«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ «այսօր բանակցությունների ներկայիս տեղապտույտի միակ պատճառը ադրբեջանական կողմն է»:

Նախարարը հիշեցրել է, որ 1998թ. Ադրբեջանը մերժեց «ընդհանուր պետության» տարբերակը, որը փոխզիջման մի յուրօրինակ փորձ էր, եւ որը համատեղում էր միջազգային իրավունքի երկու հիմնականՙ պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքները: «Սրանից կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծմանը», ասել է Վարդան Օսկանյանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի ոչ կառուցողական լինելու մասին պաշտոնական Բաքվի պնդումներին, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ պարոն Գուլիեւը նույն կերպ որակում է միջնորդներինՙ հայամետ կեցվածքի համար: Տեսեք, թե ինչ է ստացվում. փաստորեն բանակցություններում ներգրավված մի կողմը մեղադրում է ինչպես մյուս կողմին, այնպես էլ միջնորդներինՙ աշխարհի ամենաազդեցիկ երկրներից երեքին, ոչ կառուցողական լինելու մեջ: Մի՞թե այս բոլորից հետո ակնհայտ չէ, թե ով է ոչ կառուցողական կողմը», ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է միջազգային նորմերին, ապա, Վարդան Օսկանյանի խոսքերով, չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: «Նախ, ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը, ինչպես իրենք են նշել իրենց իսկ ընդունած հռչակագրում, հանդիսանում է 1918-1920 թթ. մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը: Բացահայտ ճշմարտություն է, որ այդ ժամանակ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, ինչի մասին համապատասխան նշում կա նաեւ Ազգերի լիգայի փաստաթղթերում: Ավելին, Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը իրականացվել է գործող ԽՍՀՄ օրենքներին համաձայն, որն ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային նորմերին: Ուստի Ադրբեջանը որեւէ իրավական եւ օրինական հիմք չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, եւ այս բոլորի արհամարհումը հենց ամենամեծ խախտումն է միջազգային նորմերի եւ իրավունքի: Հակառակ սրան, Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի հետ բանակացություններ վարել եւ պատրաստ է գնալ փոխզիջման ու գտնել մի այնպիսի տարբերակ, որը կօգնի տարածաշրջանում հաստատել մշտական խաղաղություն եւ անվտանգություն»:

Թող չվախեցնեն ռազմատենչ հայտարարություններով

Վարդան Օսկանյանը ասել է, որ չնայած Բաքվի ռազմատենչ հայտարարությունները մտահոգիչ են, սակայն «նման հայտարարություններով անհնար է մեզ վախեցնել»:

«Ցանկանում եմ հիշեցնել Ադրբեջանին, որ ներկայիս իրավիճակը, ինչի մասին նրանք այդքան բողոքում ենՙ փախստականներ, տարածքների կորուստ եւ այլն, հետեւանք է 1992-1994 թթ. նրանց իսկ որդեգրած ռազմատենչ քաղաքականության եւ սանձազերծած պատերազմի: Եթե Ադրբեջանը ժամանակին խաղաղ ճանապարհով գնար բանակցությունների եւ քննարկեր Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, ապա վստահեցնում եմ, որ իրավիճակը բոլորովին այլ կլիներ», շեշտել է Վարդան Օսկանյանը:

Ադրբեջանի կողմից ընտրված Ղարաբաղի հարցի լուծման մեթոդը բառացիորեն նույնատիպ է Կոսովոյի նկատմամբ կիրառված մեթոդին, նշել է ԱԳ նախարարը: «Մենք կարծում ենք, որ այդ սխալի ուղղումը նույն սխալ մեթոդներով դատապարտված է ձախողման: Մենք մերժել եւ մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումըՙ որպես նման հարցերի լուծման մեթոդ: Սակայն ցանկանում եմ վստահեցնել, որ ցանկացած ռազմական ոտնձգություն կստանա արժանի պատասխան»:

Օսկանյանը պատասխանում է Գուլիեւի մեղադրանքներին

«Փարիզյան սկզբունքներ» կամ «փարիզյան շրջանակ» հասկացությունը ոչ թե հայկական կողմի հնարածն է, այլ այդ տերմինը օգտագործվել եւ օգտագործվում է հենց միջնորդների կողմից»:

Այսպես է Վ. Օսկանյանը արձագանքել «Մեդիամաքսի» խնդրանքինՙ մեկնաբանելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Գուլիեւիՙ Հայաստանին հասցեագրված մեղադրանքները: Ադրբեջանի ԱԳ նախարարը մասնավորապես ասել էր, որ «փարիզյան սկզբունքներ» հասկացողությունը հայկական միֆ է:

Փարիզյան պայմանավորվածությունների կամ փարիզյան բանակցությունների շրջանակի մասին բազմիցս նշել են Մինսկի խմբի եռանախագահները: Դրանք լուսաբանվել են թե հայկական, թե ադրբեջանական եւ թե օտար լրատվամիջոցներով, ասել է Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, եթե նույնիսկ մի պահ վերապահումով մոտենանք ԶԼՄ-ներին, ապա պետք է պարզապես հիշել միայն վերջերսՙ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-23-ը Մալթայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդունած համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է համանախագահների մտադրությունըՙ շարունակել աշխատանքները Փարիզում եւ Քի Վեսթում նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում հակամարտության կարգավորման շուրջ ձեւավորված շրջանակում:

«Ըստ երեւույթին, պարոն Գուլիեւի խոսքերն ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին կամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պարզապես տեղեկացված չէ տեղի ունեցած գործընթացից», շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4