«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2001-07-12 | #130, 2001-07-13 | #132, 2001-07-17


ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՐԻՆԱ. «ՏԵՍԱՆՔ ԱՂԹԱՄԱՐԸ, ՄՈՒՍԱԼԵՌԸ, ԱՆԻՆ: ՖԱՆՏԱՍՏԻԿ ՔԱՂԱՔ Է»

Թուրք հասկացությունը չեխ լրագրողի զգայարաններով

Ցավոք, արցախյան մամուլը Երեւան է հասնում ընդհատումներով կամ չի հասնում: Ցավոք, որովհետեւ արցախյան մամուլում կարելի է կարդալ հրապարակումներ, որոնք երբեմն չափազանց ուշագրավ են, հետաքրքիր, ազդու: Վերջին անգամ ԼՂՀ-ում գտնվելու օրերին «Ազատ Արցախ» թերթում կարդացի հարցազրույց չեխական հեռուստատեսության լրագրող Յարոմիր Շտերինայի հետ, որը, ինչպես գրում է լրագրող Նաիրա Հայրումյանը, «ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանելու ավելի քան տասը տարվա փորձ ունի եւ Հայկական հարցի ուսումնասիրության ուղղությամբ երկար ու դժվար ճանապարհ է անցել»:

Պատմում է Յարոմիրը. «Հետաքրքրությունս հայ ժողովրդի պատմության հանդեպ ծագել է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի ընթերցումից հետո: Դեռ 1984 թ., որպես զբոսաշրջիկներ, այցելեցինք Թուրքիաՙ տեսանք Աղթամարը, Մուսալեռը, Անին: Ֆանտաստիկ քաղաք է: Մեր հետաքրքրությունը զուտ հայկականի հանդեպ կասկածանքների տեղիք տվեց. մեզ հետեւում էին թուրքական հատուկ ծառայությունները: Այդ ժամանակ Մալաթիայում թուրքական ներքին գործերն իրականացնում էին լայնամասշտաբ գործողություն քրդերի դեմ: Դրա «շրջանակներում» ձերբակալեցին եւ փակ դատով (մենք նույնիսկ չէինք հասկանում, թե ինչ է խոսում դատավորը) մեզ դատապարտեցին բանտային կալանքի 6 տարի ժամկետով: 6 ամիս գտնվում էինք Աթաթուրքի անվան բանտում, իսկ հայրենիքում մեզ անհետ կորածներ էին համարում: Մեզ փրկեց մի թուրք սպա, որը թույլ տվեց զանգել դեսպանատուն: Դատավճիռը վերանայվեց, եւ մեզ դուրս վռնդեցին Թուրքիայից: Հասկացա, թե ինչ է նշանակում թուրքական բռնություն: Հայերի հետ բանտում նստած էին քրդեր, նրանք, ովքեր 100 տարի առաջ մասնակցում էին հայերի ցեղասպանությանը: Հիմա էլ պատմությունը նույն ճակատագիրը պատրաստել է քրդերի համար»:

Յարոմիրն առաջին անգամ Արցախ է եկել 1990 թ.: «Օդանավակայանում դեռ խորհրդային զորքեր էին եւ թուրք օմոնականներ: Օդանավակայանը վերահսկում էր կապիտան Հաջիեւը, որը երեք անգամ ինձ հետ ուղարկեց Երեւան: Չորրորդ անգամ եկա թերթեր տեղափոխող ինքնաթիռով. անմիջապես ձերբակալեցին եւ Շուշի տարան: Մի քանի ժամ պահեցին առանձնասենյակում: Երբ «քննիչը» դուրս եկավ, ես պատկերացրի, թե ինչ կարող է ինձ սպասել, աննկատելի դուրս եկա սենյակից եւ կածաններով հասա Ստեփանակերտ: Հաջորդ անգամ ուղղաթիռով եկա. մինչեւ օդանավակայան հասնելն ինձ իջեցրին Ասկերանում: Աշխատում էի չհանդիպել Հաջիեւին, որը, ինչպես ինքս եմ տեսել, զվարճանալու համար դուրս էր գալիս մարդորսի: Հետո իմացա, որ նրան սպանել են. Փորձեցի հարցազրույց անել Պոլյանիչկոյի հետ, սակայն ինքս չորսժամանոց «հարցազրույցի» ենթարկվեցի հարբած գեներալի կողմից»:

Հարցազրույցն ավարտվում է Յարոմիրի հորդորով. «Սարդարապատից հետո Ղարաբաղը հայ ազգի առաջին եւ ամենանշանավոր հաղթանակն է: Չի կարելի այն ձեռքից տալ»:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4