրճատվի, որի շնորհիվ կազատվեն ավելի քան 20 հազ. քառ. մետր շենքային տարածքներ, որից 9200-ըՙ հիվանդանոցներից, 11 հազարըՙ պոլիկլինիկաներից: Կլինի՞ նաեւ բուժհիմնարկների աշխատողների կրճատում: Այս հարցին ՀՀ առողջապահության փոխնախարար Լեւոն Յոլյանը պատասխանեց, որ ծրագրով հաստիքացուցակների կրճատում չի նախատեսվում: Բուժհիմնարկների ղեկավարներն իրենք կորոշեն, թե իրենց ինչ է անհրաժեշտ եւ ինչքան: Ընդհանրապես, ըստ փոխնախարարի, ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել բուժօգնության որակը, նաեւ այն գումարները, որոնք այսօրվա դրությամբ մտնում են համակարգ, դրանց օգտագործումը դարձնել արդյունավետ, որպեսզի բուժհիմնարկները կարողանան զարգանալ, նոր տեխնոլոգիաներ գնել, նոր ախտորոշիչ սարքավորումներ, բարձրացնել աշխատավարձերը: Թե ի՞նչ կարգի գումարներ են պտտվում համակարգում (պետբյուջեով նախատեսվածից բացի), փոխնախարարը չպատասխանեց, միայն նշեց, որ համակարգի բարելավման նպատակներից մեկը այդ «գումարների լեգալացումն է»: Համակարգի զարգացման ճանապարհներից մեկը նաեւ մուտք արվող գումարների բարձրացումն է, քանի որ, փոխնախարարի տվյալներով, բուժհիմնարկների վճարովի ծառայություններից մուտք արվող գումարները դեռ տոկոս չեն կազմում: Տեղեկացվեց, որ բուժհիմնարկներից ազատված տարածքները կմնան քաղաքապետարանի հայեցողությանըՙ հետագայում օտարելու կամ մեկ այլ լուծում տալու համար:

Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց նաեւ ավելացված արժեքի գերավճարների վերադարձման կարգը: Պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ դա վերաբերում է միայն արտահանող կազմակերպություններին, ներմուծողներին ու տեղում ԱԱՀ վճարողներին չի վերաբերում: Սահմանված կարգով կառավարությունը կանոնակարգում է արտահանողների կամ 0-ական դրույքաչափերով աշխատող տնտեսվարողների գերավճարների վերադարձման ավելի արդյունավետ ձեւը: Որոշումը վերաբերում է 2001 թ. հունվարի մեկից հետո կատարված գործարքներին: ԱԱՀ գծով ներկայումս կա 16 մլրդ դրամի գերավճարՙ բոլոր տնտեսվարողներից, եւ ներմուծող, եւ արտահանող: Նախարարի տվյալներովՙ այս կիսամյակում շուրջ 3 մլրդ-ից ավելի արդեն վերադարձվել է: Միայն այս ամիս վերադարձվել է շուրջ 812 մլն դրամ, որից 310 միլիոնըՙ «Մանես եւ Վալեքս» ընկերությանը:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4