Ի՞նչ է արվել եւ արվելու դրանց նորոգման ու պահպանման համար
Աշխարհում ընդունված է ճանապարհներից օգտվողներից հատուկ տուրքերի գանձումը, որն օգտագործվում է բացառապես ճանապարհների պահպանման եւ նորոգման համար: Հայաստանում նման գործելակերպ չի եղել, եւ միայն վերջերս է ճանապարհային հիմնադրամ ստեղծելու առաջարկը մշակվել ու ներկայացվել կառավարության քննարկմանը: Սակայն անգամ այն կյանքի կոչելու դեպքում դժվար է ակնկալել, որ մեր երկրի գոնե միջպետական եւ հանրապետական նշանակության 3150 կմ ճանապարհները կբերվեն անհրաժեշտ վիճակի: Բանն այն է, որ նորոգման աշխատանքներ 1991-1998 թթ. այստեղ չեն կատարվել: Դրա հետեւանքով, ըստ Համաշխարհային բանկի փորձագիտական եզրակացության, եթե 1994 թ. 1 կմ-ի վերականգնման համար անհրաժեշտ էր 13,5 հազար դոլար, ապա 1997-ինՙ 39 հազար դոլար: Այսինքնՙ մեր այն ժամանակվա իշխանությունների «հոգատար» վերաբերմունքի պատճառով այժմ ստիպված ենք վճարել կրկնակի եւ գուցե եռակի թանկ գին:
Առաջին մեծ ծրագիրը, որը կոչված է շտկելու մեր ճանապարհների վիճակը, 35,5 մլն դոլար արժողությամբ մայրուղիների վերականգնման վարկային ծրագիրն է: Այս ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-1999 թթ., ինչի արդյունքում, ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների, վերանորոգվել են 628 կմ միջպետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածներ: Դրանք հիմնականում Հայաստանի հարեւան երկրներ տանող մայրուղիներն ենՙ Երեւան-Մեղրի-Իրանի սահման, Երեւան-Աշտարակ-Գյումրի-Վրաստանի սահման, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման: Հարկ է նշել, սակայն, որ ճանապարհների ոչ բոլոր հատվածներն են նորոգվել անհրաժեշտ որակով: Եթե Երեւան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհն, իրոք, բարձր մակարդակով է ասֆալտապատվել, ապա Այրում գնացող մայրուղու Ալավերդու մոտով անցնող 2 տարի առաջ նորոգված հատվածն առաջացած դարուփոսերի հետեւանքով այժմ ուղղակի անանցանելի է դարձել: Թերեւս տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի արժանացնի նաեւ նմանատիպ գործելաոճին եւ պատասխանատվության կանչի անորակ շինարարական աշխատանքներ իրականացնողներին:
Հաջորդ երկու վարկային ծրագրերից առաջինըՙ տրանսպորտայինը ֆինանսավորելու է Համաշխարհային բանկը, երկրորդըՙ ճանապարհաշինությունը, Լինսի հիմնադրամը: Տրանսպորտային վարկի 47 մլն դոլարի հիմնական մասըՙ մոտ 31 մլն դոլարը, նախատեսվում է ավտոճանապարհների, 15 միլիոնըՙ երկաթուղու նորոգման համար: Վերականգնման ենթակա շուրջ 250 կմ ավտոճանապարհներից արժե հիշատակել մեր կարծիքով առավել կարեւոր Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման, Սարավան-Վերին Սարավան, Կապան-Քաջարան, Մեղրի-Իրանի սահման հատվածները: Այս ծրագրով պետք է նորոգվի նաեւ 12 կամուրջ, այդ թվումՙ Գյումրիից Վրաստանի սահման ճանապարհի Սեւ գետի, Գորիս-Քաշաթաղ ճանապարհի Տեղ գետի կամուրջները:
Երկաթուղու համար նախատեսված գումարը կուղղվի Երեւան-Վրաստանի սահման երկաթգծի 37,5 կմ հատվածի վերականգնմանը:
Լինսի հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրով 2001-2002 թթ. ընթացքում նախատեսվում է վերականգնել Եղեգնաձոր-Երեւան-Սեւան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Այրում ճանապարհը: Նպատակն է կայուն կապ ունենալ Վրաստանի հետ: 366 կմ ձգվող այդ ճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում կկառուցվեն Երեւանը եւ Եղեգնաձորը շրջանցող ճանապարհները, կավարտվի Սեւան-Դիլիջան թունելի շինարարությունը: Ծրագրի արժեքը 38 մլն դոլար է:
Սրանք այն հիմնական ծրագրերն են, որոնց, հուսանք, հաջող իրականացումը նկատելիորեն կբարելավի Հայաստանի ճանապարհային ցանցը: Սակայն, ինչպես նշեցինք հրապարակման սկզբում, նորոգումից բացի հարկ է պահպանել: Իսկ պահպանման ծախսերը նույնպես փոքր չեն: Առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անհրաժեշտ են ծածկի վերանորոգման աշխատանքներ միեւնույն ճանապարհահատվածում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է կատարել 630 կմ ճանապարհահատվածների նորոգում նվազագույնը 30 մլն դոլար արժողությամբ: Հասկանալի է, որ Հայաստանի բյուջեն այսօր չունի այդ հնարավորությունները, եւ ճանապարհային հիմնադրամի ստեղծումը հրատապ է դառնում: Միաժամանակ անընդունելի է նաեւ այն փաստը, որ այս տարվա պետբյուջեից ընդհանրապես որեւէ հատկացում ճանապարհների շինարարության համար կատարված չէ: Տրանսպորտային կապը կարեւորագույն տնտեսական ենթակառուցվածք է եւ առանց պետական հոգածության ուղղակի կքայքայվի: Իսկ թե դրա դիմաց ի՞նչ ենք ստիպված վճարում, արդեն անդրադարձանք: Պարզապես ավելացնենք, որ դրանք այնքան էլ մեծ գումարներ չեն, եթե նկատի ունենանք այն կորուստները, որ անսարք ճանապարհների պատճառով կարող են հասցվել երկրի տնտեսությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