ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հուլիսի 13-ին «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» միտումներին անդրադառնալիս «Ազգը», հիմք ընդունելով դրա հիմնադիր անդամներից Օզդեմ Սանբերքի «նպատակը ոչ թե ճշմարտությունը գտնելն է, ապագայի նոր հորիզոններ բացելն ու փոխըմբռնումները խորացնելը» խոսքերը, կարծիք էր հայտնել, թե կեղծիքը որպես «ապագայի նոր հորիզոններ բացելու» նախապայման գերադասելի է դառնում ճշմարտությունից, իսկ փոխըմբռնման խորացումը ենթադրում է Հայոց ցեղասպանության ուրացման հարցում աջակցել թուրքերին:
Վերոհիշյալ կարծիքը հիմնավորվել է Թուրքիայի արտգործնախարարության «Պատմության հետ հաշտվելու եւ իր հարեւանների նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելու» կոչով, որը նոյեմբերի 13-ին ուղղվել էր Հայաստանին: Դրան էր հետեւել նոյեմբերի 22-ին նույն նախարարության մշակած եւ կառավարության քննարկմանը ներկայացրած «Հայկական հարցի չեզոքացման» նախագիծը: Սա նույնպես կարեւոր փաստ է, սակայն վերոհիշյալ կարծիքի հիմնավորման առումով առավել կարեւորը Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ս. թ. փետրվարի 21-ին ընդունած օրինագիծն է, որը պաշտոնապես դատապարտում է Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Թուրքիայի արտգործնախարարության վերոհիշյալ կոչն ու «Հայկական հարցի չեզոքացման» նախագիծը, ինչպես նաեւ Մեջլիսի խնդրո առարկա օրինագիծը ոչ մի կասկած չեն հարուցում Հայոց ցեղասպանության հարցը համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս մղելու, դրա միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու Թուրքիայի վճռականության մասին:
«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծումն այս առումով պատահական չէ: Հարկ է սակայն նշել, որ տվյալ դեպքում խոսքը սոսկ քաղաքական միջոցառումներին չի վերաբերում: Թուրքերը Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական ոլորտից ակադեմիական ոլորտ տեղափոխելու նկրտումներով նույնիսկ չեն խորշում քաղաքականացնել գիտական միջոցառումները: Դրանք նպաստում են թուրքական կեղծիքի քաղաքականացմանը: Այս պայմաններում կեղծարարությունն ակամա վերածվում է քաղաքականության:
Հայոց ցեղասպանության կեղծարարությունը Թուրքիայում վաղուց է պետական քաղաքականություն դարձել: Ինչ վերաբերում է թուրքական կեղծիքի քաղաքականացմանը, ապա նոր չեն նաեւ դրա փորձերը: Սակայն այս փորձերին Մեջլիսի անմիջական մասնակցությունը համեմատաբար նոր երեւույթ է: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ հունիսի 27-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հանրապետական նախկին Սենատի սրահում կազմակերպված շնորհանդեսին: Դրա համար առիթ էր ծառայել օրերս Մեջլիսի հովանավորությամբ անգլերենով հրատարակված «Հայերը օսմանյան վերջին շրջանում» ժողովածուն: Հունիսի 29-ին «Ակօսը», տեղեկացնելով այդ մասին, չակերտների մեջ ընթերցողին տեղյակ է պահում, որ գիրքը հրատարակվել է «Թուրքիայի Հանրապետությանը եւ ժողովրդին ուղղված մեղադրանքները պատմական ճշմարտությունների լույսի տակ գիտական փաստարկներով հերքելու» նպատակով:
Ըստ «Ակօսի»ՙ շնորհանդեսին մասնակցել են թուրք պետական գործիչները, Թուրքիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, տարբեր համալսարաններից խնդրին առնչվող ֆակուլտետների դեկանները, Թուրքական պատմական ընկերության անդամներն ու ինչպես թուրք, այնպես էլ օտարերկրյա մամուլի ներկայացուցիչները:
Շնորհանդեսին ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Օմեր Իզգին, ընդգծելով. «Գիրքը գալիս է փաստելու, որ թուրքերը հայերի նկատմամբ ցեղասպանություն չեն գործել»: «Հայերը օսմանյան վերջին շրջանում» ժողովածուն հրատարակությանն է պատրաստել Թուրքական պատմական ընկերությունը, իսկ Մեջլիսի մշակույթի, արվեստի ու հրատարակման խորհուրդը ձեռնամուխ է եղել դրա առաքմանն աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններ, համալսարանների գրադարաններ եւ միջազգային կազմակերպություններ: Միաժամանակ ծրագրվում է առաջիկայում դա հրատարակել թուրքերեն:
Ժողովածուն ներառում է թուրք եւ օտարերկրյա բազմաթիվ գիտնականների, հետազոտողների եւ գրողների հոդվածները: Դրա խմբագիրներն են պրոֆեսորներ Թուրքայա Աթայովը, Իլբեր Օրթայլըն եւ Սթանֆորդ Շոուն: Ի դեպ, շնորհանդեսի ավարտին Օմեր Իզգին ժողովածուի մասնակիցներին պարգեւատրել էր հուշամեդալներով:
Գիտականի համարում ունեցող յուրաքանչյուր ժողովածուի շնորհանդեսը, ինչ խոսք, գիտական երեւույթ է: Բայց երբ կեղծիքը իբրեւ գիտություն է ներկայացվում, ապա շնորհանդեսը դրա հետ թե՚ քաղաքականացվում եւ թե՚ վերածվում է կատարյալ կեղծիքի: