«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՄՔԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ Է ԿԱՐՈՏ

«Ազգ»-ի հյուրիՙ քանդակագործ Արա Շիրազի հետ զրուցում է օրաթերթի աշխատակից Թամար Հովհաննիսյանը

- Մեր քաղաքամայր Երեւանի այսօրվա տեսքը... Արա, կարելի՞ է ասել, որ նրանում գերիշխում է մեր մշակույթի բոլոր բնագավառներում վերջին տասնամյակում բույն դրած սկզբունքըՙ պետական մտածողության բացակայություն, պատմամշակութային հիշողության կորուստ: Դրանք հիմնականում դրսեւորվում են Երեւանի ներկայիս ճարտարապետա-շինարարական խիստ խայտաբղետ, օտարածին ոճի մեջ: Ըստ էության կառուցողն այսօր այսպես ասած փողն է, ոչ թե ճաշակը:

- Այո, ով ինչ ուզում է եւ ինչ կարողանում է կառուցում է. աններդաշնակ, անճաշակ, տարաոճ: Սա ցավոք, այո՚, ամուր արմատներ գցած ընթացք է, որ սպառնում է դառնալ գեղագիտական «ճաշակ», գեղարվեստական հայեցակարգ, աշխարհընկալում: Եվ այդ ընթացքի վերջը չի երեւում: Այնպես որ, Թամար, «Ազգ»-ի էջում բարձրացրած այս գերխնդիրը միանգամայն տեղին է:

- Թյուր կարծիք կա, թե մեր քաղաքը ձեռք է բերել «եվրոպականացված» տեսք: Համեմատությունը սխալ է թվում: Արեւմտյան Եվրոպայի տեսածս եւ ոչ մի քաղաքի ոչ մի փողոց չի՚ հառնում հիշողությանս մեջՙ զուգահեռներ անցկացնելու այսօրվա Երեւանի հետ: Եվ եթե, այնուամենայնիվ, համեմատության եզրեր փնտրենք, ապա միգուցե եվրոպական գաղութատիրությունից հետո զարգացման ճանապարհը բռնած որոշ երկրների քաղաքաշինության միտումների հետ: Ստանդարտ մտածողություն, արտահայտչաձեւեր եւ միջոցներ: Տեխնոպլաստի, դյուրալյումինի, մուգ ապակիների (եւ նման) ճնշող ու վանող գերակայություն: Շուրջ 40 տարիների ուշացումով քաղաքաշինության նման ոճը, դյուզն-ինչ «սեփական» տարբերակումներով ներխուժել է ազատ, անկախ Հայաստանՙ համարվելով, խիստ «արդիական», «մոդայիկ», «քաղաքակիրթ»:

- Նորը վատ չէ: Մենք նոր նյութերին դեմ չենք, դա բնական երեւույթ է: Կարեւորը ճաշակն է եւ դարձյալ ճաշակը: Ամեն ինչ նրա՜ն է ենթարկյալ: Իսկ մեզանում այն այսօր գերազանցապես բացակայում է: Բացի այդ, պատմության գիրկն է անցել շատ կարեւոր մի գործոնՙ հասարակությանը պահել իրազեկ իր հարազատ քաղաքի տեսքի «ճակատագրի», նորամուծ միտումների մասին:

Մանրամասնեմ. նախկինում առկա էին տարբեր լծակներ, որոնց շնորհիվ ժողովուրդը որոշակի առումով մասնակից էր դառնում քաղաքի ճարտարապետական, շինարարական զարգացման ընթացքին: Համապատասխան նախարարությունները հայտարարում էին բաց մրցույթ, կազմակերպում ճարտարապետների, քանդակագործների աշխատանքների գծագրերի, մակետների ցուցադրումներ, ցուցասրահներում դրվում էին հատուկ մատյաններՙ ժողովրդի կարծիքն ու տպավորությունները գրացնելու համար, ինչը հաշվի էր առնվում գեղարվեստական խորհրդի կողմից: Նույնը եւՙ քաղաքում տեղադրվելիք արձանների դեպքում էր: Հանձնաժողովների կազմում հեղինակավոր մասնագետներից բացի ընդգրկված էին մշակույթի տարբեր ասպարեզների ներկայացուցիչներ: Արդյունքումՙ մեծապես ստեղծագործական, խթանող մթնոլորտ ներսում, իսկ դրսումՙ ազգային դեմք եւ գեղագիտական ճաշակ ներկայացնող գործեր: Այդպես պիտի լինի նաեւ այսօր:

- Մինչդեռ այսօր նման առողջ մրցակցության առաջարկները (բոլոր բնագավառներում) ի վնաս ընդհանուր գործի միտումնավոր մեկնաբանվում են որպես «անձնական պայքար»: Սա է պատճառներից մեկը, որ հայ արդի մշակույթի հիմնասյուն ոլորտներում գերիշխում է էգոմանիայի հասնող եսակենտրոնությունը:

- Ցավալի է, որ այդպես է: Ժամանակին մեր արվեստի կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներն ամենամյա նոր ստեղծագործական ծրագրեր էին ներկայացնում մշակույթի նախարարությունՙ քննարկելու, հաստատելու անհրաժեշտությամբ: Իսկ այսօր գրեթե ամենուրեք միանձնյա եւ անժամկետ դիկտատ է... Այս երեւույթը չի շրջանցել նաեւ քանդակագործության բնագավառը:

- Իսկական արվեստի որակը քանակով չի որոշվում, նաեւՙ զանազան հովանավորների շռայլությամբ: Մերօրյա իրականության միտումներից էՙ կառուցում է նա, ով դրամ ունի, ճաշակը թելադրում է նա, ով վճարում է:

- Հովանավորներ պետք է լինեն: Ժամանակին մենք մանթաշովներ ենք ունեցել... Սակայն հարկ է իմանալ, թե ինչ ես հովանավորում, փողը դեռ ամենայն ինչը չէ: Խոսեցիք քանակի մասինՙ ճշմարիտ եք: Օրինակ, եկեք հիշենք վերջին 10 տարիների ընթացքում Երեւանում տեղադրված քանդակները. Վահան Տերյանի (հեղ.ՙ Նորայր Կարգանյան), Արամ Խաչատրյանի (հեղ.ՙ Յուրի Պետրոսյան), Լեոնիդ Ենգիբարյանի, Կարա Բալայի, 2 քանդակ պրեզիդենտի նստավայրում եւ 2 քանդակ-կորիատիդ Բրաբիոն-սերվիսի մոտ:

Այս 8 քանդակներից միայն 2-ն են անցել-հաստատվել մրցույթով: Մյուսները, փաստորեն, անօրինական են տեղադրված, այսպես ասած, «մենաշնորհ» իրավունքով: Եվ ինչն է ամենաանարդարացին. բոլորն էլ նույն հեղինակի (Լեւոն Թոքմաջյան) գործերն են: Նորմա՞լ երեւույթ է սա: Միանշանակորենՙ ոչ: Հատկապես այն պարագայում, երբ շատ շնորհալի քանդակագործներ կան թե՚ ավագ, թե՚ երիտասարդ սերնդի մեջ: Իսկ քաղաքում «բուսնում» են եւ դեռ հավակնություն ունեն «բուսնելու» անընդհատ նույն հեղինակի քանդակները:

- Ի դեպ, Արա, փոքր-ինչ շեղվելով բուն նյութից, ասեմ, որ մեր ընթերցողներից շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ են մասնավորապես վերջին տարիներին քաղաքում դրված գրեթե բոլոր քանդակները «նստած»:

- Ես, անշուշտ, դրանց հեղինակների փոխարեն պատասխանել չեմ կարող, բայց քանի որ, Թամար, Ձեր ակնարկած բոլոր քանդակներն էլ տեղադրված են մայրաքաղաքի մեկ ընդհանուր շառավիղում, կարծում եմ, դա արված է ընդհանուր ոճը պահպանելու համար: Սակայն դա չէ ամենաէականը, այլ պրոֆեսիոնալ մակարդակը:

- Հայտնի է, որ վերջերս քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի դատին էին ներկայացվել հիշատակված 8 քանդակների հեղինակի երկու նոր մեծածավալ գործերի մակետներըՙ Երեւանի կենտրոնում տեղադրվելու հավակնությամբ: Սակայն մերժվել էին, չնայած այն հանգամանքին, որ «ապահովագրված» էին վերին ատյանների որոշ այրերի բարեխոսական նամակներով:

- Ես ներկա եմ գտնվել այդ քննարկմանը եւ պետք է ասեմ, որ որոշումը միանգամայն արդարամիտ էր: Սակայն ասեմ նաեւ. մերժելն առաջին քայլն է, ճիշտ քայլերից մեկը: Անհրաժեշտ է ստեղծել ստեղծագործական առողջ մրցակցության դաշտ, հնարավորություն տալ ե՚ւ մասնագետներին ե՚ւ հասարակությանը, ե՚ւ արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներին մասնակիցը դառնալ բաց մրցույթների ցուցադրումներին, որոնք յուրօրինակ ստուգատես են, գործին խթանող: Այլապես միշտ կդոփենք նույն, այսօրվա կետում, որի նկարագիրը հրատապ բարեփոխումների է կարոտ:

- Կարծում եմ, առաջին քայլերն արված են, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանին կից ստեղծվել է հեղինակավոր գեղարվեստական խորհուրդ:

- Այն գործում է եւ ցանկալի է, որ հետագայում գործի առավել ակտիվորեն: Օրինակ, վերջերս հայտարարվեց բաց մրցույթՙ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ Վիեննայում հուշարձան կանգնեցնելու նպատակով:

- Տեղի հայերի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ:

- Այո: Հայաստանի նկարիչների տանն այդ մրցույթին մասնակցեցին 50-ից ավելի արվեստագետներՙ ցուցադրելով հետաքրքրական, ուշագրավ գործեր: Այսպես պիտի լինի միշտ: Պահպանելով մեր ազգային, ավանդական արժեքները, պետք է հաղորդենք նրանց արդիական շունչ եւ անենք այդ ամենաբարձր մասնագիտական դրսեւորմամբ, բոլոր օժտված արվեստագետների համատեղ ուժերով, ժողովրդի աչքի առջեւ, ժողովրդի համար:

Քաղաքի դեմքը մարմնավորող ճարտարապետության ու քանդակագործության եւ մշակույթի բոլոր այլ բնագավառների միջեւ մի ակներեւ եւ կարեւոր տարբերություն գոյություն ունի: Վերոհիշյալներից զատ, բոլոր մնացյալները մարդն ինքն է ընտրում իր համար ըստ սեփական ճաշակի եւ պահանջներիՙ ի՞նչ կարդա, ի՞նչ լսի, ո՞ր թատրոնը գնա, ո՞ր ցուցահանդեսը այցելի...

Եվ միայն քաղաքի մշակութային դեմքն է որոշակի առումով «պարտադրվում» նրան: Նա քայլում է իր հարազատ քաղաքի փողոցներով, պուրակներովՙ չունենալով տվյալ պահին այլընտրանք. ինքն է եւ իր քաղաքը: Եվ իր քաղաքն այնպիսին պիտի լինի, որ մարդը երբեք չօտարանա նրանից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4