Ամենահաջողակը Հայաստանի գործերն են, Վրաստանը վատթարագույն վիճակում է, Ադրբեջանըՙ փոքր-ինչ բարվոք
«Ղարաբաղյան խաղատախտակին» առայժմ պատային վիճակ է: Հարավային Կովկասի այս երկարամյա հակամարտության կարգավորումն այդպես էլ չհաջողվեց դուրս բերել փակուղուց: Առկա փակուղային վիճակը, որն արդեն խոստովանվում է գրեթե պաշտոնական մակարդակով, ունի բացահայտ աշխարհաքաղաքական կերպարանք, եւ առաջին հերթին պայմանավորված է տարածաշրջանային երեք «ծանրքաշայինների»ՙ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի, ինչպես նաեւ ամենազոր գերտերությանՙ Միացյալ Նահանգների շահերի «պաթոլոգիկ անհամատեղելիությամբ»:
Ակնհայտ է նաեւ, որ նման վիճակը ունի բոլոր հնարավորություններըՙ դիմանալու անսահմանափակ երկար ժամանակով: Սա հարավկովկասյան երեք հանրապետություններին յուրօրինակ մարտահրավեր է, որի համար չի մնում այլ ընտրություն, քան հարմարվել գոյություն ունեցող իրողություններին: Ի դեպ, հենց գոյություն ունեցող իրողությունների շրջանակներում են զարգանալու ղարաբաղյան հարցի կարգավորման հետագա գործընթացները: Մասնավորապես այդ են վկայում նաեւ ԶԼՄ-ներ սպրդած տեղեկությունները, համաձայն որոնց միջազգային միջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) նպատակադրվել են «ղարաբաղյան քարտ-բլանշ տալ» Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ընդ որում, ակնհայտ է, որ երեք միջնորդ պետություններից յուրաքանչյուրն այդ քայլին է դիմում հաշվի առնելով սեփական շահերը: Իրանը Ռուսաստանին անհրաժեշտ է որպես «հակաարեւմտյան տարր», Ֆրանսիային Իրանը հետաքրքրում է որպես էներգակիրներով շատ հարուստ աղբյուր, ԱՄՆ-ի համար Իրանը բանալի էՙ հետագայում Թուրքիային կարգավորման գործընթացի մեջ ներգրավելու առումով: Այն, ինչը վաղը թույլատրելի է Թեհրանին, վաղը չէ մյուս օրը կարելի է Անկարային:
Սա հեռանկարում: Այսօր Անդրկովկասն ակտիվորեն հարմարվում է «աշխարհաքաղաքական պատային» իրավիճակին: Այս առումով ամենաբարեհաջողը Հայաստանի գործերն են: Երեւանը շարունակում է մնալ տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը, միեւնույն ժամանակ բարեկամ է Արեւմուտքին: ԱՄՆ-ը, օրինակ, յուրաքանչյուր տարի Հայաստանին տրամադրում է շուրջ 100 մլն դոլար ֆինանսական օգնություն:
Վատթարագույն վիճակում Վրաստանն է: Այդպես էլ չկարողանալով կամ չցանկանալով Ռուսաստանի հետ հարաբերություններում ներդնել դրական տարրեր, Վրաստանը, ըստ էության, հեռացված է նաեւ Արեւմուտքից: Խոսքերով աջակցելով Վրաստանինՙ ո՚չ ԱՄՆ-ը, ո՚չ Թուրքիան, առավել եւս ո՚չ Եվրամիությունը չկարողացան կամ չցանկացան որեւէ իրական օգնություն տրամադրել, որպեսզի Վրաստանը լուծեր հանապազօրյա հարցերից գոնե մեկը:
Փոքր-ինչ բարվոք է Ադրբեջանի վիճակը: Ի դեպ, հենց Բաքվում է այսօր առավել ակտիվորեն քննարկվում «աշխարհաքաղաքական պատային իրավիճակին» հարմարվելու խնդիրը: «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Հ. Ալիեւի նախկին խորհրդական, քաղաքագետ Էլդար Նամազովը, որը շարունակում է նախկին շեֆի հանդեպ ցուցաբերել լոյալություն, նշում է. «Ռազմավարական առումով նման պատային իրավիճակն Ադրբեջանի համար հաղթանակ է»: Նամազովի կարծիքով, Ադրբեջանի համար բացասական կլիներ հակառակ իրադրությունը, երբ «ինչ-որ կենտրոններ տարածաշրջանում հեգեմոն դեր ունենային եւ կարողանային թելադրել իրենց պայմանները»: Քաղաքագետը գտնում է, որ «անհրաժեշտ է հարմարվել աշխարհաքաղաքական պատային իրավիճակին, այն տեղափոխել տարածաշրջանային անվտանգության համակարգՙ հաշվի առնելով ե՚ւ Ադրբեջանի, ե՚ւ Վրաստանի, ե՚ւ Եվրոպայի, ե՚ւ ԱՄՆ-ի, ե՚ւ Իրանի ու Թուրքիայի շահերը»: «Ադրբեջանի պատճառով ոչ ոք Ռուսաստանի դեմ երրորդ համաշխարհային պատերազմ չի հրահրի, այդ պատճառով էլ Ադրբեջանը պետք է տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականության մեջ եւ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի հետ հարաբերություններում փնտրի աշխարհաքաղաքական կայունություն», ասում է Նամազովը, նշելով, թե վերոնշյալ երկրներից ամեն մեկն ունի Ադրբեջանի հետ համընկնող շահեր: «Արեւմտյան երկրները շահագրգռված են խաղաղ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու, անկախ նրանիցՙ Ադրբեջանն ի վիճակի է վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, թեՙ ոչ: Նրանց համար խաղաղ համաձայնագրի ստորագրումը կարեւորվում է տնտեսական նախագծերի իրականացման տեսանկյունից: Բայց սա արդեն հակասում է Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով Ադրբեջանը պետք է գործի վերոնշյալ պետությունների շահերի համընկման եւ ոչ թե առկա հակասությունների հիման վրա», ասում է Էլդար Նամազովը, շեշտելով, թե Բաքուն այլ ճանապարհ չունի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈԼԴԲԵՐԳ, ԹՈՖԻԳԱԽԱՆՈՒՄ ԱԼԵՔՊԵՐՈՎԱ, «Gazeta SNG. ru»