«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2001-07-12 | #130, 2001-07-13 | #132, 2001-07-17


ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ ԴԻՐԻԺՈՐԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՈՂ ԱՍՏՂ «ԱԻԴԱ» ՕՊԵՐԱՅԻ ՀՖՆ-Ի ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանի փակումը նշանավորեց օրերս (հուլիսի 9, 11, 14) ներկայացված Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայով: Ինչպես նշեց համերգասրահի եւ ՀՖՆ գլխավոր տնօրեն, մեզանում ճանաչված կազմակերպիչ, մենեջեր Նիկա Բաբայանը, միջոցառումը նվիրված էր Ջ. Վերդիի մահվան 100-ամյա տարելիցին:

Ասեմ միանգամից. այն, ինչը ներկայացվեց մեզ ՀՖՆ-ի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մտահղացմամբ, ըստ էության ոչ թե համերգային կատարում էր, այլ «Աիդա» օպերայի սիմֆոնիկ ընթերցում: Եվ քանի որ մեկ հոդվածի ծավալները չեն ներում ամփոփելու համալիր մտազննումները, պատեհ եմ գտնում ա՚յս հրապարակման մեջ առավելագույնս անդրադառնալ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մտահղացմանը եւ դրաՙ սիմֆոնիկ նվագախմբով մարմնավորմանը:

Հայտնի է, որ ժամանակի օպերայի մեծ ռեֆորմատոր Վագների երկրպագուները (վագներականները, որպես օպերային արվեստի ուղղություն, ներքին հակամարտության մեջ էր վերդիականների հետ) Ջուզեպե Վերդիի երաժշտությունն անվանել են «մեծ կիթառ»: «Աիդայի» հիշյալ հնչեցումը Էդուարդ Թոփչյանի նվագավարությամբ եւս մեկ անգամ հաստատեց, որ հանճարեղ իտալացու երաժշտությունը «մեծ կիթառ» չէ: Ավելինՙ այն մեծ սիմֆոնիկ նվագախումբ է: Է. Թոփչյանը պարզեց մեր առջեւ Վերդիի երաժշտության եւ պարտիտուրի դրամատուրգիական մտածողության սիմֆոնիկ պոտենցիալը, բազմաշերտ եւ խորածավալ կարողությունները, որի շնորհիվ օպերայի երաժշտությունը ներկայացված սիմֆոնիկ մեկնաբանմամբ, ժանրի նման վերաիմաստավորման առումով ոչ միայն «չկորցրեց», այլեւ հնչեց նորովի: Երեւույթ, որն աներկբայորեն խոսում է թե՚ ստեղծագործության, թե՚ դիրիժորի օգտին:

Ցանկացած օպերայի սիմֆոնիկ մատուցման պարագայում, բնականաբար, հետին հենք է մղվում սկզբնաղբյուրի սինկրետիկ նկարագիրը, քանզի բուն օպերային ժանրը որպես սինկրետիկ արվեստի զտարյուն նմուշ, ենթադրում է երգեցիկ, նվագախմբային, խմբերգային, դերասանական, կիրառական նկարչության, հաճախ նաեւ խորեոգրաֆիկ եւ դեռ այլՙ մեկը մյուսից բխող եւ միմյանց լրացնող արվեստների համադրում:

Համերգային բեմում օպերային կատարման պարագայում ժանրի հիշյալ բաղադրիչներից շատերը բացակայում են: Սակայն ուշագրավն ու արժեքավորն այն էր, որ Էդուարդ Թոփչյանն իր տաղանդով ի զորու եղավ այդ շերտերի բացակայությունը յուրօրինակորեն լրացնել նվագախմբի (նաեւ երգչախմբի) դրամատուրգիկ հատուկ հնչողությամբ: Այդպիսով Վերդիի օպերայի գաղափարական, կոնտեքստային, խաղարկային շեշտադրումները բեմական ոլորտից դիրիժորը «տեղափոխեց» սիմֆոնիկ պարտիտուրի բանվածքի մեջ: Նաեւ օժտեց դրա հնչողությունը հնարավորինս մակարդված հնչյունային, իմաստային ու կերպարային հագեցվածությամբ: Եթե կատարման ամբողջ ընթացքում տեղ-տեղ ցանկալի էր ըմբոշխնել նվագախմբի առավել նուրբ-թափանցիկ pianissimo-ն (3-րդ արարի Նեղոսի տեսարան, 4-րդ արարի Աիդայի եւ Ռադամեսի զուգերգ), այդուհանդերձ, ճշմարիտ եւ մտահղացմամբ արդարացված էր դիրիժորի ընդհանուր սկզբունքըՙ «երգեցնել» նվագախումբը լիարժեքորեն հյութեղ եւ հնչեղՙ ստանձնելով նրա գլխավոր մենակատարի դերն ու իրավունքը: Այս առումով պատեհ էր նաեւ երգչախմբի (ղեկավարՙ շնորհալի խմբավար, դիրիժոր Գեւորգ Մուրադյան) նմանատիպ առկայությունը կատարման ամբողջական համայնապատկերում: Երգչախումբը մարմնավորված էր որպես ակտիվ գործող անձ եւ կարեւոր դեր ունեցավ ստեղծագործության ներքին եւ արտաքին դրամատուրգիայի հանգուցային կետերն առավել արտահայտչականորեն երեւան հանելու խնդրում: Այստեղ ցանկալի էր ակնկալել երգչախմբիՙ իտալերենի ավելի հստակ առոգանությունը:

