Ամերիկահայ նշանավոր արդյունաբերող Ռիչարդ Ալեք Մանուկյանը ընտրվել է «Ֆորդ» ավտոմեքենաշինական ընկերության տնօրենների խորհրդի անդամ, հայտարարեց «Ֆորդի» տնօրենների խորհրդի ատենապետ Ուիլյամ Քլեյ Ֆորդ կրտսերը: «Ռիչարդը մեծապես հարգված եւ հաջողակ բիզնեսմեն է, որն ունի երկար կենսագրություն ավտոշինարարական ճարտարարվեստում, ասաց Բիլ Ֆորդը ընտրությունից հետո: Նա համայնքային ղեկավար է եւ Դետրոյթի շրջանի նկատմամբ մեծ հանձնառություններ ստանձնած անձնավորություն: Սա գերազանց համալրում է մեր խորհրդի կազմի համար»:
Ռիչարդ Մանուկյանը որդին է ազգային մեծ բարերար եւ ՀԲԸՄիության հանգուցյալ նախագահ Ալեք Մանուկյանի: Ռ. Մանուկյանը 1985 թ.-ից ի վեր ատենապետն է «Մասկո» կորպորացիայի, որի հիմնադիրն է նրա հանգուցյալ հայրը: Այդ ընկերությունը, որի տարեկան համախառն վաճառքը հասնում է շուրջ 8 միլիարդ դոլարի, հայտնի է մասնավորապես ծորակների, լոգարանային կաբինետների, կողպեքների, շինարարական այլեւայլ ապրանքների արդյունաբերության բնագավառում: Ռիչարդ Մանուկյանը հայտնի է նաեւ Դետրոյթ քաղաքում եւ ողջ Միչիգանի նահանգում կրթության, արվեստների բնագավառում կատարած բարերարություններով: 2000 թ.-ից ի վեր նա անդամ է ՀԲԸՄիության կենտրոնական վարչության, որի նախագահն է նրա քույրըՙ Լուիզ Սիմոն-Մանուկյանը: