«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ԴՊՐՈՑԸՙ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸՙ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Թեեւ գոյություն ունի խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը եւ կա պետության կողմից լիազորված մարմինՙ «Կառավարությանն առընթեր կրոնի գործերով պետական խորհուրդ», այդպես էլ չհաջողվեց ստեղծել կրոնական կազմակերպությունների գործունեության համար օրինական պայմաններ իրավական դաշտում: Զարմանալի է, որ Հայ առաքելական եկեղեցուն այսօր ավելի քիչ հնարավորություններ է տրված, քան որոշ «արտոնյալ» կրոնական կազմակերպությունների: Մինչ այսօր չհստակեցվեց Հայ առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային եւ կրթական դաստիարակության գործում, առավել եւսՙ անհայտ մնաց հայ եկեղեցի-պետություն հուշագրի ճակատագիրը:

Այլ կրոնական ուղղություններ, որոնք ուշի-ուշով հետեւում են պետության վերաբերմունքին Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, պատեհ առիթն օգտագործում են իրենց շահերն առաջ տանելու համար:

Արդեն երեք տարի Հայ առաքելական եկեղեցին փորձում է իր 1700-ամյա կրթական փորձն օգտագործել կրթական համակարգում, հոգեւոր դաստիարակություն իրականացնել արդեն իսկ խարխլվող դպրոցներում: Եղել են բազում քննարկումներ տարբեր մակարդակներում, տպագրվել են դասագրքեր, վերապատրաստվել են ուսուցիչներ... «սայլը տեղից չի շարժվում, որովհետեւ սելվորի աչքն ուրիշ տեղ է»:

Կրոնական այլ կազմակերպությունները, տեսնելով այս անորոշ վիճակը Մայր եկեղեցի-պետություն փոխհարաբերություններում, իրենց ավարը փախցնելու դիտավորությամբ զենքերն ուղղել են դպրոցների դեմ: Տարբեր խորամանկ ճանապարհներով փորձում են մուտք գործել այդ համակարգ, կատարել քարոզչություն, ձգտելով առավելագույնին, զգալով, որ պետությունն ու Հայ առաքելական եկեղեցին անպաշտպան են թողել դպրոցականներին հոգեւոր առումով:

Թեեւ օրենքն արգելում է հոգեորսությունը, բայց անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս են տարբեր կազմակերպություններ ներխուժում դպրոցներ, եւ որեւէ մեկը նրանց ձեռքը չի բռնում: Ինչո՞ւ աղանդավորները պետք է դպրոցներում երեխաներին բաժանեն ապազգային քարոզչական նյութեր եւ պատասխանատվություն չկրեն, առավել եւս, եթե գործին տեղյակ են լինում հատկապես նախարարությունում եւ բարձր ատյաններում:

Այդպիսի դեպքեր են գրանցվել Երեւանի մի շարք դպրոցներում, Աբովյանում, վերջերս նաեւ Վանաձորում, երբ Հայ ավետարանչական ընկերակցությունը երաժշտական գործիք էր տրամադրել տնօրենին, փոխարենը պահանջելով երեխաներին բաժանել 500 օրինակ իրենց գրականությունից: Սովորական առեւտուր է, շուկայական հարաբերություններ:

Իսկ «Եհովայի վկաները» ավելի արդյունավետ ձեւ են գտել Մալաթիա-Սեբաստիա թաղամասում եւ ընդհանրապես: Սկսել են այցելել հիմնականում այն բնակարանները, ուր կան դպրոցահասակ երեխաներ, հասկանալով, որ նախքան դպրոց մտնելըՙ դպրոցը նախապես գրավել է պետք:

Յուրաքանչյուր քաղաքացի, որ հարկատու է եւ իր ընտանեկան բյուջեից վճարում է պետությանը կրթական համակարգի ֆինանսավորման համար, բարոյական իրավունք ունի պահանջելու երկրի ղեկավարությունից, որ իր երեխաներին զերծ պահի հոգեորսությունից:

Հետեւաբար, ինչո՞ւ է կրթության նախարարությունը շարունակում լռել այս հարցում:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4