«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2001-07-12 | #130, 2001-07-13 | #132, 2001-07-17


ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ՄԻՋՆՈՐԴԵՑԻՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ

Դատապաշտպանների դիմումների հիման վրա տուժողների գործերը կքննվեն դատախազությունում

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Մ. Յունոշեւը «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով հուլիսի 16-ի դատական նիստում միջնորդեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանին տեղափոխել ԱԱՆ մեկուսարանից: Փաստաբանը նշեց, որ այդ մտքին է եկել ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների վրա հիմնվելով, ինչպես նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործն ուսումասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելով: Յունոշեւը հայտնեց, որ ոչ թե հաստատում, այլ ենթադրում է ԱԱՆ-ի հետ ամբաստանյալի ունեցած համագործակցությունը: «Այդ փաստերը կարող են ընդլայնվել հետագայում, քանի որ տուժող կողմը մտադիր է նոր միջնորդություններ հարուցել, որոնց արդյունքում կարող են նոր ապացույցներ ձեռք բերվել Ն. Հունանյանիՙ ԱԱՆ-ի հետ ունեցած համագործակցության մասինՙ ծառայողակա՞ն կախվածության մեջ է գտնվում ԱԱՆ-ից, թե՞...», նշեց փաստաբանը: Ավելացրեց, որ տեղափոխումը ամբաստանյալի շահերից է բխում, քանի որ դատաքննութան ընթացքում նա բազմիցս նշել է բռնությունների մասին, որի հետեւանքով ցուցմունքը փոխել է: «Ոչ ոք չի կարող ասել, որ նույնը չի կրկնվի», եզրակացրեց փաստաբան Յունոշեւը:

Սակայն ամբաստանյալ Ն. Հունանյանը հայտնեց, թե չի կարող համամիտ լինել մի միջնորդության հետ, որի հիմքում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի որոշումն է: «Եթե առանց ինձ լսելու է հանձնաժողովը որոշում կայացրելՙ սուբեկտիվ եմ համարում: Որոշակի ուժերի կողմից այն միտումն եմ տեսնում, որ ինձ հետ կոնտակտի մեջ մտնելու նպատակով են ուզում տեղափոխել այնտեղ: Նախազգուշացնում եմ, որ չեմ գնա դրան, եթե տեղափոխեն», հայտարարեց ամբաստանյալը: Անդրադառնալով միջնորդող կողմի բերած փաստարկներին, նա հայտնեց. «Երբ ցուցմունք էի տալիսՙ ասում էին ԱԱՆ-ն արտաիրավական օգնություն է ցուցաբերում, կարծես ԱԱՆ աշխատակիցները բան ու գործը թողած ինձ համար ցուցմունք են պատրաստում, սակայն մեկ ամսից ավելի պատասխանում եմ մեղադրողի հարցերին, եւ դա բոլորին տեսանելի է: Միջնորդությունը բավարարելՙ նշանակում է ԱԱՆ-ի վրա ցեխ շպրտել, մեղադրանք առաջադրել»: Վստահ էր, որ եթե նույնիսկ տեղափոխեն, հիշյալ քաղաքական ուժերը շահարկման այլ նյութ կգտնեն: Ամբաստանյալը չէր կասկածում, որ եթե Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում իր հետ մի բան լինիՙ պատասխանատվությունը կդրվի իշխանությունների վրա:

Պաշտպանական կողմը, այդ թվում նաեւ Ն. Հունանյանի դատապաշտպան Կարապետյանը, գտնում էր, որ այս պահին միջնորդությունը հիմնավորված չէ, այն արված է լոկ ենթադրությունների վրա, որը լուրջ մոտեցում չէ: Մեկ այլ հակափաստարկովՙ ամբաստանյալի արած հայտարարությունները դատարանի կողմից իբրեւ ապացույց դեռ չեն գնահատվել եւ պետք է մերժել: «ՆԳ նախարարն էլ է ընդունում, որ ԱԱՆ մեկուսարանն ավելի ապահով է, իսկ փաստաբան Յունոշեւը Ռուսաստանի քաղաքացի է եւ ներկայումս փաստեր չունի ցեխ շպրտելու ԱԱՆ մեկուսարանի վրա», իր տեսակետում հնչեցրեց դատապաշտպան Աղասի Աթաբեկյանըՙ նկատի ունենալով մեղադրող Հ. Մարտիրոսյանի հարցին տված այն պատասխանը, որ ինքը չի գտնում, թե ԱԱՆ-ում անձի պաշտպանությունն ավելի ապահով է:

Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը կտրուկ փոխեց բանավեճի ընթացքըՙ ասելով, որ ԱԱՆ-ին ու Նուբարաշենի քննչական մեկուսարանին վերաբերող բոլոր տեսակետներն ավելորդ են, երկուսն էլ պարտավոր են պահպանել անձի անվտանգությունը: Փաստաբան Սահակյանի տպավորությամբ, Յունոշեւը ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի ընկած ժամանակահատվածում թուլացրել է միջնորդությունը, որպեսզի դատարանը մերժի այն եւ մերժումը շահարկման առիթ տա: Ուստի դատարանին ուղղված իր կարծիքն այս էր. «Վարվեք օրենքով: Վտանգն այն է, որ նախաքննության ողջ ընթացքում Ն. Հունանյանը գտնվել է ԱԱՆ քննչական մեկուսարանում, ուրեմն նրան այլ քննչական մեկուսարան տեղափոխելու համար գործն է պետք ուղարկել լրացուցիչ նախաքննության»:

Տուժողների իրավահաջորդների փաստաբանները միանշանակ պնդում էին, որ միջնորդությունը հիմնավոր է եւ պետք է բավարարել, ելնելով թեկուզ նրանից, որ ամբաստանյալ Ն. Հունանյանը չի ցանկանում իրեն տեղափոխեն: Տուժողի ներկայացուցիչ Ա. Սարգսյանի համար «անհասկանալի էր ամբաստանյալի սերն առ ԱԱՆ»: «Ամբաստանյալն այստեղ արտահայտվեց, որ թիվ 1 մեկուսարանում նորմալ պայմաններ չեն, ԱԱՆ-ումՙ նորմալ է, այնտեղ ճնշման տակ է գտնվել, այստեղ ճնշման տակ չէ», իբրեւ միջնորդությանն արված լրացուցիչ հիմնավորում ներկայացրեց փաստաբան Մարինե Ջանոյանը: Միջնորդությունն առավել հիմնավորելու նպատակով Տ. Ջանոյանը հայտարարեց, որ իրենք ներկայացնում են տուժող պատգամավորների տեսակետները, որոնք նաեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ են: «Բոլոր դեպքերում նրանք տուժողներ են եւ եկեք լսենք նրանց», հայտնեց փաստաբանըՙ մատնացույց անելով դահլիճում ներկա ԱԺ երկու պատգամավորներինՙ Արամայիս Բարսեղյանին եւ Էմմա Խուդաբախշյանին:

«Ես որպես տուժող միանում եմ միջնորդող կողմին, ինքս չեմ վստահում ԱԱՆ-ի աշխատակազմին եւ դատապարտում եմ այսօրվա իշխանություններինՙ այս ոճրագործությանը սատարելու համար», հեղափոխականի կեցվածքով հայտարարեց պատգամավոր Արամայիս Բարսեղյանը: Նա չընկալեց տուժողի ներկայացուցիչ Մարինե Ջանոյանի այն միտքը, ըստ որի միջնորդության տերը պատգամավորներն են, իսկ իրենք ներկայացնում են: Նրա գործընկերուհին բավարարվեց միայն ասելով, որ միանում է միջնորդությանը:

