«Առաջին անգամ արաբական աշխարհում խոսվեց Ղարաբաղյան հակամարտության մասին, մենք ներկայացրինք հայկական տեսակետը», նշեց Արաբական Միացյալ Էմիրություններից օրերս վերադարձած ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտ, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանն «Ազգին» տված հարցազրույցում: Նա այդ երկիր էր մեկնել տեղի «Համակարգման եւ հետազոտությունների «Զայեդ» կենտրոնի» հրավերովՙ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերը» թեմայով զեկույց կարդալու: Ն. Հովհաննիսյանն այս թեմայով միակ զեկուցողն է եղելՙ հանդես գալով Աբու Դաբիում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներից, քաղաքական գործիչներից, լրագրողներից կազմված մի լսարանի առջեւ:
- Պրն Հովհաննիսյան, հատկապես ի՞նչ մանրամասների էր անդրադառնում Ձեր զեկույցը:
- Նախ, մինչեւ զեկուցումը, «Զայեդ» կենտրոնի տնօրենն ինձ տեղեկացրեց, թե ներկա է լինելու Ադրբեջանի դեսպանը եւս, եւ խնդրեց զերծ մնալ սուր հայտարարություններից: Նրան ի պատասխան պնդեցի, թե կա երեք կետ, որոնց մասին անշրջանցելիորեն խոսելու եմ օտար լսարանի առջեւ. որ ԼՂ-ն եղել է Հայաստանի օրգանական մասը բոլոր դարաշրջաններում, որ 1921-23 թթ.-ին է անջատվել Հայաստանից եւ տրվել Ադրբեջանին, եւ որ այսօր ԼՂ ժողովուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքըՙ դե ֆակտո ստեղծելով պետություն: Առավել համոզիչ լինելու համար զեկուցումս կազմել էի բացառապես օտար աղբյուրներին հենվելով: Ելել էի այն հանգամանքից, որ լսարանն ընդհանրապես տեղյակ չէ խնդրին, եւ պատմական կտրվածքով նկարագրությունից հասել այսօրվա վիճակինՙ Հայաստանի, ԼՂ-ի, Ադրբեջանի դիրքորոշումներին, Մինսկի խմբի առաքելությանը: Հատուկ ենթաբաժնով զուգահեռներ էի անցկացրել ղարաբաղյան եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների միջեւՙ նշելով, թե դրանք էթնիկ կամ կրոնական բնույթ չեն կրում, այլ, ինչպես հայերն, այնպես էլ պաղեստինցիները պայքարում են իրենց պատմական բնօրրաններում պետականություն ստեղծելու իրավունքի համար:
Ինձնից հետո խոսք խնդրեց Էմիրություններում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը եւ ԼՂ-ն Ադրբեջանի պատմական տարածք, հայերին ագրեսոր, ադրբեջանական պատմական հուշարձանները ոչնչացնող անվանելովՙ լքեց դահլիճը:
- Իսկ ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էր արձագանքը:
- Մնացյալ բոլոր դեսպաններն ինձ հավատացրին, թե վերջապես պատկերացում կազմեցին այնքան լսված Ղարաբաղյան հակամարտության, դրա զարգացումների վերաբերյալ:
Իսկ «Զայեդ» կենտրոնն ինձնից խնդրեց ԼՂ հակամարտության թեմայի շրջանակներում 50 էջանոց նյութ, որը կհրատարակի անգլերեն ու արաբերեն լեզուներով 5000 օրինակ եւ կտարածի ողջ արաբական աշխարհում:
- Ինչպե՞ս եք բացատրում ԱՄԷ-ի սույն գիտական կենտրոնի նախաձեռնությունըՙ արծարծել Ղարաբաղյան հակամարտության հարցը:
- Կարծում եմ, այստեղ մի քանի հանգամանք կա: Նախ, ԼՂ խնդիրը դուրս է եկել հակամարտող եւ միջնորդ երկրների փոքր խմբի շրջանակներից եւ շոշափում է առավել լայն շահեր: Չէ՞ որ շեշտվում է, թե տարածաշրջանի անվտանգության, կայունության, հետեւաբար նաեւՙ տնտեսական զարգացման հեռանկարներն առաջին հերթին պայմանավորված են ԼՂ խնդրի լուծմամբ: Էմիրություններն ունեն տնտեսական, մասնավորապես ֆինանսական մեծ ներուժ եւ հնարավոր ներդրումների առումով շահագրգռված են դաշտի ուսումնասիրությամբ: Երկրորդ, ԼՂ խնդրի լուծման եղանակները նրանք կարող են օգտագործել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում: Երրորդ, արաբական աշխարհն անհանգստացած է կասպյան նավթով: Դրա պաշարներն անշուշտ գերագնահատված են, բայց, այդուհանդերձ, զգալի են: Այդ պաշարների մուտքը համաշխարհային շուկա կփոխի մրցակցությունը: Ի վերջո, Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, վերջինս էլՙ Իսրայելի: Այնպես որ, Հայաստանն արաբների համար կարող է դիտվել եթե ոչ որպես դաշնակից, գոնե համակիր երկիր: Զեկույցի նախաձեռնությունն էլ թերեւս այս համատեքստում պիտի գնահատել իբրեւ առաջին քայլ: Ֆրանսիայում գուցե տասը հոգի կարող են իրենց նախաձեռնությամբ հավաքվել ու գիտաժողով գումարել, բայցՙ ոչ ԱՄԷ-ում: Բավական է նշել, որ մեզ հրավիրող կենտրոնը «Զայեդ» է կոչվում երկրի նախագահի անունով, որի որդին կենտրոնի ղեկավարն է եւ զբաղեցնում է նաեւ վարչապետի տեղակալի պաշտոնը: Այնպես որ, նախաձեռնությունը պետական հովանավորության շրջանակներում էր:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