Համալսարանը նրան արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման
Երեկ Հայաստանի ֆրանսիական համալսարանը մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրային շնորհեց պատվավոր դոկտորի կոչում: Երեւանում պրն դեսպանի դիվանագիտական առաքելության ավարտի առնչությամբ կազմակերպված մեծարման արարողությանը համալսարանի վարչական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Բաղդասարյանը հայտարարեց նաեւ, թե խորհրդի որոշմամբ Միշել Լեգրայի անունով է անվանակոչվել կրթօջախի գրադարանը: Ի հավաստումն սրաՙ բացվեց ցուցատախտակ:
Պրն Բաղդասարյանը շեշտեց, թե երկար ջանքերից հետո, հատկապես Մ. Լեգրայի հետեւողականության շնորհիվ, բացված համալսարանը համապատասխանում է եվրոպական կրթական չափանիշներին եւ այդպիսով հնարավորություն տալիս մեր երիտասարդներին բարձրորակ կրթություն ստանալ առանց հայրենիքից մեկնելու:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ֆոլկեր Զայցը նշեց, թե սխալմունք է մտածել, թե համալսարանի բացմամբ դժվար գործը հետեւում է մնացել: Ըստ նրա, ոչ մի վայրկյան չի կարելի կանգ առնել զարգացման, նորացման առումովՙ ժամանակակից աշխարհի պատկերացումներով գործարարներ պատրաստելու համար: Նշենք, որ թեպետ համալսարանը կոչվում է ֆրանսիական, փաստացիորեն արդեն գերմանական է նաեւ, խորությամբ ուսուցանվում է գերմաներենը:
Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան էլ հույս հայտնեց, թե իր երկիրն իրեն կվերապահի գործելու հնարավորություն, ու համալսարանը կլինի նաեւ իտալական:
Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովն իր շնորհավորական խոսքում նշեց, թե միշտ չէ, որ դիվանագետներն իրենց առաքելության երկրում իրենցից հետո թողնում են նման էական, առարկայական արդյունքներ, ինչպիսին նա համարեց հայ-ֆրանսիական համալսարանը: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը նշեց, թե այսուհետ իրենց հաստատությունում դասավանդվող լեզուների թվին գումարվում է նաեւ ռուսերենը:
Վերադառնալով արարողությանըՙ պրն Լեգրան նշեց, թե ամենեւին չէր սպասում նման բարձր պատվի: «Իրապես հպարտ եմ այս համալսարանով: Հուսով եմՙ հաջորդ դեսպանը, որ շուտով կփոխարինի ինձ, կշարունակի այս համալսարանի համար սկսած գործը»:
Մեր տվյալներով Միշել Լեգրան իր առաքելությունը Հայաստանում կշարունակի մինչեւ աշուն:
Լ. Գ.