«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 600 ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք արդեն բազմիցս անդրադարձել ենք «Գազանը լուսնի վրա» պիեսի հաջողություններին աշխարհում: Վերջին անգամ մեր թերթի մայիսի 26-ի համարում տպագրված «Անցյալի վերապրումները լուսանկարի շրջանակում» խորագրով բավական ընդարձակ հոդվածում փորձ էր արվում համակողմանիորեն ներկայացնել ինչպես հեղինակին, այնպես էլ իր ստեղծագործությունը: Այս անգամ լուրը գալիս է հեռավոր Արգենտինայից: Տեղի հայկական համայնքի մշակութային ընկերության «Արմենիա» պարբերականի հունիսի 6-ի համարը տեղեկացնում է, որ պիեսն անցյալ դեկտեմբերից ի վեր ներկայացվում է Բուենոս Այրեսում եւ ամռան շրջանում նաեւ Մար Դել Պլատա քաղաքում: Ավելինՙ մայիսի 22-ին «Արմենիա» մշակութային ընկերության եւ Արգենտինահայ առեւտրական գրասենյակի հովանավորությամբ մայրաքաղաքի հայկական վեց վարժարանների բարձր դասարանների 600 աշակերտների համար «Արմենիա» մշակութային ընկերության թատերասրահում պիեսը ներկայացվել է ի պատիվ այդ առթիվ հատուկ հրավիրված թատերգության հեղինակ Ռիչարդ Կալինոսկու, որը խոսք առնելով անդրադարձել է դասախոսի իր երկարամյա փորձառությանը եւ պատմել պիեսի ստեղծման որոշ մանրամասնություններ: Խոսք են առել նաեւ Խրիմյան վարժարանի տեսչուհի Սիլվիա Չորդոնկյանը եւ պիեսի գլխավոր դերակատար Մանուել Քաժաուն, որը մարմնավորել է Արամ Թովմասյանի կերպարը:

Պիեսում Սեդայի դերը կատարել է դերասանուհի Մալենա Սոլդան: Այս առթիվ հետաքրքրական է իմանալ բեմադրող-ռեժիսոր Իրինա Բրուքի դիտարկումներըՙ ներկայացված 1996-ին լույս տեսած մի գրքույկում, որտեղ նշելով «Գազանի» մարդկային-հոգեբանական խորքի կարեւորությունը, գրել է, թե պիեսը «առանց քաղաքական, ճարտասանական կամ ուսուցողական քարոզչության, կարողանում է հանդիսատեսի ուշադրությունը հրավիրել 20-րդ դարի ամենասահմռկեցուցիչ անարդարություններից մեկիՙ Հայկական ցեղասպանության եւ վերապրողների կյանքում դրա հոգեբանական անդրադարձների վրա»: Իրինա Բրուքը ապա շարունակում է. «Մինչեւ 1996 թ., երբ «Գազանը» բեմադրելու փորձ կատարեցի, շատ քիչ բան գիտեի հայության մասին: Գաղափար չունեի, որ դարասկզբին Առաջին աշխարհամարտի քողի ներքո «էթնիկական զտման» հսկայածավալ գործողություններ են գործադրվել Օսմանյան Թուրքիայում: Մեզ համար կարեւոր է, որ սիրո այս յուրահատուկ պատմության միջոցով լույս սփռվի դեռեւս չլուծված այդ ողբերգության վրա: Ուսումնասիրություն կատարելու համար ընթերցեցի Ֆիլիպ Մարսդենի «The Crossing Place» («Խաչմերուկ») գիրքը, որը շատ ջերմ եւ մատչելի կերպով նոր դուռ բացեց իմ առջեւ եւ ներշնչանքի աղբյուր դարձավ: Այնուհետեւ կարդացի բավական շատՙ պատմական գրքերից մինչեւ Մ. Նահանգներում հաստատված վերապրողների հուշերը: Նաեւ «Մուսա լեռան 40 օրը», եւ որքան շատ կարդացի, այնքան ավելի փարվեցի նյութին եւ զգացի դրա հոգեբանական անդրադարձները մարդկային անմեղ հոգիների վրա: Խիստ հատկանշական վերնագիրն ակնարկ է Թուրքիայի փոքրիկ մի գյուղում 1893-ին տեղի ունեցած լուսնի խավարման, որին տեղացի թուրքերն իրենց յուրահատուկ բացատրությունն են տալիս, թե իբր վայրի մի գազան է ծածկում լուսնին: Նրանք իրենց հրացանները դուրս բերելով որոշում են սպանել գազանին, մինչդեռ հայերը լուռ հետեւում են, թե ինչ է կատարվում: Փոխաբերական պատկերը շատ հստակ է այստեղ նկարագրելու համար հայերի անգիտակ վիճակը, որն էլ իր հերթին կարելի դարձրեց կոտորածըՙ իր գագաթնակետին հասնելով 1915-ի ապրիլին եւ այնուհետեւ շարունակվեց «սպիտակ ջարդ» անվան տակՙ մշակութային արժեքների բնագավառում»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4