Այսօր լրանում է բրիտանական գաղութատիրությունից ԱՄՆ-ի անկախացման 225-ամյա հոբելյանը (1776 թ., հուլիսի 4): Այդ առիթով ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Ավագյանի «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչեւ 1924 թ.)» (Երեւան, ՀՀ ԳԱԱ, «Գիտություն» հրատ., 2000 թ.) աշխատությունից հատվածներ, որտեղ լուսաբանվում է հայերի նպաստը հյուրընկալ երկրի անկախության նվաճման ու պահպանման գործին: Թե՚ սփյուռքահայ գաղթօջախների եւ թե՚ ամերիկյան էթնիկ խմբերի պատմության ուսումնասիրման ասպարեզում կարեւոր ներդրում հանդիսացող այս մենագրական աշխատանքի համար հեղինակն արժանացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիայի եւ Գ. Գյուլբենկյան հիմնադրամի սահմանած «Լավագույն ասպիրանտ եւ երիտասարդ գիտնական 2001 թ.» մրցանակին եւ այժմ շարունակում է իր ուսումնասիրություններըՙ հասցնելով մինչեւ մեր օրերը:
Դեռեւս 17-րդ դարի սկզբից Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա ուղեւորված վերաբնակիչների թվում էին նաեւ առաջին սակավաթիվ հայերը: 1607 թ. Ամերիկայի հյուսիսումՙ Ջեյմսթաունում (Վիրջինիայի գաղութ) բնակեցվել են Հունգարիայից բերված հայ աշխատավորներ ու արհեստավորներ, որոնք շուտովՙ 1619 թ., իրենց այլազգ գործընկերների հետ մասնակցել են գաղութատերերի դեմ մղված «Ամերիկայում հասարակ մարդկանց իրավունքների ընդարձակմանն ուղղված քաղաքական գիտակցված առաջին ըմբոստությանը»: Ապստամբությունը բարեհաջող ավարտ է ունեցել, քանի որ աշխատավորներն ազատ են արձակվել ստրկանման վիճակից, եւ նրանց իրավունքները հավասարվել են տեղի բնակիչների իրավունքներին: Այդ նույն թվականին Վիրջինիայի կառավարչի սպասավոր, հայազգի Ջոն Մարտինը եւս ազատագրվում է եւ նույնիսկ ստանում բրիտանական հպատակությունՙ դառնալով գաղութային ժամանակաշրջանի առաջին հպատակագրված օտարերկրացին ամերիկյան մայրցամաքում:
1776 թ. Ամերիկայի անկախության համար մղված պայքարում հայերի մասնակցության մասին պահպանվել է ավանդույթային հետեւյալ հիշատակությունը: Հեղափոխության հաղթանակին նախորդող դաժան ու ցրտաշունչ ձմեռային մի գիշեր երկու խարբերդցի հայեր Վելլի Ֆորգի զինվորական իրենց պահակակետում կանգնած կարոտով վերհիշում էին իրենց հայրենիքը, երբ նրանցից մեկը մյուսին հայերեն դիմում էՙ ասելով. «Սարգիս եղբայր, ի՜նչ հիմար էինք, որ թողեցինք մեր գեղեցիկ երկիրը, որպեսզի մահու չափ սառչենք այստեղ»: Ապստամբ գաղութների զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջորջ Վաշինգտոնը (հետագայում ԱՄՆ առաջին նախագահՙ 1789-1797թթ.), որն այդ պահին հեծյալ անցնում է, լսելով հայերեն խոսակցությունը, ձիուց իջնում է եւ մոտենալով հարցնում. «Տղանե՚ր, դո՞ւք եւս հայ եք»:
