«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


«ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՈՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ

Չակերտներում նշվածը ծանոթ բառակապակցություն է, չէ՞: Հեռուստացույցը միացնում ես, եւ խոսող տոպրակը ոստոստալով ու զնգզնգալով հայտնվում է էկրանին. լոտոյի գովազդն է: Հայտնվում է ու սկսում գայթակղել «տաս» (ինչպես գովազդի հեղինակներն են գրում), քսան, հիսուն, հարյուր հազար դրամի հասնող եւ գերազանցող շահումներով: Եվ այս ամբողջ գույնզգույն գայթակղանքին նախորդում է «աննախադեպ նորույթ» անգրագետ բառակապակցությունը, որ, բացականչության ձեւով օրվա ընթացքում բազմիցս հնչում է հեռուստաեթերիցՙ մուրճի հարվածի պես թրխկալով մեր ուղեղներին: Այնքան է թրխկացրել, որ արդեն չենք էլ նկատում մի պարզ հակասություն. նորույթը չի կարող լինել աննախադեպ, յուրաքանչյուր նորույթ արդեն իսկ աննախադեպ է: Մյուս լոտոների գովազդներն էլ «չեն զիջում» այս մեկին:

Սակայն գովազդները լոկ նախաբեմն են այն թատերականացված «հանդիսության», որ հիմնականում շաբաթ եւ կիրակի օրերին կարելի է դիտել հայկական հեռուստատեսությամբ: Մինչ բուն նյութինՙ թվերի արտաբերմանն անցնելը, ավանդույթին հավատարիմ, ժամանակ է հատկացվում այսպես կոչված երաժշտական մասին («ոչ միայն հացիվ», ինչպես ասում են), որի ընթացքում բեմում երեւալու հնարավորություն են ստանում տարբեր տարիքի ու սեռի անձինք. չնայած այդ տարբերությանըՙ նրանց միավորում է գլխավորըՙ անճաշակությունն ու հպանցիկ առնչությունն արվեստին: Հետաքրքիր մի օրինաչափություն, որ հազվադեպ է խախտվում. այդ երաժշտական մասն իրականացնողները հաղորդավարի կողմից մշտապես ներկայացվում են որպես հանրահայտ, թեպետ սովորաբար լինում են անհայտ: Մինչ նրանք պարում կամ երգում են, տեսախցիկը սահում է նաեւ դահլիճում նստածների դեմքերով. դրանք, իհարկե, «դեմքեր» են. Ըմբոշխնելով «հոգեւոր» հաճույքըՙ նրանք անհամբեր սպասում են իրենց հույսը, հավատն ու սերը մարմնավորող թվերին: Այդպես է, թեպետՙ ցավալի. Հայաստանի բնակչության հույսը, հավատն ու սերը հիմա միայն լոտոներին են առնչվում, եւ այդ գեղեցիկ ու ոգեղեն հասկացությունների արժեքը հիմա միայն թվերով է պայմանավորված: Այդ «հույս, հավատ, սերն» առանձին անհատներով չի բավարարվում, այլ ամբողջական ընտանիքների է հավաքագրում: Պատկերացնո՞ւմ եք, ընտանեկան ինչպիսի՜ համերաշխություն. առավոտյան ու երեկոյան նստում են հեռուստաէկրանի առջեւ, թվերի «երաժշտությունը» լսում, բովանդակալից ժամանակ անցկացնում: Ընտանեկան ակնթարթ է, էլի:

Սակայն հեռուստալոտոն ոչ միայն քաղցր պահեր է պարգեւում, այլեւՙ դառը, նույնիսկ ողբերգական: Սա այն պահն է, երբ քնատ կամ, հակառակը, ճղճղան ձայնով մի տիկին (նայած ո՚ր հեռուստաալիքով ցուցադրվող լոտոն եք նախընտրում) հայտարարում է. «Մեկ թվի սպասում է 1 տոմս»: Այդ տիկնանց գործն էլ, ախր, գործ չէ. ովքեր չեն հասցնում տոմսի վերջին թիվը լրացնել, անմիջապես սկսում են «արտահայտվել» խաղի հերթական փուլն ընդհատողի հասցեին, ասես իրենք չեն շահել այդ դժբախտի մեղքով: Իսկ շահողները (չնչին մի գումար)ՙ երջանիկ են ու զարմացած, թեթեւակի գլխապտույտից արբած. նրանք շահել են: Տես է, ուրեմն այս ամենը սուտ չէր. ստի ու ճշտի վերաբերյալ իրենց տեսակետները վերանայելու ընթացքում նրանք մոռանում են, որ շաբաթներ շարունակ գնելով լոտոյի տոմսերՙ իրենց շահած գումարի կրկնակի-եռակին են ծախսել: Հապա պատկերացրեք առհասարակ չշահողների վիճակը. Սակայն վերադառնանք շահողներին. չէ՞ որ նրանց, շահած գումարը ձեռքը վերցնելու եւ շոշափելու հոգեբանական «ծանր» փորձությունից բացի, սպասում է եւս մեկը. նույն այդ շահած գումարը ձեռքներին, երկչոտ ու դասը մի կերպ սերտած աշակերտի պես կանգնել տեսախցիկի առջեւ ու կմկմալ, թե իրենք որքա՜ն երջանիկ են, որ շահեցին, իրենց հավատը, հույսն ու սերը համայն մարդկության հանդեպ վերականգնվեցին, այնինչ այդ ամենը բոլորովին պատահաբար եղավ, մի առավոտ արթնանալովՙ որոշեցին լոտոյի տոմս գնել, բայց ո՞վ կմտածեր եւ այլն, եւ այլն.

