Բնական աղետների դերն անժխտելի իրողություն է մարդկությանը հասած դժբախտությունների ու տառապանքների մեջ: Երկրագնդի սեյսմաակտիվ գոտիներում տեղակայված բնակչությանՙ երկրաշարժերի անխուսափելիության գիտակցումը պարտադրում է նրանցից պաշտպանվելու մեխանիզմների մանրամասն իրազեկություն, ուստի եւ սեյսմիկ պաշտպանության խնդիրները լուսաբանելը հասարակության համար կարեւոր եւ առաջնահերթ է դառնում: Ընդ որում, այդ պաշտպանությունը պետք է արվի մինչեւ հաջորդ ուժեղ երկրաշարժը, այլ ոչՙ դրանից հետո, երբ ահռելի ավերածություններն ու ողբերգություններն անշրջելի են այլեւս: Այդպիսի ցավ մենք ապրեցինք 1988-ինՙ ցայսօր շարունակվող ծանր հետեւանքներով:
1991 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն այսօրՙ հուլիսի 17-ին, բոլորում է իր գործունեության 10 տարին, որի առիթով հրավիրված երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ ՍՊԱԾ-ի տնօրեն, տեխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը ներկայացրեց այդ տարիների ընթացքում գերատեսչության գործունեության ընդհանուր նկարագիրը: Հիմնական նվաճումը ՀՀ կառավարության կողմիցՙ միջազգային տարբեր աղբյուրների ֆինանսավորումով, 32 տարիների տեւողությամբ երկու պետական ծրագրերի ընդունումն էր: Այն նախատեսում է Հայաստանի տարածքի եւ Երեւանի սեյսմիկ ռիսկի փուլ առ փուլ նվազեցումՙ երեք հիմնարար (սեյսմիկ վտանգի կանխատեսում, սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի նվազեցում) խնդիրների լուծմամբ: Համաշխարհային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ միայն լավ տեղեկացված հասարակությունն է ի վիճակի կանխել ուժեղ երկրաշարժի ծանր հետեւանքները: Նկատի ունենալով այս հանգամանքըՙ 1991-ից ՍՊԱԾ-ում ստեղծվել է բնակչության հետ աշխատանքներ կատարելու կենտրոն, պատրաստվել են տեսաֆիլմեր, իրականացվել սոցիոլոգիական հարցումներ, հեռուստա-ռադիո հաղորդաշարեր:
Այսօր Հայաստանի առաջընթացը սեյսմիկ պաշտպանության բնագավառում բավականին նկատելի է, նրա ռազմավարությունն այսօր քննարկում եւ ընդունում են աշխարհի առաջատար երկրներ: Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրները միջազգային մասշտաբով ստեղծել են սեյսմիկ պաշտպանության ասոցիացիաՙ ՀՀ ՍՊԱԾ-ի նախագծով: Իսկ ՍՊԱԾ-ի ամենալուրջ գնահատականը 1988-ին ՄԱԿ-ի կողմից արժանացած Սասակավայի հեղինակավոր պարգեւն էր «Աղետների վտանգի նվազեցման բնագավառում ակնառու ներդրումների համար»: Ծառայության պետ Սերգեյ Բալասանյանն ընտրվել է 23 երկրների Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի նախագահ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