Հարգելի խմբագրություն
Ձեզ է դիմում Արտաշատ քաղաքի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի պարետային դասակի քիմիական ջոկի հրամանատար Գագիկ Ներսիսյանը:
Ես արդեն տարուց ավելի փնտրում եմ մի մարդու, ում ոչ մի անգամ չեմ տեսել, չեմ ճանաչում եւ չգիտեմ, թե այժմ Հայաստանո՞ւմ է ապրում, ո՞ղջ է արդյոք: Եվ քանի որ Ձեր թերթն ամենաշատ կարդացվողներից մեկն է Հայաստանում, ապա հույս ունեմ Ձեր միջոցով գտնել նրան:
Ամեն ինչ սկսվեց ավելի քան մեկ տարի առաջ, երբ ես պատահաբար ձեռքս վերցրի մի սովորական բարալիկ գիրք, որը մի քանի տարի առաջ նվիրել էին տղայիս իրենց դասարանի աղջիկներըՙ փետրվարի 23-ի կապակցությամբ: Լինելով գրքի սիրահար, որոշեցի ընթերցել կապոցի մեջ կորած ու պատահմամբ ձեռքս ընկած այդ «երեխայական» գիրքը: Եվ առաջին իսկ էջից հասկացա, որ դա բոլորովին էլ երեխայական չէ, այլ մի հսկայական աշխատություն է գիտության, ավելի ստույգՙ աստղագիտության մասին: Գիրքն այդպես էլ կոչվում էՙ «Տիեզերքն ափի մեջ»: Ես ապշած մնացի, ագահությամբ եւ ամեն ինչ արդեն մոռացած ընթերցելով շարունակությունը: Դա հասարակ աշխատություն չէր, այլ գիտության հանդեպ ունեցած սիրո, փիլիսոփայական գաղափարների վերլուծության բացառիկ կատարելություն: Մեկ ամսվա ընթացքում ընթերցեցի 6 անգամ: Մարդկային մտքի ինչպիսի թռիչք, խորաթափանցություն. իրերի կարգը երկնակամարում, ըստ իրենց կարգավիճակի դասավորելու գիտական ապացույցներ, կյանքի հանդեպ ցուցաբերված ջերմություն եւ մահվան հանդեպ սառնությունՙ տիեզերական սառնություն: Պատմական իրադարձությունների գիտական որոտ, գերխնդիրների վերլուծություն եւ ինչպիսի արագություններ, խելացնոր, տիեզերական: Հավերժական շարժում, ահռելի զանգվածներ, վիթխարի ձգողական ուժեր եւ փոքրիկ, շատ փոքրիկ, անտեսանելի, անհասանելի, անչափելիության աստիճանի տարրական մասնիկներ:
Եվ այդ բոլորն աշխատությունն է մի գերբնական մտքի տեր, գիտությանն ամբողջ հոգով նվիրված, կյանքի սիրով լցված, կենսական էներգիայով հարուստ, ըստ իսՙ նաեւ բարի, ազնիվ, իսկական հայրենասեր Գրիգոր Արամի Գուրզադյանի, որն աստղաֆիզիկոս է, եւ որի մասին ես գիտեմ միայն այդքանը:
Ես շատ մեծամեծ փիլիսոփաների աշխատություններ եմ կարդացել, բայց սա, իմ կարծիքով, մարդկային մտքի կատարելություն է, ճանաչողական գիտական-գրական արվեստ: Եվ ես հպարտանում եմ նրանով, որովհետեւ նրան համարում եմ իմ ազգի գիտության ադամանդը: Մեզՙ հայերիս համար մեծ պարծանք կլիներ, եթե «Տիեզերքը ափի մեջ» գիրքը թարգմանվեր այլ լեզուներով: Ես ուզում եմ գտնել այդ մարդուն, գիտնականին, նայել նրան, խոնարհվել նրա առաջ ու հպարտանալ նրանով, այդ հայ գիգանտով, անսահմանափակ մտքի պայծառ տաղանդով, մարդկային ներաշխարհի տիեզերական մարմինների եւ տարրական մասնիկների միջեւ եղած կապի փայլուն պարզաբանումներ տվող Գրիգոր Արամի Գուրզադյանով: Ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա մեր կառավարությունը ոչինչ չի արել, որպեսզի աշխարհը եւ մեզանից յուրաքանչյուրը ճանաչի նրան եւ պարծենա նրանով, ինչպես պարծենում ենք ազգի մեծամեծ այլ այրերով:
ԳԱԳԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Արտաշատ
Այս հրաշալի նամակ-գրախոսականի հեղինակին միանգամից ասենքՙ Գրիգոր Գուրզադյանը կա, Հայաստանում է, Գառնիի տեզերական հետազոտությունների ինստիտուտում է, շարունակում է ստեղծագործել: Նախորդ օրը այդ ինստիտուտում բացվեց «Տիեզերքի թանգարան» ցուցահանդեսը: Խմբ.