Հուլիսի 7-ին միանգամից երկու հայ գործարարներ վարձու մարդասպանների զոհերը դարձան Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում: Երկու դեպքում էլ մահափորձի դրդապատճառները դեռեւս չեն պարզվել: Ճիշտ է, զարմացնում է այն, որ գանգստերները թեեւ ձեռնարկատերերի վրա կրակել են մոտ տարածությունից, բայց նրանց փրկության հնարավորություն են թողել:
Մոտավորապես ժամը իննին կրակոցներ հնչեցին Մուրմանսկի նրբանցքում, որտեղ բնակվում էր 38-ամյա Մելիք Առաքելյանը: Նա փոքր վարսավիրանոցի սեփականատեր էր մերձմոսկովյան Կրասնոգորսկում: Ի դեպ, պտտվող լուրերի համաձայն, նրա գործերը վերջերս այնքան էլ հաջող չէին, եւ նույնիսկ հարկ էր եղել փակել վարսավիրանոցը: Բացառված չէ, որ ձեռնարկատերը պարտքեր ունեցած լինի եւ հենց դրանք էլ պատվիրված սպանության պատճառ դարձած լինեն:
Գանգստերը տան մոտերքում տեղ էր զբաղեցրել դեռ առավոտյան ժամը ութին: Բնակիչները տեսել էին անծանոթ մեկին, որը նստած գարեջուր էր խմում: Ժամը 9-ն անց 40-ին Առաքելյանը դուրս էր եկել մուտքից եւ քայլել դեպի ծաղկանոցի մոտ կայանած «Վոլգան»: Մարդասպանն անմիջապես ցատկել էր տեղից, անցել ցանկապատի վրայով, մոտեցել գործարարին եւ կրակ բացել: Մի քանի փամփուշտ մխրճվել էր մեքենայի դռան մեջ, իսկ ինքըՙ Առաքելյանը, չորս ծանր վերք էր ստացել: Ըստ երեւույթին հանցագործը որոշել էր, թե առաջադրանքը կատարված է, եւ արագորեն հեռացել էր: Հային օրհասական վիճակում հասցրել էին հիվանդանոց:
Իսկ մի քանի ժամ անց Մոսկվայի հյուսիս-արեւելքում կրկին կրակոցներ լսվեցին, այս անգամՙ Օտրադնոյեի Կարգոպոլսկայա փողոցում: Այստեղ դեպքերը զարգացան համանման սցենարով: Ելուզակը տան մոտ դիմավորեց երեսնամյա Ֆրունզե Վարդանյանինՙ հայկական «Դանա» ֆիրմայի կառավարչին: Այդ ֆիրման զբաղվում է սեւ եւ գունավոր մետաղների առաքումներով, եւ Վարդանյանը օրերս Մոսկվա էր ժամանել պատվիրատուների հետ բանակցելու: Նա ակնհայտորեն չէր սպասում հարձակման. անծանոթը ընդհուպ մոտեցավ նրան եւ սկսեց կրակել: Չորս գնդակ արձակելուց հետո գանգստերը հեռացավՙ դարձյալ գլխին ստուգիչ կրակոց չարձակելով: Ներկայումս բժիշկները փորձում են փրկել Վարդանյանի կյանքը:
Միլիցիայում նշում են, որ երկու մահափորձերի ձեռագրերը նման են, օգտագործվել է նույնիսկ միատեսակ զենքՙ Մակարովի ատրճանակ: Բայց ըստ երեւույթին դա լոկ զուգադիպություն է: Եվ եթե Առաքելյանի սպանությունը կարող էին պատվիրել Մոսկվայում, ապա Վարդանյանի սպանության պատվիրատուներին հավանաբար պետք է փնտրել Հայաստանում:
«Մոսկոսվսկի կոմսոմոլեց»