Ճիշտ 10 տարի առաջ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը պաշտոնական գրանցում ստացավ
1991 թ. հուլիսի 4-ին հայ ավանդական կուսակցություններից մեկըՙ Ռամկավար Ազատականը, պաշտոնական գրանցում ստացավ Հայաստանում, 4-րդ վկայականը ընդհանուր կուսակցությունների մեջ: Հաջորդող 10 տարիների ընթացքում ՀՌԱԿ-ը տեսավ ու «ապրեց» թերեւս այն բոլոր անցուդարձերը, որոնք հնարավոր են եւ պատահում են քաղաքական դաշտում, քաղաքական ուժերի հետ: 90-ականների սկզբին խորհրդարանական ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը հանդիսացող ՀՌԱԿ-ն այնուհետեւ դուրս մնաց խորհրդարանից, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներովՙ դիրքերը զիջեց քաղաքական դաշտում հայտնված այլ ուժերին, պառակտվեց, հետապնդումների ենթարկվեց, վերամիավորվեց եւ այլն: 1998-ի իշխանափոխությունից հետո կուսակցության ներքին վիճակը սկսեց կայունանալ, ներկայումս ՀՌԱԿ-ն ուժերի վերականգնման, կուսակցության շարքերը որակապես համալրելու, նորովի կայացման փուլում է: Կուսակցության 10-ամյա ուղին ամփոփելու եւ ապագայի ծրագրերին անդրադառնալու խնդրանքով դիմեցինք ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանին:
- Պրն Միրզախանյան, ՀՌԱԿ-ը երկրի քաղաքական դաշտ մուտք գործեց հույսերով ու սպասումներով լի մի ժամանակաշրջանում, երբ նոր էր հռչակվել անկախությունը: Այն ժամանակ այլ էին ժողովրդի տրամադրությունները, այլ էր նաեւ քաղաքական ուժերի դասավորությունը: Հետադարձ հայացք նետելով այն տարիներին եւ դիտարկելով այսօրըՙ ինչպե՞ս կգնահատեք կուսակցության ներքին զարգացումներն այդ ժամանակահատվածում:
- ՀՌԱԿ-ի այս տասնամյակում անցած ուղու գնահատականն ու վերլուծությունն անհնար է տարանջատել երկրում եղած եւ առկա ընդհանուր գործընթացներից, ժողովրդի հոգեվիճակից, քանի որ կուսակցությունն էլ ժողովրդի մի մասնիկն է: Իսկ ժողովուրդն, իրոք, խանդավառության, ռոմանտիզմի ու հույսերի մի ժամանակաշրջանում էր ապրում. 1991-ը նշված տրամադրությունների բարձրակետը հանդիսացավ, քանի որ այդ տարին դարձավ վճռորոշՙ հանրաքվեի միջոցով հռչակվեց երկրի անկախությունը: Ժամանակային առումով այս իրադարձությունն ու ՀՌԱԿ-ի մուտքը երկրի քաղաքական դաշտ գրեթե համընկան: Ավելորդ է նշել, թե տասնամյակներ ի վեր սփյուռքում իր հայրենիքի անկախացումը երազող ավանդական կուսակցության համար ինչպիսի նշանակություն ունեցավ անկախ պետականության հռչակումը: Ի վերջո, Հայաստանն անկախ տեսնելու ձգտումը միշտ էլ արձանագրված է եղել ՌԱԿ ծրագրերումՙ որպես կարեւորագույն դրույթ: Բացի վերոհիշյալ փաստիցՙ իրականացավ Ռամկավար Ազատական կուսակցության վաղեմի ծրագրերից եւս մեկը, որ ՌԱԿ-ի համար նույնպես չափազանց կարեւոր էր. կուսակցությունը պաշտոնապես գրանցվելովՙ վերահաստատվեց հայրենիքում: Մինչ այդ, դարասկզբին ՌԱԿ-ը, որ առաջին հանրապետության տարիներին Երեւանում եւ Թիֆլիսում կրում էր Հայ ժողովրդական կուսակցություն անվանումը, 1918-19 թթ. ընդգրկված էր Հայաստանի խորհրդարանում: Տարիներ անցՙ 90-91 թթ. ՌԱԿ-ն այսպիսով «վերադարձավ» հայրենիք:
Այն տարիների Հայաստանից մեզ մի յուրահատուկ սահմանագիծ է բաժանում: Հասարակությունն էլ այլ էր, հոգսերն ու խնդիրներն էլ: Նույն 91-ին մեզանից ոչ մեկը չէր էլ ենթադրում, որ առջեւում ցրտի ու խավարի տարիներն են, հուսախաբություններն ու արտագաղթը: Այն ժամանակ Հայաստանը պատերազմում էր հանուն Արցախի ազատագրման, քաղաքական ներքին ու արտաքին զարգացումներն էլ շատ պարագաներում անկանխատեսելի էին: Սփյուռքի ու հայրենիքի կապերն էլ, այս երկուսիՙ միմյանց հանդեպ վերաբերմունքն էլ բոլորովին այլ էր: Մասնավորեցնելով ասածսՙ նշեմ, որ մեր հասարակությունը սփյուռք հասկացությունն անմիջականորեն կապակցում էր ավանդական կուսակցություններ հասկացության հետ, այնպես որ վերոհիշյալ կուսակցություններիՙ Հայաստանում վերահաստատումը միայն ողջունվեց մեր ժողովրդի կողմից: Սփյուռքի ռամկավար ազատական շրջանակը ներկայացնող մի շարք գործարարներ 90-ականների սկզբին եկան Հայաստանՙ տնտեսական ծրագրեր իրականացնելու: Ավելի ուշ նրանք, ինչպես գիտեք, տեղական իշխանությունների խաբեությունների, վարկաբեկիչ քաղաքականության զոհը դարձան եւ ընդմիշտ դադարեցրին իրենց գործունեությունը Հայաստանում: Սակայն այդ ամենը վերաբերում է ավելի ուշ շրջանին, իսկ սկզբնական խանդավառությունն, իհարկե, անսահման էր: Այժմ արդենՙ նաեւ անդառնալի.
