«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԹԱՏԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԻՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի «Կոլումբիա» համալսարանը անգլերեն լեզվով լույս է ընծայել «Ժամանակակից հայ թատերգություն» ստվարածավալ անթոլոգիան, որը կազմել ու խմբագրել են Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նշան Փառլակյանը եւ Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան ամբիոնի ղեկավար, անվանի հայագետ Փիթըր Քաուին:

Ժողովածուում տեղ են գտել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», Լեւոն Շանթի «Հին աստվածներ», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսները: Ժամանակակից հեղինակների գործերից ընտրվել են Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսությունը» եւ Անահիտ Աղասարյանի «Խելագարներ ամբողջ աշխարհի, միացե՚ք» գործերը:

Այս ուշագրավ եւ իր տեսակի մեջ եզակի ժողովածուն հրատարակվել է «Դոլորես Զոհրապ-Լիպման» հիմնադրամի հովանավորությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4