«Ազգն» արդեն գրել է Ռուանդայի 1994 թ. ցեղասպանության 4 դահիճների բրյուսելյան դատավարության մասին: Երդվյալների դատարանն ութ շաբաթ տեւած նիստերից հետոՙ հունիսի 8-ին 12-20 տարվա բանտարկության դատապարտեց 4 ոճրագործներին (մեկ արդյունաբերող, մեկ մտավորական եւ երկու միանձնուհի), որոնք 1994 թ. զգալի մասնակցություն էին ունեցել 800 հազար խաղաղ թութսիների եւ հութուների բնաջնջմանը:
1993 թ. Բելգիայում ընդունված օրենքը երկրի դատարաններին լիազորում էր դատել պատերազմի միջազգային հանցագործներին, իսկ 1999թ. համանման օրենք ընդունվեց ցեղասպանության դահիճների համար: Այդ օրենքներն, անշուշտ, պատիվ են բերում Բելգիային: Սակայն, ինչպես նշում է փորձագետներից մեկը, բելգիական դատարանները կարող են հեղեղվել ամբողջ աշխարհում մարդկության դեմ գործված ոճիրներին առնչվող հարցերովՙ ծանր կացության մեջ դնելով բելգիացիներին: Օրինակ, վերջին հայցը վերաբերում է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին, որը մեղադրվում է անցյալում Լիբանանի Սաբրա եւ Շաթիլա ճամբարների պաղեստինցի գաղթականների բնաջնջման մեջ: Զոհերի բելգիահպատակ եւ պաղեստինցի հարազատների ներկայացրած հայցը շփոթության է մատնել բելգիացի դիվանագետներին, քանի որ կարող է բարդացնել Իսրայել-Բելգիա հարաբերությունները: Բացի դրանից, պաշտոնավարող ղեկավարները դժվար թե ներկայանան Բրյուսելի դատարան: Վերջին հանգամանքը հաշվի առնելովՙ Բելգիայի արտգործնախարար Լուի Միշելն առաջարկում է լրամշակել օրենքը:
«Ֆրանս-Արմենի» հանդեսը նշում է, որ երդվյալների դատարանում մեղադրող կողմի գլխավոր դատապաշտպան Ալեն Վինանցն իր մեղադրական ելույթներում Ռուանդայի ցեղասպանության մասին խոսելիս քանիցս անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ հրեաների ողջակիզմանը: Դա առաջին դատավարությունն էր, որտեղ ներկաները լսեցին նաեւ ցեղասպանության զոհերի ելույթները: Դատավճռի հրապարակումից հետո դատարանի նախագահը մաղթեց, որ Ռուանդայում դյուրանա վերահաշտեցման գործընթացը: Ի դեպ, դատավարության ընթացքում դահիճները երբեւէ զղջման խոսքեր չարտաբերեցին: Իրավական պատճառներով դատավճռում խոսվում է ոչ թե ցեղասպանության, այլ պատերազմական ոճիրների մասին: Բելգիայում ապաստանած 4 ոճրագործներն ի վերջո հասկացան, որ իրենց այլեւս ոչ ոք չի հովանավորի:
Պ. Ք.