Չեխական լրատվական գործակալության տեղեկությունների հիման վրա «Արմինյըն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 23-ի համարը հայտնում է, որ մինչեւ հուլիսի 3-ը վերջերս 77 տարին բոլորած մեծանուն երգահան եւ երգիչ Շառլ Ազնավուրը Պրահայում մասնակցել է ֆրանսիական «Անժելինա» փոքր բյուջետային ֆիլմի նկարահանումներին: Այդ առթիվ «Պրահակոնցերտի» պատասխանատուներից Իվո Լետովը ժխտել է համերգներ կազմակերպելու հնարավորությունը:
Նա նշել է, որ 1968-ի օգոստոսին եղել է այդպիսի պայմանագիր, որը չեղյալ է հայտարարվել խորհրդային բանակի երկիր ներխուժման հետեւանքով: Ենթադրվում է, որ Ազնավուրն ինքն է ջնջել պայմանագիրըՙ կապված ուսանող Յան Պալաշիՙ որպես բողոքի նշան ինքնահրկիզման հետ: 1969-ի հունվարին, այդ դեպքից մի քանի օր անց, Պրահա ժամանելովՙ Ազնավուրը Չարլզ համալսարանում դրված ուսանողի դագաղի առաջ երկար ժամանակ լուռ է մնացել եւ, ըստ այդտեղ գտնվող լուսանկարիչ Պավել Վաչայի, ցածրաձայն արտասանել է հետեւյալ խոսքերը. «Զգում եմ, որ հասկանում եմ անհասկանալի արարքդ: Մի մոռացիր, որ Փարիզում ծնված հայ եմ: Մեր ազգը նույնպես ապրել է ատելի ամբողջատիրական վարչակարգի եւ օտար ուժերի իշխանության դառը փորձառությունը»: Հ. Ծ.