Հանրապետականների պասսիվությունը կարող է իշխանության կորստի հանգեցնել
Խորհրդարանական վերջին արտահերթ նստաշրջանը ցույց տվեց, որ երկրում քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների հեռանկարներ է բացում, հասկանալի էՙ հորիզոնում ունենալով գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի քանի կարեւորագույն օրինագծերիՙ 2001-2003 թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագիր-օրենքի, քաղծառայության մասին օրենքի շուրջ բանավեճեր ծավալվեցին, որոնք, որքան էլ գուցե տարօրինակ թվա մեր իրականության համար, գլխավորապես գաղափարական հենքի վրա էին ընթանում:
Աջ-ազատական ուժերն, օրինակ, ամեն կերպ փորձում էին ընդունել մասնավորեցման հերթական ծրագիրը, սոցիալիստական ուժերըՙ ի դեմս Կոմկուսի, ժողովրդական կուսակցության, Ազգային միաբանության եւ «Հանրապետություն» կուսակցության, կտրականապես դեմ էին արտահայտվում: Սակայն եթե ձախ կողմնորոշման այս ուժերի միջեւ սերտ համագործակցություն էր նկատվում, ինչը դրսեւորվեց Քաղծառայության մասին օրենքի քվեարկության տապալման նախաձեռնությամբ, աջերըՙ Հանրապետական կուսակցությունը, գլխավորապես գործարարներից կազմված «Ժողովրդական պատգամավորներ» եւ «Կայունություն» խմբերը, «Օրինաց երկիր» կուսակցությունը ոչ մի կերպ չկարողացան ընդհանուր թիմ կազմելՙ դիմակայելու գաղափարական հակառակորդների բավականին ուժեղ ճնշմանը:
Դեռեւս երկու կուսակցություններիՙ ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի համագումարների ընթացքում վերջնականապես ակնհայտ դարձավ, որ երկրապահականները դիրքորոշվել են դեպի ժողովրդականները, եւ խորհրդարանական ընտրություններին այս ուժերը թերեւս կարող են գնալ մեկ միավորմամբ: Պատահական չէ, որ վերջին շրջանում հատկապես օրենսդրական գործունեության ոլորտում ՀԺԿ-ն եւ «Հայաստան» խումբը բավականին հաջող համագործակցում են: Մյուս կողմից, ընդհանուր են նաեւ նրանց հայացքները հոկտեմբերի 27-ի դատավարության կապակցությամբ եւ երկուսն էլ աստիճանաբար մղվում են դեպի արմատական ընդդիմություն: Այս առումով հիմա նույնիսկ ծիծաղելի է խոսել «Միասնություն» դաշինքի գոյության մասին, որն իր ներկայությունը քաղաքական դաշտում պահպանում է զուտ ձեւականորեն եւ միայն այն պատճառով, որ կողմերից որեւէ մեկը չի ուզում դաշինքից առաջինը դուրս գալու հայտարարություն անել:
ԱԺ հերթական եռօրյաներից մեկից հետո կայացած մամլո ճեպազրույցում Կոմկուսի ներկայացուցիչ Յուրա Մանուկյանը «Ազգի» հարցին, թե իրենքՙ կոմունիստները, որքանով իրական են համարում գալիք ընտրություններին ՀԺԿ-ի հետ միավորմամբ գնալու հավանականությունը, պատասխանեց, թե դեռեւս նման խնդիր իրենք չեն քննարկել, սակայն ՀԺԿ-ի հետ համագործակցության հնարավորություն տեսնում են: Դա կարելի էր լուրջ հայտ ընդունել, որի պտուղները ձախ ուժերը քաղեցին արտահերթ նստաշրջանի ընթացքում: Իսկ ընդհանրապես Կոմկուսը չի կարող հաշվի չառնել ՀԺԿ-«Հանրապետություն» համագործակցության լուրջ պոտենցիալը, որից իրենք եւս կարող են օգտվելՙ ներդնելով իրենց ոչ քիչ ընտրազանգվածը:
Այլ պարագա է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որը վերջին շրջանում էականորեն ավելացրել է իշխանություններին ուղղված քննադատության «աղը»ՙ դրա շրջանակներում թիրախ դարձնելով նաեւ հանրապետության նախագահին: Նախորդ շաբաթ այս կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն առիթը բաց չէր թողնում յուրաքանչյուր անգամ հիշեցնելու, թե նախագահն արդեն սկսել է իր նախընտրական պայքարըՙ այդ նպատակին օգտագործելով իշխանություն կոչվող քաղաքական մեծամասնությանը խորհրդարանում: Հետաքրքրական է, որ նախկինում Գեղամյանի թիրախը հանրապետության վարչապետն էր իր թիմով ու ծրագրով, եւ նա ձեռնպահ էր մնում նախագահին ուղղված որեւէ քննադատական խոսքից, մինչդեռ հիմա «ջուր է լցում ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» ջրաղացին»: Հազիվ թե «Ազգային միաբանության» ղեկավարն այսքանը չի գիտակցում: Պարզապես մյուսների հետ Գեղամյանը եւս շատ լավ հասկանում է, որ հատկապես նախագահական ընտրություններում հաղթանակի հասնելու համար լուրջ գաղափարակիցներ գտնելը եւ միասնական թեկնածուով հանդես գալը միայն կարող է հաջողություններ բերել:
Աջերը թերեւս նկատում են այս ուժերի սերտացման փորձերը, սակայն զարմանալիորեն հակակշիռ ստեղծելու համար ոչինչ չեն ձեռնարկում: Իշխանությունը պահպանելու խնդիր ունեցող հանրապետականները, որոնք պետք է այս գործում նախաձեռնող լինեին, զբաղված են միայն ՀԺԿ-ի հարվածներից պաշտպանվելով եւ համախմբման որեւէ փորձ չեն ձեռնարկում, թեեւ դրա համար եւՙ դաշտը կա, եւՙ ժամանակը: Խորհրդարանում աջակողմյան հենարաններ փնտրելն իզուր է, սակայն մնում են արտախորհրդարանական կազմակերպությունները, ասենք, ԱԻՄ-ը, ՀՌԱԿ-ը եւ այլն: Համագործակցության հաջող ընթացք ապահովելու դեպքում նրանց կարող են միանալ նաեւ «Օրինաց երկիրը» եւ ամենագլխավորըՙ ձախ գաղափարախոսության կրող Դաշնակցությունը, որը ներկայումս իշխանության մասնիկ է կազմում եւ կարեւոր նախաձեռնություններում գրեթե միշտ պաշտպանում է հանրապետականներին:
Ինչեւէ, աջերը դեռեւս պասսիվ են, որի հաշվին աստիճանաբար դիրքերն են ամրացնում ձախ ուղղվածության քաղաքական ուժերը: Եթե ոչինչ չձեռնարկվի, հանրապետականները, ինչպես նաեւ ողջ աջ կողմնորոշման ուժերն ընդհանրապես կարող են իսկապես կանգնել իշխանությունը կորցնելու վտանգի առաջ:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