«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2001-06-30 | #122, 2001-07-03 | #123, 2001-07-04


ԱՊՀ-Ի ԱՌԱՋԱՏԱՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՆ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է

ՄՈՍԿՎԱ, 3 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդյունաբերական արտադրության աճի տեմպերով ԱՊՀ-ի առաջատարը Ուկրաինան է, որտեղ արտադրությունն աճել է 18,4 տոկոսով: Ըստ ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման, այդ մասին է վկայում ՌԴ վիճպետկոմի տեղեկատվությունը, որը պատրաստվել է ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա:

Ուկրաինային հետեւում է Տաջիկստանըՙ 14 տոկոս, երրորդ տեղում է Կիրգիզստանըՙ 11,6, չորրորդումՙ Ղազախստանըՙ 11,3, հինգերորդումՙ Հայաստանըՙ 7,8 տոկոս: Ռուսաստանում արդյունաբերական աճի ցուցանիշը կազմել է 5,6 տոկոս:

Ռուսաստանին հետեւում են Ադրբեջանը, որտեղ արտադրությունն աճել է 5,4 տոկոսով, Բելառուսը եւ Մոլդովանՙ 2,7 տոկոսով:

Վրաստանում արդյունաբերական արտադրությունը 2001 թվականի հունվար-ապրիլին կրճատվել է 9,5 տոկոսով: Տեղեկատվություն չկա Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում արտադրության դինամիկայի մասին:

2001 թվականի հունվար-ապրիլին ներքին համախառն արդյունքի մասին տեղեկատվություն է ներկայացված ԱՊՀ-ի վեց երկրների վերաբերյալ: Դրանց թվում այդ ցուցանիշի առավել աճ է նշվել Ուկրաինայումՙ 8,5 տոկոս: Նրան հետեւում են Հայաստանըՙ 8,4 տոկոս, Ադրբեջանըՙ 8,3, Տաջիկստանըՙ 7,9, Կիրգիզստանըՙ 6 եւ Բելառուսըՙ 2 տոկոս: Ռուսաստանի վերաբերյալ ներքին համախառն արդյունքի փոխարեն ներկայացված է «էկոնոմիկայի բազային ճյուղերում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, առեւտուր) արտադրանքի արտադրության» ցուցանիշը, որն աճել է 5,3 տոկոսով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4