Մենք ամեն ինչ եւ ամենքին հայկականացնելու հատկություն ունենք: Հատկապես սիրում ենք մոլորակի բոլոր հայտնի ու անհայտ ներկայացուցիչներին հայկական ծագմամբ բնորոշել: Բայց, պարզվում է, կան ծուղակներ, որոնք հենց մեզ զրկում են այդ յուրահատկությամբ փայլելու հնարավորությունից, ասենք, Հայաստանի Հանրապետության անձնագրերում մեր ազգանունների անգլերեն տարբերակները: Խոսքն այն մասին է, որ մեր ազգանունների «յան» վերջավորության անգլերեն թարգմանության yan տարբերակը հանդիպում է պարսկական, սկանդինավյան ազգանուններում եւս: Իրականում, սակայն, խնդիրը ոչ թե նման համընկնումների հանդեպ խանդի մեջ է, այլ սփյուռքի հետ միասնականությանՙ այն տեսանկյունից, որ վերջինիս մեջ առավելապես ընդունված է ազգանունների վերջավորությունների ian ձեւը: Սրանից էլ զատ, տառադարձման անմիանշանակությունը թե «յան» վերջավորության, թե առհասարակ ամբողջ ազգանունների առումով կենցաղային թյուրիմացությունների պատճառ էլ է դառնում: Այսպես, տարբեր փաստաթղթերում ձեր ազգանվան տարբեր թարգմանությունների դեպքում որեւէ օդանավակայանում սահմանապահ ոստիկանին չեք կարողանա համոզել, թե դուք հանցագործ տարր չեք եւ որ այդ իրարից տարբերվող ազգանունները ձեր հայկական ազգանվան տարաբնույթ տառադարձություններն են ընդամենը: Այնպես որ, ՀՀ քաղաքացիներն ու կեցության հատուկ կարգավիճակ ունեցող սփյուռքահայերն իրենց ազգանունների տառադարձման սկզբունքները ճշգրտելու բողոքներով մշտապես դիմում են ՀՀ ՆԳՆ անձնագրային վարչություններ:
Ինչպե՞ս է առաջացել այս վիճակը: 1992 թ. խորհրդային անձնագրերը հայկականով փոխելիս կազմվել է անձնագրային համակարգի ավտոմատացված համալիր, որն էլ թարգմանում է մեր անձնագրային տվյալները հայերենից անգլերեն:
Այս գործընթացին, ՀՀ ՆԳՆ անձնագրային գլխավոր վարչության պետ Ալինա Զաքարյանի հավաստմամբ, մասնակցել են սույն վարչությունը, Երեւանի ավտոմատացված կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԱԿՀԳՀԻ), ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը: Ըստ տկն Զաքարյանի, ներքգործնախարարությունը վերոհիշյալ համակարգը կազմելու պատվեր է տվել ԵրԱԿՀԳՀԻ-ին, սա էլ հայերենից անգլերեն տառադարձման հիմնական սկզբունքները տրամադրելու համար պաշտոնապես դիմել է լեզվի ինստիտուտ: ԵրԱԿՀԳՀԻ-ի փոխտնօրեն Յուրի Մոսիկյանն այս առնչությամբ նշում է, որ թեպետ իրենք իրոք ԳԱԱ լեզվի ինստիտուտից խնդրել եւ ստացել են տառադարձման գլխավոր սկզբունքները, միեւնույն է, դա դուրս է եղել իրենց ինստիտուտի պարտավորությունների շրջանակներից: «ՆԳՆ-ն պիտի լեզվի ինստիտուտից ստանար հայերենից անգլերեն ազգանունների տառադարձման սկզբունքների վերաբերյալ հատուկ մշակված պաշտոնական կանոնակարգ եւ հանձներ մեզ: Մենք այս կարգի մասին այն ժամանակ էլՙ ծրագիրը կազմելիս, զգուշացրել ենք նախարարությանը», նշեց Յ. Մոսիկյանն «Ազգի» հետ զրույցումՙ եւս մեկ անգամ ճշտելով, թե իրենց դիմումը լեզվի ինստիտուտ չի եղել պաշտոնական:
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանն «Ազգի» հարցերին պատասխանելով նշեց, թե իրենցից տառադարձման զուտ ընդհանուր սկզբունքներն են խնդրելՙ հապճեպ, բարեկամական օգնության կարգով: Այն դեպքում, երբ ազգանունների տառադարձումը նուրբ աշխատանք է պահանջումՙ նախ դիրքային հնչյունափոխությունների ճշգրիտ կատարման (ինչի դեպքում նույն յ-ն երբեմն y, երբեմնՙ i է տառադարձվում), նաեւ առհասարակ տառադարձման մեկ միասնական համակարգի մշակման հաշվարկով: Սա կապահովեր հայկական ազգանունների լատինատառ թարգմանությունների միանշանակությունը: Հնարավո՞ր է այսօր գալ այդ միանշանակությանը: Պրն Ջահուկյանի հավաստմամբՙ լեզվի պետական տեսչությանը կից հայոց լեզվի բարձրագույն խորհուրդը համապատասխան դիմումի դեպքում պատրաստ է մանրամասն քննարկել տառադարձման բոլոր վիճելի կետերը, մասնավորապես որոշել յան-ի թարգմանության տարբերակներից մեկի նպատակահարմարությունը: «Նման կարեւորագույն խնդրում անհրաժեշտ է հնարավորինս լայն շրջանակների, գերատեսչությունների համագործակցություն, իսկ մեզ որեւէ մեկն այդ խնդրով չի դիմում»:
Յուրի Մոսիկյանն էլ համաձայնեց, թե գործող համակարգը կարելի է նորացնել: «Առհասարակ յուրաքանչյուր համակարգի շահագործումից հետո էլ ի հայտ են գալիս որոշ թերություններ, որոնք անհրաժեշտ է ժամանակի ընթացքում վերացնել: Այսօր էլ սխալները կարող են ուղղվել»: Բայց ՆԳՆ-ԵրԱԿՀԳՀԻ համագործակցությունն այս խնդրում դադարեցված է: Այնպես որ, նախաձեռնությունը ՆԳՆ անձնագրային գլխավոր վարչության կողմն է: Կմշակվի՞ առավել անթերի մի համակարգ, որն ի զորու կլինի գեթ նվազագույնի հասցնել ազգանուններիՙ մի լեզվից մյուսը փոխանցելու ժամանակ տեղ գտած աղավաղումները, թե՞, ինչպես ազգային շատ խնդիրներում, այս հարցում էլ կմնանք աղճատված ե՚ւ ներսում, ե՚ւ սփյուռքի հետ: Իսկ սա ազգային խնդիր է եւ ոչ զուտ մի տառը թղթի վրա մեկ այլ տառով փոխարինելու պարապ քմահաճույք:
Ծայրահեղ դեպքում եղած ծրագիրն էլ, ըստ Յ. Մոսիկյանի, քաղաքացուն ընձեռում է իր ազգանունն իր կամեցած տառադարձմամբ գրելու հնարավորություն: Բայց արդյոք այդ մասին հարցնո՞ւմ են քաղաքացուն: ՆԳՆ անձնագրային գլխավոր վարչությունում մեզ վստահեցրին, թե տառադարձման հետ կապված բոլոր գործողությունները կատարվում են ավտոմատ կերպովՙ առանց միջամտության:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