Այսօր մենք ավելի սթափՙ պրագմատիզմի դիրքերից ենք ընկալում մեզ շրջապատող իրողությունները, կորցրել ենք սկզբնական լավատեսությունը: Այս ամենը բացատրելի է, քանի որ վերջին տասնամյակում բազմիցս խաբվել ենք ու հուսալքվել: Որպես ՀՌԱԿ ատենապետՙ նշեմ, որ կուսակցությունն էլ բազմաթիվ հարվածների ենթարկվեց ոչ վաղ անցյալում, նախկին իշխանությունների կողմից: Այսօր, սակայն, ես ՀՌԱԿ-ի համար, ամենայն լավատեսությամբ, մեծ հեռանկարներ եմ տեսնում: ՀՌԱԿ-ն էլ, բնականաբար, այժմ այն չէ, ինչ 10 տարի առաջ էր. նոր ժամանակներ են, նոր պատկերացումներ. Եվ այդ նորնՙ իր դրական մասով, մենք ընկալել ու ընդունել ենք, հետեւաբար եւՙ առաջընթացի ճանապարհին ենք:
- Դուք տարբեր առիթներով նշել եք, որ վերջին ժամանակներում ՀՌԱԿ-ում արձանագրված դրական գործընթացներըՙ ներկուսակցական, կազմակերպական, որակական եւ այլ բնույթի, անմիջականորեն կապակցում եք 1998-ի իշխանափոխությանը: Բացի ավանդական կուսակցություններին անկաշկանդ ու անխափան գործելակերպ ապահովելուցՙ ըստ ձեզ, որո՞նք են այդ իշխանափոխության արդյունքում ՀՌԱԿ-իՙ որպես քաղաքական ուժի, ամենամեծ ձեռքբերումները:
- Նախ եւ առաջ գիտակցումը, թեՙ որպես քաղաքական ուժ անհրաժեշտ ենք այս երկրին: Նախորդ իշխանություններն ամեն քայլի դիմեցինՙ ավանդական կուսակցությունների մոտ հենց այդ գիտակցումը խաթարելու նպատակով: Նրանց ամենեւին հարկավոր չէր, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործեն հստակ գաղափարախոսություն, ավանդույթներ ու փորձ ունեցող կուսակցություններ, ուժեր: 1998-ից հետո, անշուշտ, վիճակը փոխվեց. կուսակցությունների նկատմամբ քաղաքական ճնշումները վերացան, եւ մենք ազատորեն գործելու հնարավորություն ստացանք:
- Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքական դաշտը ներկայումս հագեցած եւ նույնիսկ գերհագեցած է ամենատարբեր կուսակցություններով, դաշինքներով, խմբերով եւ այլն: Դրանցից յուրաքանչյուրնՙ անկախ հստակ գաղափարախոսություն եւ ծրագիր ունենալ-չունենալուց, իր քարոզչությունն է իրականացնում: Ո՞րն է լինելու այն ինքնուրույն, տարբերակիչ հատկանիշը, ինչի շնորհիվ երաշխավորվելու է ՀՌԱԿ-ին տրվող վստահության գործակիցը հասարակության կողմից:
- Մենք քաղաքական հաշվեհարդարներ պահանջող կուսակցություն չենք: Սրանով էլ պայմանավորված է ու պայմանավորվելու է մարդկանց վստահությունը մեր հանդեպ, քանզի ասել ենք եւ ասելու ենք, որ Հայաստանին պետք են աշխատատեղեր, ներդրումներ, տնտեսական առաջընթաց, մեկ խոսքովՙ ժողովրդի բարեկեցություն: Այս քաղաքականությամբ էլ կառաջնորդվենք հետայսուՙ գործնականում կիրառելով այն:
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ
Նկարումՙ հուլիսի 4, 1991 թ., ՀՀ արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը Ռ. Միրզախանյանին է հանձնում ՀՌԱԿ գրանցման վկայականը: