«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2001-07-07 | #127, 2001-07-10 | #128, 2001-07-11


Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋԵՎ ԿԱ ԵՐԿԿՈՂՄ ԿԱՊ»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 10-ին Փարզում մեկնարկեց Հայաստանի դոնորների խորհրդատվական հանդիպումը: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, հանդիպմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, շուրջ երեք տասնյակ դոնոր երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպումը բացեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ Քոնորը: Վերջին շրջանում ՀՀ-ի տնտեսական ցուցանիշները համարելով տպավորիչ, Ջ. Օ Քոնորը ընդծգեց, որ ժամանակն է շարունակելու գործընթացը եւ ստեղծված նախադրյալներից օգտվելով փորձելու առաջ շարժվել:

Հայաստանի տնտեսական գերակայություններն ու ՀՀ կառավարության Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նա նշեց, որ տնտեսական ակտիվության ու իրական աշխատավարձերի անկումը, գործազրկության եւ տնտեսության ստվերային հատվածի աճը հանգեցրել են սոցիալական ապահովագրության եւ ապահովության նախկին համակարգերի գրեթե փլուզմանը: Կառավարությունը զգալի դժվարությունների է հանդիպում շուրջ 560 հազար թոշակառուներին կենսաթոշակների վճարման հարցում:

Աղքատության կրճատման հիմնական ուղին, ըստ ՀՀ վարչապետի, կառավարությունը համարում է բարձր, կայուն եւ համապարփակ տնտեսական աճը: «Տնտեսական զարգացման ու աղքատության նվազեցման միջեւ կապը երկկողմանի է. աղքատությունը չի կարող մեղմվել առանց տնտեսական զարգացման, սակայն, նաեւ տնտեսական զարգացումը չի կարող կայուն լինելՙ հասարակությունում աղքատության խորացման պայմաններում», ընդգծեց Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, աղքատության նվազեցման համար անհրաժեշտ պայման է նաեւ պետական կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը:

Որպես աղքատության հիմնախնդրի լուծման կարեւորագույն միջոց կառավարությունն առաջնային է համարում աշխատատեղերի ստեղծումն ու այդ նպատակով նպաստավոր գործարար միջավայրի ապահովումը, ներդրումների խթանումն ու գործարարության աջակցումը: Կայուն տնտեսական աճի ապահովման տեսանկյունից կառավարությունն անհրաժեշտ քայլ է համարում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության այս տարի ակնկալվող անդամակցությունը:

«Մրցակցային եւ ներդրումների համար նպաստավոր միջավայրի հաստատման տեսանկյունից կառավարությունն առաջնահերթ է համարում ազատ տնտեսական մրցակցության ապահովումն ու այդ նպատակով փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն ու մենաշնորհների դեմ պայքարի գործուն մեխանիզմների սահմանումը», նշեց Անդրանիկ Մարգարյանը:

Տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից Անդրանիկ Մարգարյանը կարեւորեց գյուղատնտեսության բնագավառում տնտեսական առաջընթացի ապահովումը, ինչը առաջին հերթին պայմանավորված է գյուղական բնակավայրերում զբաղվածության այլընտրանքների բացակայությամբ: «Կառավարությունը հետամուտ կլինի ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը, գյուղտեխնիկայի ու պարարտանյութերի մատչելիության ապահովմանը», նշեց ՀՀ վարչապետը: Մասնավորապես, կարեւոր նշանակություն կունենա Համաշխարհային բանկի հետ ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի իրականացումը: Կառավարության կողմից մշակվել եւ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվում է պարենային ապահովության ծրագիր:

Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում կարեւորեց նաեւ պետական կառավարման բարելավումը: Վարչապետը հատկապես շեշտեց կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը:

Արդեն իսկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է բարձրաստիճան պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման օրենքի նախագիծը: Կառավարությունը հետամուտ է լինելու ընթացիկ տարում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունմանը: «Այն մի կողմից կերաշխավորի պետական ծառայողների պաշտոնավարությունըՙ անկախ քաղաքական իշխանության փոփոխությունից, մյուս կողմիցՙ կսահմանի մասնագիտական գիտելիքների եւ փորձի պահանջներՙ համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար», ասաց Անդրանիկ Մարգարյանը:

«Կառավարությունը կապահովի գործազրկությունից պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրումը եւ իր ուշադրությունը կկենտրոնացնի աշխատանք գտնելու հարցում գործազուրկներին օժանդակելու քաղաքականության վրա: Ելնելով առկա մեծածավալ աղքատությունից, կառավարությունը կշարունակի առանձնակի ուշադրություն դարձնել սոցիալական օժանդակության ծրագրերին, առաջնայնությունը տալով ընտանեկան նպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանը», նշեց ՀՀ կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, սոցիալական ապահովագրության համակարգի զարգացումն ուղղված է լինելու վարչարարության ու ֆինանսավորման կատարելագործմանը, մասնավորապեսՙ անհատական ծածկագրային համակարգի ներդրմամբ, որի միջոցով զգալիորեն կբարելավվի համակարգի նկատմամբ վերահսկողությունը:

Նշվեց, որ աղքատության նվազեցման ռազմավարության մշակման գործընթացը կազմակերպելու եւ դրա հետ կապված քաղաքականության ուղղորդման նպատակով, կառավարությունը ստեղծել է Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի մշակման համակարգման խորհուրդ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4