Վերոհիշյալ վերնագրի ներքո Caspian Consulting խորհրդատվական ընկերության նախագահ Ռոբերտ Բրուս Ուերը գրում է «Քրիսչն Սայընս մոնիտոր» թերթի հունիսի 26-ի էլեկտրոնային էջում:
20-րդ դարի սկզբին Ռոկֆելերն «Ստանդարդ օյլի» հարստությունը բազմապատկեց Կասպից ծովի նավթային պաշարներից օգտվելով: Ուժեղ մրցակցությունն այդ տարիներին անվանվեց «Մեծ խաղ»: Մեկ դար անցՙ Խորհրդային Միության փլուզումից հետո, նույն այս տերմինը վերականգնվել է նկարագրելու համար կասպյան տարածաշրջանի նավթային եւ գազային դաշտերին տիրանալու միջազգային կորպորացիաների եւ քաղաքական ուժերի վերանորոգված պայքարը:
Ղազախստանում նավթի, իսկ Թուրքմենստանում բնական գազի նոր պաշարների հայտնաբերումով ներկայումս «խաղագումարներն» զգալիորեն բարձրացել են: Սակայն այդ պաշարների դուրսհանումն ի վերջո կարող է նվազ կախում ունենալ տարբեր ընկերությունների տակտիկական մրցակցությունից, քան քաղաքական համագործակցության եւ տեղական տնտեսության զարգացմանն ուղղված նոր մարտավարությունների մշակումից:
Ռուսաստանն ու արեւմտյան պետությունները հետզհետե առավել մրցունակ են դառնում տարածաշրջանում այն ենթադրությամբ, որ կասպիականի զարգացումը կարող է ավարտվել «ոչ-ոքի» հաշվով, որտեղ «պարտվողներ» եւ «հաղթողներ» չեն լինի: Նրանք տեղական կառավարությունների հետ զինվորական դաշնություններ են կնքում, ռազմական օգնություն ցուցաբերում եւ համատեղ զորավարժություններ անցկացնում: Նման մոտեցումը, դժբախտաբար, նպաստում է տարածաշրջանի քաղաքական անկայունությանը, նվազեցնում է անվտանգությունը եւ մեծացնում ներդրումների ռիսկը: Իսկ վերջիններս, իրենց հերթին, պակասեցնում են եւ դժվարացնում կասպյան պաշարների դուրսհանման հնարավորությունները:
Ովքեր կասպիականը համարում են «ոչ-ոքի» ավարտ ունեցող մի խաղ, անտեսում են այն հնարավորությունը, որ բոլոր կողմերը կարող են հայտնվել պարտվողի դերում: Սա անխուսափելիորեն տեղի կունենա, եթե հնարավոր չլինի ստեղծել անհրաժեշտ ենթակառույցները: Նավթի արտահանումը ընդերքից կվտանգվի, խողովակաշարերը շարքից դուրս կգան, ծախսերը կավելանան, եւ ներդրումներն ինչ-որ ձեւով վտանգի կենթարկվեն, եթե անկայունությունը շարունակվի տարածաշրջանում: Իսկ անկայունությունը հնարավոր է, որ շարունակվի, եթե ընդերքի պաշարների դուրսբերումը չզուգորդվի տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացմամբ:
«Մեծ խաղն» ապակողմնորոշող, վտանգավոր անախրոնիզմ է դարձել ներկայումս: Եթե մի կողմից դա նպաստավոր է տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության ոգուն, ապա մյուս կողմից մասնակիցներին ստիպում է մոռանալ, որ տարածաշրջանի մեծ մասը կամ հակամարտությունների բեմահարթակ է դարձել, կամ էլ ենթակա է դառնալու:
Միջազգային սուր մրցակցությունն անտարակույս առաջ է բերելու կայծեր, որոնցից բռնկված հրդեհը շատ թանկ է արժենալու բոլորին:
Այլեւս հնարավոր չէ տարածաշրջանի բնակիչների հետ վարվել որպես շախմատային աննշան զինվորների: Այստեղից էլ եզրակացություն, որ հնարավոր չէ տարանջատել էներգետիկ ռեսուրսների արտահանումը տնտեսական զարգացումից եւ քաղաքական կայունությունից:
