Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ն առաջին անգամ հարգանքի պաշտոնական տուրք է մատուցել Հոլոքոսթից ճողոպրած, դիմադրության շարժման լեհ մարտիկ, լեզվաբանական եւ իրավաբանական գիտությունների մասնագետ Ռաֆայել Լեմկինի հիշատակին: Մարդու իրավունքների ճանաչման Ջեյկոբ Բլոսթեյն ինստիտուտի նախաձեռնությամբ եւ միջազգային համբավի տիրացած 250 իրավաբանների մասնակցությամբ վերջերս նշվել է 1951 թ. ուժի մեջ մտած ՄԱԿ-ի «Ցեղասպանության կոնվենցիայի» 50-ամյակը: Բանաձեւի մշակումը եւ «ցեղասպանություն» բառի օգտագործումը կապված են Լեմկինի անվան հետ:
Ազգությամբ հրեա Լեմկինը ծնվել է հարյուր տարի առաջ Լեհաստանում եւ 58 տարեկանումՙ 1959-ին վախճանվել աղքատության մեջ: Նյու Յորքում հուղարկավորության եւ թաղման ծախսերը հոգացել է Ամերիկայի հրեաների կոմիտեն: 1915-ի հայկական կոտորածներից սարսափահարՙ նա «Ազգերի լիգայից» պահանջել է զանգվածային կոտորածները, որոնք նա անվանել է «բարբարոսական գործողություններ», օրենքից դուրս հռչակելու եւ դատապարտելու բանաձեւ մշակել: Հոլոքոսթից անմիջապես հետո Լեհաստանից Շվեդիա անցնելովՙ 1943-ին նա առաջին անգամ Ցեղասպանություն բառն է օգտագործելՙ նկարագրելու համար հրեաների, գնչուների եւ լեհերի զանգվածային կոտորածները, որոնց զոհ են գնացել նաեւ իր ծնողներն ու 47 ազգականները:
«Նա նոր կրքոտությամբ եւ խորությամբ մոտեցավ Ցեղասպանության հարցին», դիմելով ներկաներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը, կոչ անելով աշխարհի պետություններինՙ հարգելով Լեմկինի հիշատակը վավերացնել աշխարհում առաջին միջազգային քրեական դատարանը ստեղծելու բանաձեւը:
Լրատվության մեջ նշվում է, որ Մ. Նահանգներն ուժգնորեն դիմադրում է նման բանաձեւի վավերացմանը, վախենալով, որ այդ ատյանի կողմից պատասխանատվության կկանչվեն նաեւ արտասահմանում մարտնչած ամերիկացի զինվորները: Բուշի վարչակազմը, դարձյալ ըստ լրատվության, Սենատի վավերացմանը չի ներկայացնի բանաձեւը, որը Քլինթոնի ժամանակ ստորագրել է պատերազմական ոճրագործությունների գծով դեսպան Դեյվիդ Շեֆերը, այդ ժամանակ աշխարհի պետություններին կոչ անելով «տրիբունալի իրավասությունից դուրս համարել ամերիկացի զինվորներին»: «Աշխարհը, ճիշտ է, կարիք ունի միջազգային ատյանի, բայց վերջինս էլ Մ. Նահանգների կարիքն ունի», ասել է նա:
Ռոյթերը նաեւ ավելացնում է, որ Մ. Նահանգները 40 տարի դիմադրելուց հետոՙ 1988-ին միայն վավերացրեց ՄԱԿ-ի Ցեղասպանության միջազգային կոնվենցիան, որը ցարդ վավերացված է 132 երկրների կողմից:
Հ. Ծ.