«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՍՈՉԻՈՒՄՙ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Շուշին ադրբեջանցիներին վերադարձնելու խոսակցությունը Երեւանին ճնշելու միջոց է

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

ԼՂ հակամարտության կարգավորման Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ Քի Վեսթում, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի միջնորդությամբ սկսված «դիվանագիտական ձկնորսությունը» կշարունակվի Սոչիումՙ Սեւ ծովի ջրերում, այս անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Օգոստոսի 1-3-ը Սոչիում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի շրջանակներում նախատեսվում է Քոչարյանի եւ Ալիեւի հերթական հանդիպումը: Մինչ այդ, հուլիսի 9-11-ը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ապա Իտալիայում կհավաքվեն «Մեծ ութնյակի» երկրների նախագահները, որտեղ ՌԴ եւ ԱՄՆ առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, կշոշափեն նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները. ահա այս երկու իրադարձություններից են նաեւ կախված, թե ինչպիսի «որս» է ակնկալվում Քոչարյանին ու Ալիեւին Սոչիում:

«Թուրան» գործակալությունը վկայակոչելով «իրազեկ դիվանագիտական աղբյուրը», հաղորդում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներիՙ Փարիզում Ժակ Շիրակի միջնորդությամբ կայացած հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ինչը հետագայում մերժվել է Բաքվի կողմից: Համաձայն նախնական պայմանավորվածության, ԼՂ-ին տրվելու էին անկախ պետությունը բնորոշող բոլոր ատրիբուտները (սեփական բանակ, արտաքին եւ ներքին քաղաքականություն վարելու իրավունք եւ այլն), փոխարենը հայկական կողմը համաձայնել էր հեռանալ զբաղեցրած յոթ շրջաններից վեցից, ինչպես նաեւ Ադրբեջանին էր տրվելու Շուշին: Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին Մեղրիի տարածքով ճանապարհ տալ դեպի Նախիջեւան: «Երբ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ նման համաձայնություն ձեռք բերվեց, նախագահ Շիրակը հայտարարեց, թե մինչեւ տարեվերջ ԼՂ խնդիրը կլուծվի», գրում է «Թուրանը»:

Քիվեսթյան բանակցություններում Բաքուն սկսեց հրաժարվել փարիզյան սկզբունքներից եւ պահանջեց Լաչինը, փոխարենը համաձայնելով Հայաստան-ԼՂ կապն ապահովել Քելբաջարով: Բացի այդ, Ալիեւը Շուշիի հետ պահանջեց շրջակա մի շարք բնակավայրերը: Կողմերը համաձայնեցին այս տարբերակին, որից հետո համանախագահները հայտարարեցին բանակցություններում առկա բեկման մասին, նշում է «Թուրանը», հավելելով, թե չնայած հայկական կողմի համար ընդունելի պայմաններին, Երեւանը հրաժարվեց պայմանավորվածություններիցՙ Մոսկվայի ճնշման տակ: Ի դեպ, նշենք, որ Շուշին բանակցություններում սակարկության առարկա դարձնելը նորություն չէ: Համանախագահների տարածաշրջան կատարած նախորդ այցի ընթացքում Շուշիում ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը «Ազգի» թղթակցի հետ մասնավոր զրույցում ասաց, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Շուշի: Նույնը կրկնեց ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն: Սակայն ո՚չ Գրիբկովը, ո՚չ Քավանոն չմասնավորեցին. խոսքը լոկ Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելո՞ւ մասին է, թե՞ վարչականորեն Ադրբեջանի ենթակայության տակ դնելու: Այդ օրը, երբ համանախագահները Շուշիում էին, քաղաքի ողջ բնակչությունըՙ նորածնից զառամյալ, ուղղակի հարձակվեցին Գրիբկովի եւ Քավանոյի վրա, ասելով, թե թույլ չեն տա որեւէ ադրբեջանցու վերադարձը Շուշի:

