«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2001-07-12 | #130, 2001-07-13 | #132, 2001-07-17


ԴՐՄԲՈՆԻ ՈՍԿԻՆ

Խոսելով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն անհրաժեշտ են ներդրումներ, երեւի հարկ է տալ օբյեկտիվ տեղեկատվություն, թե արտասահմանյան կամ հայրենական ձեռնարկատերերը, առանց ռիսկի ենթարկվելու, որ ոլորտներում կարող են ներդնել միջոցներ:

Անկասկած, ճիշտ կազմակերպման դեպքում Ղարաբաղում հաջողությամբ կարող է զարգանալ սնունդ վերամշակող արդյունաբերությունը: Հայտնի է, թե երկրամասի բնությունը որքան հարուստ է գյուղատնտեսական (անտառային) բարիքներով:

Սակայն ղարաբաղյան հողը հարուստ է նաեւ հանքային հումքով: Այս փաստը վաղուց է հայտնի, սակայն գործը չի հասել արդյունաբերական վերամշակման: Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից - անդամ Գուրգեն Գրիգորյանը համարում է, որ Ղարաբաղում բավականաչափ առկա հանքային եւ ոչ հանքային հումքից կարելի է արտադրել պղինձ, ոսկի, արծաթ, ցինկ, կապար, սնդիկ, քարաբամբակ, հալած ցեմենտ, միաձույլ սալիկներ, աղյուսներ: Դրանց իրացումը հնարավոր է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

Հումքի արդյունաբերական վերամշակումն իր հերթին կարող է խթանել այլՙ կաբելային, ոսկերչական, բժշկական արտադրությունների զարգացումը: Ընդ որում, ձեռնտու է հումքի համալիր օգտագործումը, քանզի հնարավոր կլինի ունենալ գրեթե առանց թափոնների արտադրություն:

Գիտնականն այս խնդրի լուծման համար առաջարկում է կազմել պաշարների արդյունաբերական եւ գործնականում դրանց իրացման մանրամասն ծրագիր: Գ. Գրիգորյանի կարծիքով, ծրագրում առաջնային տեղ պետք է գրավի հումքային այն պաշարների իրացումը, որոնք կարող են արագ շահութաբերություն ապահովել: Ի հաստատումն կարծիքի, գիտնականը որպես օրինակ ներկայացնում է Դրմբոնի (Մարդակերտի շրջան) ոսկու-պղնձի հանքը: Երկրաբանական նոր տվյալները միանշանակ վկայում են այս հանքի արդյունաբերական նշանակությունը: Հետեւաբարՙ նաեւ տեղում հանքանյութի համալիր մշակման կազմակերպման նպատակահարմարությունը եւ շահավետությունը, համարում է Գ. Գրիգորյանը: Սակայն «Հայոսկու» Դրմբոնի դուստր-ձեռնարկությունը դեռեւս չի կարող լուծել այդ խնդիրը:

Գիտնականն առաջարկում է այս ձեռնարկությունը վերակառուցել, դարձնել գունավոր մետաղների ինքնուրույն գործարանՙ համալրելով համապատասխան կադրերով: Մեկ տարի ակտիվ աշխատանքից հետո գործարանը կկարողանա թողարկել առաջին արտադրանքը: Երկրաբան-գիտնականի նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տարեկան 100 հազար տոննա հումքի մշակման պայմաններում կարելի է թողարկել 10 եւ ավելի միլիոն դոլարի արտադրանք: Արտադրության հետագա ընդլայնումը հնարավորություն կտա բացել 3 հազարից ավելի աշխատատեղեր:

Գիտնականը համարում է, որ հանքային հումքը լիովին իրական բազա է արդյունաբերության զարգացման, ուրեմն նաեւՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության զարգացման համար:

«ԴԵ ՖԱԿՏՈ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4