Ստեղծելով օպերային պարտիտուր, կոմպոզիտորը պարտադրաբար նկատի է առնում դրա օպերային-բեմական մարմնավորման ելակետային առանձնահատկությունները: Դրանց համալիրում ոչ վերջին տեղն են գրավում ակուստիկ խնդիրները: Օպերային նվագախումբը տեղադրվում է բեմառաջքի ցածր հատվածում: Երգչախումբը, որը, սովորաբար բեմադրության զանգվածային տեսարանները ներկայացնող հիմնակորիզն էՙ հաճախ մասնատված եւ կենդանի-շարժուն օղակ է: Միանշանակորեն, համերգային բեմում ներկայացված օպերային երաժշտության մեջ տեղաշարժված են թե՚ նման դասական «կառույցը», թե՚ դրա անմիջական արդյունքը հանդիսացող ակուստիկ էֆեկտը: Նման պարագայում չափի դույզն-ինչ խախտումը հղի է չարդարացված, ոչ պրոֆեսիոնալ, ճաշակազուրկ մատուցմամբ:

Էդուարդ Թոփչյանի օպերային պարտիտուրի հիշյալ յուրօրինակ կատարումն այս իսկ առումով գերազանց էր: Գեղագիտական ճաշակի ծիրում էր դիրիժորի ամեն մի մտահղացում, այդ թվումՙ բեմի ետեւից լսվող երգչախմբային հատվածները, քրմուհու եւ Ռամֆիսի երգամասերը, ինչպես եւ համերգասրահի օթյակից հնչող պղնձյա փողայինները: Դա պատեհ ու գեղեցիկ երանգավորում հաղորդեց ընդհանուր հնչողությանը:

Ստեղծագործական մեծ հեռանկար ունեցող դիրիժորի արվեստի արգասիք էր նվագախմբի կատարումը: Թավ ու լայնաշունչ նախերգանքը եւ Աիդայի սիրո մայրմեղեդին, թեթեւ ու նրբագեղ պարային դրվագները, բազմաշերտ, գունեղ հնչողությամբ նախապատրաստվող երաժշտական-պատկերային վառ գագաթնակետերը (ամբողջ կատարման եւ մասնավորապես 2-րդ արարի ընթացքում), նվագախմբի կանտիլենային շնչառությունը, որ ներդաշնակվում էր երգամասերին եւ տանում էր իր հետեւից երգիչներին, պարտիտուրի պարբերույթների դինամիկ ճկուն կառուցվածքը (p«f«ff»f»p), երաժշտական ամեն մի նախադասության, ամբողջական պատկերների եւ արդյունքումՙ ամբողջ օպերայի ձեւակառուցման հստակ եւ կուռ ըմբռնում... Եվ այս ամենը զուսպ, խրոխտ, արտաքին էֆեկտներից զերծ նվագավարական ոճով ու կեցվածքով: Եվ ամբողջ օպերային պարտիտուրն անգիր նվագավարելը նույնապես ոչ թե ցուցադրականության, այլ երաժշտությունը խորապես վերապրելու արդյունք էր:

Սույն դիտարկումներն իրավամբ տեղիք են տալիս համոզվածորեն ասելու, որ ի դեմս Էդուարդ Թոփչյանիՙ ունենք դիրիժորական երկնակամարում բարձրացող աստղ եւ ոչ միայն հայրենյաց, այլեւ միջազգային ասպարեզում:

Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայի հիշյալ կատարմանը մասնակցեցին երգիչներ (առաջին կազմ), միջազգային մրցույթների դափնեկիրներ Լուսինե Մարկոսյանը (Աիդա), Վարդուհի Խաչատրյանը (Ամներիս), Օլեգ Վիդեմանը (Ռադամես, Ալմաթիից), հանրապետական մրցույթների դափնեկիրներ Գրիգոր Շագոյանը (Ամոնասրո), Սուրեն Շահիջանյանը (Ռամֆիս, Ֆրանսիայից), Քրիստինե Դովլաթյանը (քրմուհի) եւ Գագիկ Հակոբյանը (սուրհանդակ), որոնք ջանացին օժանդակել դիրիժորի մտահղացմանը:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4