Քիվեսթյան բանակցություններից հետո ուշագրավ պարզաբանումներով հանդես եկավ Ադրբեջանի «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության նախագահ, Մեջլիսի պատգամավոր եւ Հ. Ալիեւի նկատմամբ լոյալ Իգբալ Աղազադեն, ինչին հայկական մամուլը չարձագանքեց: «Էմ Փի Էյ» գործակալությանը նա ասաց հետեւյալը. «Հայկական ուժերը պայմանավորվածության համաձայն պետք է դուրս գան վեց շրջաններից, Շուշիից եւ նրա մերձակա հինգ գյուղերից: Շուշիում եւ մերձակա հինգ գյուղերում կտեղավորվեն 56 բնակավայրերի, այդ թվում Խոջալուի բնակիչները: Մոլլա Նասրեդինի հին ճանապարհը, որը Շուշին կապում է Ֆիզուլիի հետ, կվերականգնվի եւ կդրվի միջազգային ուժերի վերահսկողության տակ: Լաչինի 3 կմ լայնությամբ միջանցքը եւս կդրվի միջազգային ուժերի վերահսկողության տակ, կկառուցվի Լաչին-Քելբաջար հատուկ ճանապարհը: Հայաստանը բանավոր համաձայնություն է տվել Մեղրիով ճանապարհ ապահովելու Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Այդ ճանապարհի մանրամասները դեռեւս ճշտված չեն. հայերը չեն ցանկանում Մեղրիի միջանցքը դնել միջազգային խաղարար ուժերի վերահսկողության տակ, ասելով, թե այն սահմանակից է Իրանին եւ Թուրքիային: ԼՂ-ին տրվելու է անկախ տնտեսական գոտու կարգավիճակ: Հայերի վերահսկողության տակ են մնալու Հադրութի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները, ինչպես նաեւ Ստեփանակերտը: Այս տարբերակը, անշուշտ, Ադրբեջանի համար իդեալական չէ, բայց ընդունելի է: Բանավոր այս համաձայնությունը, որ ձեռք են բերել Ալիեւն ու Քոչարյանը, թղթի վրա կգրվի Ժնեւում»:

Ինչպես հայտնի է, ժնեւյան հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվեց, Ք. Քավանոն հայտարարեց, թե երկու երկրների ժողովուրդները դեռեւս պատրաստ չեն փոխզիջման: Սա անհեթեթ բացատրություն էր, քանզի, ինչպես գիտենք, Քոչարյան-Ալիեւ հանդիպումների մանրամասները գաղտնի են պահվում, իսկ ժողովուրդները տեղյակ չեն դրանց: Ենթադրաբար, կամ Քոչարյանը, կամ Ալիեւը երկյուղեցին ձեռք բերված համաձայնությունը ներկայացնել իրենց ժողովուրդներին, հստակ գիտակցելով, որ ներքաղաքական ցնցումներ առաջացնելու պարարտ հող էր ստեղծելու:

Խիստ վերապահումներով պետք է մոտենալ ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի այն հայտարարությանը, թե համանախագահները նոր առաջարկներ չեն բերելու: Ըստ էության, համանախագահներն արդեն Փարիզում եւ Քի Վեսթում նախանշել են կարգավորման այն սկզբունքները, որոնք պետք է թղթի վրա ամրագրվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջնական համաձայնությունից հետո: Անշուշտ, «Թուրան» գործակալության եւ պատգամավոր Աղազադեի հայտարարություններին կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե չլինեին «Ազգի» տեղեկությունները, որոնք սկզբունքորեն չեն տարբերվում վերոնշյալից: Այսպես, պաշտոնական Թեհրանին մոտ կանգնած մի վստահելի աղբյուր մեզ տեղեկացրեց, որ Շուշին եւ Ֆիզուլիի մի հատված ԼՂ-ի կազմում թողնելու պայմանով Հայաստանին առաջարկվել է Մեղրիով Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապվելու ճանապարհ տալ, ընդ որում այդ ճանապարհը պետք է ունենար այն կարգավիճակը, ինչ Լաչինինը պետք է լինի: Երեւանը մերժել է: Առաջարկվել է նորՙ բարեփոխված տարբերակ. Ադրբեջանը չի հանձնում Ֆիզուլիից մի հատված, Շուշին թողնվում է ադրբեջանցիներին, Հայաստանը թույլ է տալիս Ադրբեջան-Նախիջեւան կոմունիկացիոն կապ, որը կարող է անցնել, ասենք, Սիսիանով: Սա նույնպես մերժվել է հայկական կողմից:

Չի բացառվում, որ համանախագահները ճնշումներ կգործադրեն Հայաստանի վրա: Չի բացառվում նաեւ, որ Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելու կամ Ադրբեջանին տալու սպառնալիքով համանախագահները փորձում են Երեւանից հավելյալ զիջումներ կորզել: Ըստ էության, Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելը կամ Ադրբեջանին տալը հավասարազոր են: Շուշին հանձնել Ադրբեջանին, նշանակում է վտանգել ԼՂՀ անվտանգությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4