Քննարկումը գնալով թեժանում էր, եւ դատավարության մասնակիցները ցանկանում էին երկրորդ, երրորդ անգամ կարծիք հայտնել: Այսպես, ամբաստանյալ Ա. Կնյազյանի դատապաշպան Մարուսյա Չիլինգարյանը պնդեց, որ միջնորդության հեղինակը չկարողացավ հիմնավորել միջնորդությունը: «Ն. Հունանյանին տեղափոխելու հարցն առաջացավ այն պահից, երբ Եվրախորհուրդը հայտարարեց, թե մահապատիժը պետք է հանել»: Մեղադրող Հ. Մարտիրոսյանը զայրացած ընդհատեց նրանՙ «արտադատարանական ինֆորմացիա մի՚ տվեք ամբաստանյալներին»: Մեղադրողները դժվարանում էին կարծիք հայտնել եւ կողմնորոշվելու համար ժամանակ խնդրեցին: Ընդմիջումից հետո մեղադրող Արմեն Հարությունյանը մեղադրողների անունից առաջարկեց կասեցնել միջնորդության քննարկումը մինչեւ երկուշաբթի եւ պարզելՙ կա՞ մեկ այլ մեկուսարան, որտեղ հնարավոր լինի առանձնացված պահել ամբաստանյալներին, քանի որ իրենք էական հանգամանք են համարում շփումներ թույլ չտալը: «Նրանք պետք է մեկուսացված պահվեն», շեշտեց մեղադրողը:

Դահլիճում արած հայտարարությունը, ինչպես պարզ դարձավ մեկ ժամ անց, «թանկ» նստեց փաստաբան Մարուսյա Չիլինգարյանին: Դահլիճ վերադառնալուն պես նա հայտարարեց. «Տուժող կողմը պատգամավոր Արամայիս Բարսեղյանի գլխավորությամբ հարձակվել եւ ամենալկտի ձեւով վիրավորել է ինձ, ջուր են լցրել վրաս, պատգամավորը սպառնացել է ինձ»: Նա դատարանից խնդրեց հնարավորություն տրվի հրաժարվելու դատավարությունից: Նախագահողը հայտնեց, որ նույնաբովանդակ դիմումով դատարանին է դիմել նաեւ դատապաշտպան Աղասի Աթաբեկյանը, որը դիմումը հանձնելուց հետո հեռացել էր դատարանից: Նախագահողն ընթերցեց նրա դիմումը, որում ասվում էր, թե դահլիճից դուրս գալուց հետո Արամայիս Բաղդասարյանը (նկատի ուներ Բարսեղյանին) սպառնացել է իրեն, ասելովՙ «քանի՞ գլխանի ես, որ կարծիք ես հայտնում»: Փաստաբանը հայտնել էր, որ պատգամավորներ Ա. Բաղդասարյանը, Էմմա Խուդաբախշյանը եւ տուժողներին ներկայացնողներ Արտակ Սարգսյանը, Յ. Բախշյանի աղջկա ամուսինը եւ Արտավազդ Միրոյանը նախկինում նույնպես սպառնացել են իրեն: Փաստաբանը նրանց արարքը որակելով քրեական օրենսգրքով հետապնդելիՙ դատարանին հայտնում էր, որ նրանցից պաշտպանվելու խնդիր ունի եւ միջնորդել էր միջոցներ ձեռք առնել: Քանի որ Ա. Բարսեղյանը դահլիճում էր, նրան թույլ տրվեց պատասխանել մեղադրանքներին: Պատգամավորը հայտարարեց, թե ինքը ոչ ոքի ոչինչ չի ասել, ավելինՙ փաստաբան Մ. Չիլինգարյանն է իրենց ասել, թե «Հոկտեմբերի 27»-ը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի սարքածն է, Ն. Հունանյանին տեղափոխում են մեկուսարանից, որ ոչնչացնեն:

Մ. Չիլինգարյանի արձագանքը պատգամավորին այս էր. «Հողն էն ժողովրդի գլխին, որի պատգամավորը դուք եք»: Պնդեց, որ նույն Բարսեղյանն է կազմակերպել, որպեսզի փողոցային կանայք ջուր լցնեն իր վրա: Նախագահողը հայտարարեց, որ Մ. Չիլինգարյանի հայտարարությանը եւ Ա. Աթաբեկյանի դիմումին դատարանը համապատասխան ընթացք կտա: Կդիմի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունՙ քննելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4