Հետագայումՙ անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքների բերումով ԱՄՆ-ում հայտնված եւ ապահովություն գտած հայերը, հակառակ փոքրաթիվ քանակին, իրենց անմնացորդ նպաստն են բերել ամերիկյան ժողովրդի նվաճած անկախության պահպանման եւ հզորացման գործին: Այսպես, Նոր Երկրում կրթություն ստացած առաջին սակավաթիվ հայերը մասնակցել են ԱՄՆ-ի միավորման համար մղված քաղաքացիական պատերազմին (1861-1865 թթ.)ՙ տրամադրելով Հյուսիսային բանակում մարտնչող 30 կամավոր, 1 շարքային զինվոր, ինչպես նաեւ 3 շտապօգնության վիրաբույժ: Երկրի միավորման ու խաղաղության համար մարտնչող երեւելի ու ազդեցիկ հռետորներից էր ամերիկյան հնագույն տոհմից սերված, ծագումով հունգարահայ փաստաբան ու քարոզիչ Թոմաս Քորվինըՙ Օհայոյի նահանգից, որը վարել է պետական բարձր պաշտոններ (ԱՄՆ-ի պետական գանձարանի քարտուղար, Օհայոյի նահանգապետ, երկար ժամանակ նույն նահանգի ներկայացուցիչը Կոնգրեսում, 1861 թ.ՙ Մեքսիկայում ԱՄՆ-ի դեսպան):
Հայերն անմասն չեն մնացել նաեւ իսպանա-ամերիկյան պատերազմից, գրեթե բոլոր մարտերին հերոսաբար կռվել են զգալի թվով կամավորներ, շարքային զինվորներ, ինչպես նաեւ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ: Ի դեպ, Մանիլայում ծավալված գործողությունների ժամանակ ափ իջած առաջին ամերիկյան զինվորը հայ էր:
Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի տարիներին եւս արդեն ստվար թվաքանակ կազմող ամերիկահայերն իրենց անմնացորդ ավանդն են ներդրել երկրի անկախության պաշտպանության եւ հաղթանակի նվաճման գործում: Առաջին աշխարհամարտի տարիներին ի հայտ են եկել բազմաթիվ հայազգի հրամանատարներ, գնդապետներ, ծովային եւ օդային ուժերի քաջարի զինվորականներ, բացառիկ հմտության տեր վիրաբույժներ (այսպեսՙ դիմային պլաստիկ վիրաբուժության առաջնեկ Վարազդատ Ղազանչյանն ավելի քան 3000 վիրավոր ու ջախջախված դեմքեր է վերականգնել):
Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ռազմական գրեթե բոլոր գործողություններում ամերիկյան զինվորի կողքին, բոլոր ռազմատեսակներումՙ հետեւակում, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում, ծառայել են շուրջ 20 հազար ամերիկահայեր, ընդ որումՙ շուրջ 500 հայեր հերոսաբար զոհվել են, 500-ից ավելիՙ վիրավորվել, մոտ 50 հոգիՙ անհայտ կորել: Ամերիկահայերն իրենց ուժերն ու մտավոր կարողությունները ներդրել են նաեւ «ներքին ճակատում»ՙ ներգրավվելով ռազմամթերային, նավաշինարարական եւ ռազմական այլ արտադրություններում, ընդհուպՙ ատոմային ռումբի ստեղծման: Ամերիկյան կառավարությունը, բարձր գնահատելով ամերիկահայերի անմնացորդ նվիրվածությունը, բազմաթիվ հայորդիների շնորհել է ամերիկյան բանակի ամենաբարձր տիտղոսներ (գեներալՙ Հայկ Շեքերջյան, հրամանատարներ, գնդապետներ եւ այլն), պարգեւատրել բարձրագույն կարգի շքանշաններով (ԱՄՆ-ի բացառիկ եւ ամենաբարձր պարգեւինՙ «Կոնգրեսի պատվո շքանշանին» է արժանացել ամերիկյան հերոս, ավագ լեյտենանտ Էռնեստ Դերվիշյանը):
Այսպիսով, ամերիկյան էթնիկ խումբ կազմող ԱՄՆ-ի հայությունն իր գնահատելի եւ արժանավոր ավանդն է ներդրել որդեգրած հյուրընկալ երկրի անկախության ու ազատության պահպանման ու հարատեւման գործում:
Բոստոն, 1908 թ., Գրեգորի եւ Սարգիս Մուգար եղբայրների ընտանիքն իրենց սեփական ավտոմեքենայով սեփական սրճարանի առջեւ: Զգույշ, «Մուգար» սրճարանը «լեդիների եւ ջենտլմենների» համար էր, այստեղ կռվազանությունը չէր հանդուրժվում: (լուսանկարըՙ AGBU հանդեսից)