Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայում Ապրիլի 24-ի հանձնախումբը վերանվանվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդակցական հանձնախումբ (ՖՀԿԽՀ), որը ենթակա է կառուցվածքային փոփոխությունների: Սակայն ՖՀԿԽՀ Մարսելի մասնաճյուղի վերջին ժողովներից մեկում ի հայտ եկած ներքին սուր երկպառակությունների հետեւանքով կազմակերպության բյուրոն հրաժարական է տվել: Երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը համախմբել էին հայերին, մինչդեռ այժմՙ ՖՀԿԽՀ-ի արդիականացման փուլում, ուժերը ջլատվում են: «Ֆրանս-Արմենի» հանդեսը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին ՖՀԿԽՀ Մարսելի բյուրոն նիստ է արել, որպեսզի նշանակի այն 4 շրջանային անդամներին, որոնք 10 օր անց մասնակցելու էին համայնքի ապագա մարմինների կառուցվածքի մշակմամբ զբաղվող կազմակերպության հանձնախմբի ժողովին: Նշանակված 4 պատվիրակները (նախագահՙ Ժակ Տոնապետյան, ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի եւ եկեղեցու մեկական ներկայացուցիչ) պետք է հաստատվեին մայիսի 16-ի ընդհանուր ժողովում: Բայց հենց այդ օրը Մարսել էր ժամանել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Դաշնակցականները եւ նրանց համակիրները ժողովը թողածՙ գնացին մասնակցելու Ղուկասյանի հետ հանդիպմանը: Ժողովում նշանակվեց 7 նոր պատվիրակ, որոնցից ոչ մեկը ՀՅԴ-ից չէր: Մայիսի 23-ին կայացած հաջորդ ժողովում ծագած վիճաբանություններից հետո դաշնակամետ բոլոր միությունները դուրս եկան կազմակերպության կառույցից եւ փաստորեն լուծարեցին բյուրոն: Հունիսի կեսերին իրավիճակը չէր փոխվել:
Ժակ Տոնապետյանը ներկայումս կողմերի հաշտեցման քայլեր է ձեռնարկում, հիշեցնելով, որ Մարսելում ստեղծված իրավիճակը բացառիկ չէ եւ որ ամեն տարի ապրիլի 25-ին նման անցումային իրավիճակ է տիրում: Նա կոչ է անում խաղաղ պայմաններում բանավեճ ծավալել բուն խնդրիՙ ազգային հաստատությունների ժողովրդավարացման խնդրի շուրջ: Տոնապետյանը խոստովանում է, որ միջազգային եւ ազգային ուղղահայաց կառույցների հետ շրջանային բազմաթիվ միությունների համադրումը դժվարին գործ է, բայց հարավցիների փորձը կարող է ծառայել ամբողջ ֆրանսահայությանը: