«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ. «ԳՈԼՖԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԱՇՏԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ Է ՀՐԱՊՈՒՐՈՒՄ, ԱՅԼԵՎ ՆԵՐԴՆՈՂՆԵՐԻՆ»

Այսօր, երբ հայրենալքությունը վտանգավոր ծավալներ է ընդունել, ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանն ամեն միջոց ձեռնարկել է քաջալերելու սփյուռքահայ եւ օտարազգի ներդնողներին, որպեսզի գան Հայաստան, ներդրումներ կատարեն, նոր աշխատատեղեր բացեն: Բարերարի շնորհակալ ձեռնարկումներից է «Արարատ միջազգային գոլֆ ակումբի» ստեղծումը Երեւան-Աշտարակ ճանապարհին, «Վահագնի» թաղամասին կից տարածքում:

Այս չոր ու քարքարոտ, օձերի ու կարիճների բույն հողամասն այսօր վերածվել է կանաչապատ տարածքով, իր ակումբ-սրճարանով, գոլֆի տարբեր կառույցներով գեղեցիկ համալիրի, որ ժամանակի ընթացքում կվերածվի միջազգային գոլֆի խաղադաշտի, որը կունենա նաեւ արհեստական գետեր, լճեր, ջրվեժներ: Ծնողները կզբաղվեն գոլֆ խաղալով, իսկ երեխաների համար կառուցվելու են խաղահրապարակներ իրենց բոլոր հարմարություններով, որտեղ կընդգրկվեն նկարչական եւ այլ շնորհներ ունեցող երեխաներ:

Այս բոլոր հրաշալիքների ստեղծման մեջ, որպես շինարար ու բանվոր, կարելի է տեսնել պրն Վ. Հովնանյանին, որ տարվա վեց ամիսն այստեղ է անցկացնում:

Իսկ թե ինչո՞ւ անպայման գոլֆի դաշտ Արարատի ու Արագածի փեշերին, ամերիկահայ բարերարը ժպտալով պատասխանում է.

- Ես այս ազնվականների խաղըՙ գոլֆը, սիրում եմ: Իմ բոլոր ճանապարհորդությունների ընթացքում անպայման պետք է գոլֆ խաղամ: Ավելինՙ այսօր գոլֆի պրոֆեսիոնալ դաշտի ստեղծումը Հայաստանում ոչ միայն օտարերկրյա դիվանագետներին է հրապուրում, այլեւ շատ ու շատ սփյուռքահայ եւ օտար ներդնողների, որոնք կարող են օժանդակել նաեւ հայկական սպորտի զարգացմանը: Գոլֆի խաղադաշտը միաժամանակ բազմաթիվ նոր աշխատատեղեր է բացում, որովհետեւ այս մարզաձեւի համալիրը պետք ունի տարբեր արհեստների տիրապետող մարդկանց: Այնպես որ, այս մեծ ներդրումը ո՚չ միայն կօժանդակի «Վահագնի» թաղամասի ապագա բնակիչների հանգստի կազմակերպմանը, այլեւ սպորտային զբոսաշրջիկության զարգացմանը Հայաստանում:

Վահագն Հովնանյանը չի հանդուրժում սփյուռքահայ մամուլում մայր հայրենիքի մասին տպագրվող թունավոր հոդվածները. «Ամեն ինչ պետք է անել պահպանելու մայր հայրենիքը, երիտասարդությանը, սպորտը: Ամեն հայ պետք է իր օջախն ունենա այս հողի վրա.», եզրակացնում է ամերիկահայ բարերարը:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4