Հայ գեղանկարչության նահապետիՙ Մարտիրոս Սարյանի արվեստի պրոպագանդման համար գուցե ոչ ոք այնքան բան չի արել, որքան արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Դրա մի հաստատումն է նաեւ վերջերս լույս տեսած «Սարյան» նոր, համահավաք պատկերագիրքը, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Եվ բնավ էլ պատեհապաշտ արարողություն չէ այս հրաշք պատկերագիրքը 1700-ամյակին նվիրելը:
Ինչպես նշվում է պատկերագրքի առաջաբանում, ապագա կաթողիկոս Գեւորգ 6-րդն է եղել պատանի Սարյանի առաջին ուսուցիչը: Կյանքի ընկալման սարյանական հայացքները ձեւավորվել են հայ եկեղեցու մթնոլորտում: Ապագա նկարիչն իր քրոջՙ Կատարինեի հետ երգել է եկեղեցական երգչախմբում: 1905-1906 թթ. երիտասարդ Սարյանը հանդես է եկել մամուլումՙ հայկական եկեղեցու կառուցողական ավանդական կանոններն անաղարտ պահելու մտահոգությամբ: 1922-ին Սարյանի անմիջական ջանքերով Հայաստանում ստեղծվում է ճարտարապետական հուշարձանների պահպանության ընկերություն: Ավելի ուշ նա ցմահ ընտրվում է այդ ընկերության պատվավոր նախագահ ու Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր խորհրդի անդամ: Երկար տարիներ Սարյանի վարքն ու ստեղծագործությունն ուսումնասիրող, նրան ամենամոտը գտնվող Շահեն Խաչատրյանը վերհիշում է, որ բարեպաշտ արվեստագետի օրը սկսվում եւ ավարտվում էր աղոթքով:
- Արվեստի ամեն մի աշխատող իր կյանքում գերագույն մի երազանք է փայփայում, մեր զրույցի ժամանակ ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը: Երբ ես 1967 թ. Վարպետի առաջարկությամբ դարձա «Սարյան» թանգարանի ղեկավարը, առաջին իսկ օրից իմ առջեւ խնդիր դրեցի թանգարանը դարձնել ամբողջական: Առաջին գործը, որ կարողացա ձեռք բերել, Սարյանի գլուխգործոցն էրՙ «Գիշերերգը» («Գիշերային բնանկար»): Սարյանը թանգարանին նվիրեց 50 գործՙ 30 բնանկար եւ գրաֆիկական 20 աշխատանք: Անցել է 34 տարի: Այժմ թանգարանում պահվող նկարների թիվը հասել է մոտ 235-ի: Եվ Սարյանի ստեղծագործական բոլոր շրջաններն ամբողջական են ներկայացված թանգարանում: Վարպետի ստեղծագործության առաջին շրջանի ողջ ստեղծագործությունն ամբողջությամբ գտնվում է թանգարանում:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս ամենը կատարվել է Շահեն Խաչատրյանի ջանքերով: Ամեն մի նկար, որ եկել Հայաստան, «Սարյան» թանգարան հասել, իր անչափ հետաքրքիր պատմությունն ունի: Եվ դժվար է թերթի հոդվածի շրջանակներում խոսել այդ մասին: Շահեն Խաչատրյանը մի քանի պատմություններ է անում, որոնց հավաստիությանը կասկածել չենք կարող: Հարմար առիթի դեպքում կհրապարակենք այդ ամենը, քանզի այն անչափ կարեւոր է ոչ միայն արվեստի աշխատողների, այլեւ Սարյանի արվեստը գնահատողների համար:
- Երկար ժամանակ ես այն միտքն էի փայփայում, որ այս թանգարանը հնարավորություն ստեղծի ամբողջությամբ տեսնել Սարյանին, ասում է Շահեն Խաչատրյանը:
Եվ այն, ինչ հնարավոր չեղավ (եւ բնավ էլ հնարավոր չէ) իրագործել թանգարանով, արվեց «Սարյան» համահավաք պատկերագրքի միջոցով:
Գիրքն ունի առաջաբան, ապա Մարտիրոս Սարյանի գրքից մոտ 50-60 էջ անգլերեն թարգմանությամբ ծաղկաքաղ հատվածներ (արվեստի, մշակույթի մասին խոհեր, մտածումներ) են: Ապա աշխարհի ամենանշանավոր մարդկանց գնահատականներն են: Ալբոմային բաժինն այս գրքի մեծագույն հաջողությունն է: Մինչեւ 27 տարեկանում արված իր ստեղծագործությունների շրջանը Վարպետը համարել է «Հեքիաթների եւ երազների» շրջան: Այս շրջանը գրեթե անհայտ էր: Այդ ժամանակ նրա գործերը խորհրդային տարիներին գրեթե չէին ցուցադրվումՙ համարվելով ֆորմալիստական, ոչ իրական գործեր: Բայց այստեղ է երեւում նրա սերտ կապը Հայաստանի եւ հայկական ոգու հետ: Ապա Վարպետի նշանավոր 10-ական թթ. ստեղծագործություններն են: Պատկերագրքի հաջորդ բաժինը «Վերածնված հայրենիք: Կենդանի երազ» անվանված շրջանն է, որտեղ ներկայացված է հոգեկան հզոր տառապանքներից հետո (Սարյանին խելագարությունից փրկեցին ընկերներըՙ Վարպետին բուժման ուղարկելով Թիֆլիս) հոգեւին վերազարթնած նկարիչը: Չորրորդ շրջանը Սարյանի գրաֆիկական աշխատանքներն են (մոտ 150): Պատկերագրքում տրված է մոտ 500 աշխատանք, որից 300-ըՙ գունավոր:
Անշուշտ, շատ կարեւոր է, թե ինչպես իրականացվեց այս հրաշալի գրքի տպագրությունը:
Հրատարակիչը կանադահայ մեր հայրենակից Ռազմիկ Հաքիմյանն է, որը ժամանակին Բեյրութից տեղափոխվել է Կանադա, հիմնել է տպարան: Առօրյա հոգսերից զատ, այս զարմանահրաշ մարդը միշտ ոգեւորված է եղել նկարչությամբ, ինքն էլ սիրել է նկարել: Երբ 1995 թ. հանդիպեցին Ռազմիկ Հաքիմյանն ու Շահեն Խաչատրյանը, որոշեցին հայ նկարչության 10 հատորյակ հրատարակել: Առաջինը եղավ Մինասի ալբոմը: Ապա տպագրեցին Հակոբ Հակոբյանի ու Ռաֆայել Աթոյանի գրքերը: Չորրորդը Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունն է: Նկարիչ արվեստագետի բարձր ճաշակը եւ հայրենի մշակույթի ի պատշաճս ներկայացման մեծագույն ցանկությունը Ռազմիկ Հաքիմյանին գիշերներ շարունակ նստեցրել են համակարգչի առջեւՙ շատ հաճախ խունացած, պատռված, կիսատված նկարները վերականգնելու համար:
Սարյանի այս պատկերագիրքն արժեւորվում է նաեւ նրանով, որ մեզ առայժմ անհայտ մոտ 50 նոր աշխատանք է ներկայացված:
- Այն, ինչ երազում էի անել թանգարանում, կարողացա անել այս պատկերագրքում,- մեր զրույցի վերջում ասաց Շահեն Խաչատրյանը:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