Իրոք, ո՚վ կմտածեր. որ մի օր այս վիճակին ենք հասնելու, երբ միացնում ես հեռուստացույցն ու հայկական ո՚չ մի հեռուստաալիքով ոչինչ չունես դիտելու: Երբեմն սթափ մտքով ու քննադատի աչքով դիտեք մեր հեռուստատեսությունը ողողած միաոճ, միօրինակ ու էժանագին բովանդակությամբ, անհաջող հեռուստավարողներով, տափակ կատակներով, անգրագետ հայերենով եւ այլ «փայլուն» հատկանիշներով լի հեռուստահաղորդումները, եւ ինքներդ ձեզ համար կարձանագրեք մի տխուր ճշմարտություն. այս հեռուստատեսությունը հենց լոտոների, հեռուստասերիալների, էժանագին շոուների եւ «լացացնող» հումորների սիրահար խավի համար է, նրանց եւ միմիայն նրանց համար: Իսկ այդ խավը մեզանում ներկայումս մեծամասնություն է կազմում. եւս մի կարճ ընթացք այսպիսի տեմպերով ու կենսափիլիսոփայությամբՙ եւ այդ խավը կդառնա բացարձակ մեծամասնություն: Եվ այդժամ միեւնույն լոտոն միեւնույն ժամին եթեր կհեռարձակվի ո՚չ թե 2, այլ 4 հեռուստաալիքով, գիրուկ հաղորդավարուհիներըՙ մերկ փորերով, փեյջերը ձեռքերին եւ անիմաստությունն աչքերում, գուցեեւ միայն անգլերեն խոսեն, առաջին պատահածը (քանի որ ազգովին փիլիսոփաներ ենք ու քաղաքական գործիչներ) կարող է իր «հանճարեղ» մտքերն արտահայտել հեռուստատեսությամբՙ նախապես վճարելով կլորիկ մի գումար, իսկ փոքրաթիվ խելացիներին, որ խեղդվում են այդ ամբողջ անճաշակությունից, կթողնվի ազատ ընտրությունՙ կա՚մ ձուլվել մեծամասնությանը, կա՚մ էլ հեռուստացույցն առհասարակ չմիացնել: Տխուր ընտրություն է, քանզի ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում իրավիճակը չի փոխվելու: Այսինքնՙ մենք երեւի հավերժորեն դատապարտված ենք ինչ-որ ստորակարգ չափանիշների հարմարվելու եւ դրանցով կողմնորոշվելուՙ լավն ու վատը որակելիս, ստիպված ենք անբովանդակալից եւ սթրեսից բացի ոչինչ չպարգեւող ֆիլմեր դիտել, ստիպված ենք անտաղանդ երգ ու հանգ լսելՙ գեղեցկատես եւ ձայնազուրկ (բառիս ուղղակի իմաստով) երգիչների կատարմամբ, ստիպված ենք ինքներս մեզ հերթական անգամ հարցնել, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում հաղորդավարուհիներն ու «աստղերը» հայկական հեռուստատեսությունումՙ միայն արտաքինո՞վ, թե՞, այնուամենայնիվ, գրագիտությունն ու ինտելեկտն էլ պիտի որոշիչ դեր խաղան.

Երբեւէ պիտի ազատվե՞նք անպայմանորեն ռաբիս երաժշտությամբ ուղեկցվող գովազդներիցՙ յուղի ու ձեթի, լվացքի փոշու, տակդիրների եւ այլնի: Երբեւէ կառաջադիմե՞ն գովազդ արտադրողներըՙ նկարահանելով ոչ թե անարտահայտիչ արտաքինով երեխաների, գովազդային պարզունակ դերն ասես վատ սերտած, ճղճղան ձայնով ու շինծու դիմախաղով դերասանուհիների, «Շվարցկոպֆ ընդ Հենկել ֆեստիվալի» գովազդային մեղեդու նշանաբանի ներքո հանդես եկող կասկածելի «գեղեցկուհիների», մարդկանց, որոնք երջանկությունից շողարձակող պարզունակ կերպարանքներով կանգնում ու հայտարարում են, թե բախտն իրենց շահում է ուղարկելՙ 5 հազար դրամ, ուղեւորություն Գերմանիա, 1 արկղ պաղպաղակ, լոտոյի լրացուցիչ տոմս. Երբեւէ կառաջադիմե՞նք մենք ու մեր «շռայլ» բախտը. աննախադեպ նորույթների այս տխուր ժամանակաշրջանից:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4