Ռուսական քաղաքականությունը կարծես փորձում է զուգորդել այս երկուսը կասպիական նավահանգիստ Մախաչկալայում: Թվում է, թե Մոսկվան վճռական է այդ քաղաքը վերածելու նավթի եւ գազի գլխավոր կենտրոնի: Ռուսներն արդեն ավարտել են Բաքվից Նովոռոսիյսկ (շրջանցելով Չեչնիան) ձգվող խողովակաշարի վերակառուցումը, որն այժմ 11 մղոնով կապված է նաեւ Մախաչկալայի հետ: Վերջինս թույլատրել է ռուսական «Տրանսնեֆթ» նավթային կազմակերպության պաշտոնյաներին ճնշում բանեցնել Արեւմուտքի նավթային գործարարների վրա, որպեսզի նրանք թուրքմենական եւ ղազախական չմշակված հումքը փոխադրեն Մախաչկալայով:
Հավանաբար Մոսկվայի ձեռնարկած քայլերն ու հետաքրքրությունները Մախաչկալայում ունենան իրենց հիմնավոր պատճառները: Պարզ է, որ Մոսկվան ցանկանում է նեցուկ կանգնել Դաղստանի տնտեսությանը եւ դրանով իսկ նպաստել երկրի քաղաքական կայունությանը: Սա բացահայտորեն Մոսկվայի մարտավարության մի մասն է, քանի որ բյուջետային փոխանցումները Մոսկվայից Մախաչկալա վեցապատիկ ավելացել են անցած երկու տարում:
Դաղստանի քաղաքական կայունությունն առանձնապես կարեւոր է Մոսկվայի համար, որովհետեւ վերջինս գլխի է ընկել, որ Մախաչկալան կարեւոր դեր ունի խաղալու մասնավորապես կասպյան, ընդհանրապես կովկասյան տարածաշրջանի իր մարտավարության մեջ: Կասպիականի արեւմտյան ափին գտնվելու Դաղստանի դիրքը նրան դարձրել է հյուսիս-հարավ կապի կարեւոր մի կենտրոն: Եթե Մոսկվան մտադիր է իր ներկայությունը պահպանել տարածաշրջանում, ապա Դաղստանը պետք է Ռուսական Դաշնության կենսական մասնիկը դառնա:
Եթե սա է Մոսկվայի մարտավարությունը, ապա չափազանց խելամիտ էՙ հաշվի առնելով այն վտանգները, որ կասպյան նավթային պաշարներն են ներկայացնում: Ածխաջրածնային ավազանների թվում Կասպիցը եզակիորեն շրջափակված է ցամաքով: Կասպից ծովից արեւմտյան արդյունաբերական կենտրոններ ձգվող բոլոր նավթային եւ գազային ճանապարհներն անցնում են Կովկասով: Դժվար է լինելու Արեւմուտքի համար կասպյան ավազան տանել, կամ այնտեղից դուրս բերել ինչ-որ բան, եթե տարածաշրջանում քաղաքական խնդիրներ լինեն: Իսկ այդպիսի խնդիրներ անպայման կլինեն այդ աղքատացած, անկայուն շրջանում, եթե նավթի արտահանումն իր հերթին չնպաստի տեղական տնտեսության զարգացմանը: Մոսկվայի ներդրումները Դաղստանում կարծես վկայում են, որ Մոսկվան գիտակցում է քաղաքական կայունության կարեւորությունը շրջանի զարգացման գործում:
Կասպյան ավազանի գիտակ արեւմտյան նավթային կորպորացիաներից մեկի նախկին մի ղեկավար վերջերս ինձ ասաց, որ նավթային ընկերություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում տեխնիկական դժվարություններինՙ անտեսելով ընդհանուր զարգացման եւ քաղաքական կայունության դժվարությունները:
«Մեծ խաղի» կանոնները պահանջում են կողմերից գիտակցել, որ Կասպիցի պարագայում այդ դժվարությունները չի կարելի տարանջատել մեկը մյուսից:
Նախկին «Մեծ խաղի» այլընտրանքային ներկա տարբերակում պետք է շեշտը դնել տարածաշրջանի կայունության պահպանման վրաՙ առավել ուշադրություն դարձնելով տեղական խնդիրներին, քաղաքականությանը եւ ավանդույթներին: Սրան պետք է հասնել միջազգային համագործակցության միջոցով, որի գերխնդիրը պետք է լինի կայունության ամուր հիմքերի վրա տնտեսապես զարգացնել տարածաշրջանը: Կասպյան պաշարներից օգտվելու հարցում կողմերից որեւէ մեկը շահելու է միայն այն դեպքում, եթե բոլորը շահեն: