ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ հուլիսի 15-ին «Վաշինգտոն փոստ» թերթը ծավալուն հոդված է նվիրել ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Այն հիմնականում նկարագրում է, թե ինչպես համանախագահները կտրեցին-անցան Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանը, բայց հոդվածագիրը, վկայակոչելով միջնորդներին, նաեւ պնդում է, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն մոտ 80 տոկոսով համաձայնության են հասելՙ ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»: Այնինչ Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հուլիսի 16-ին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում պնդում է, որ «համանախագահների այցը որեւէ գործնական արդյունք չտվեց»: Ավելին, փարիզյան սկզբունքները, ըստ նրա, հերթական հայկական միֆն են: Փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն: Ոչ մի համաձայնություն էլ Փարիզում ձեռք չի բերվել: «Հարցի ռազմական լուծումը բացառված չէ: Ադրբեջանը չի կարող համակերպվել ներկա իրողություններին», հայտարարել է Գուլիեւը: