«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՈՆՐԵԱԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

5 ՀՈՒԼԻՍ, ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Պիեռ Բուրգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստան են ժամանել Երեւանի քաղաքապետի հետ «Բարեկամության» համաձայնագիր կնքելու:

Վեհափառ հայրապետը ողջունելով հյուրերին, իր ուրախությունը հայտնեց երկու քաղաքների միջեւ հաստատված ջերմ հարաբերությունների համարՙ իբրեւ լավագույն ապացույց հայ-կանադական բարեկամության, որի զորացման գործում իր նպաստն ունի նաեւ կանադահայ համայնքը:

Նորին Սրբությունը ջերմորեն հիշատակեց նաեւ մայիսին կատարած հովվապետական իր անդրանիկ այցը Կանադա, որի ընթացքում արդեն իսկ առիթ է ունեցել հաղորդակցվելու պրն Բուրգի հետ, տեսնելով նրա մեջ ազնիվ քրիստոնյային եւ մեծ հայասերին:

Պրն Բուրգը իր սերն ու համակրանքն արտահայտելով հայ ժողովրդի հանդեպ, նշեց, որ հայերը վեհության եւ հպարտության բազում օրինակներ են տվել մաքառումներով լի իրենց պատմության ընթացքում: Նա նշեց նաեւ, որ Հայաստան կատարած այցը նոր լիցք է հաղորդում իրենՙ մղելով նորանոր գործերի ի շահ հայ-կանադական բարեկամության, որ առավել կամրապնդվի առաջիկա օրերին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմամբ:

Հանդիպման ավարտին պրն Բուրգը խնդրեց Ամենայն հայոց հայրապետի օրհնությունըՙ նոյեմբերին կայանալիք Մոնրեալի քաղաքապետի նոր ընտրությունները հաջողելու համար:

«Ձեր հավատքը երաշխիքն է ձեր հաղթանակի», հայրապետական աջը դնելով պրն Բուրգի գլխին, հաջողություն մաղթեց Վեհափառը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4