Անկարան կարող է «երկխոսությունը» վերածել Երեւանին եւ Բաքվին ճնշող արտաքին քաղաքական գործիքի
Ռուսական մամուլը ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական «երկխոսությանը»: Ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետան» երեկվա համարում երկու ընդարձակ հոդված է նվիրել այսպես կոչված «Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի» ձեւավորմանը, հեռահար նպատակներին: «Արեւմտյան փորձագետների մեծամասնությունը այս իրադարձությունը համարեց ամերիկյան դիվանագիտության նշանակալի հաղթանակ: Թուրքական կողմը մեկնաբանում է որպես պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության տակտիկական փոփոխությունՙ ուղղված, մասնավորապես, այս տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը: Ադրբեջանում, ինչպես եւ սպասվում էր, հանձնախմբի ստեղծումը առաջացրեց բացասական, երբեմն խուճապային տրամադրություններ: Միանշանակ չէր Հայաստանի եւ սփյուռքի ազդեցիկ շրջանակների արձագանքը», «Հայ-թուրքական տանգո ամերիկյան ոճով» վերլուծականում գրում է Արման Ջիլավյանը: Հոդվածագիրն անդրադառնալով այն հանգամանքին, որ հանձնախմբում թուրքական կողմը ներկայացված է «շատ լուրջ մակարդակով», գրում է. «Թուրքիան, երեւում է, որոշել է դուրս գալ Ադրբեջանի «քաղաքական պատանդի» կարգավիճակից եւ նպատակ ունի տարածաշրջանում խաղալ իր առանձին խաղը, ինչն արժանանում է Անկարայի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի աջակցությանը: Վաշինգտոնը քաջ գիտակցում է, որ ձեւավորված հանձնաժողովը կարող է ծառայել որպես ե՚ւ Բաքվի, ե՚ւ Երեւանի նկատմամբ քաղաքական եւ հոգեբանական ճնշման միջոց: Օրինակ, Բաքվին կարելի է վախեցնել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակմամբ եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումով, Երեւանին դնել չափազանց բարդ ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության իրավիճակի մեջ, ինչը կարող է ավելորդ խնդիրներ առաջացնել ինչպես հայ հասարակության տարբեր շրջանակների, այնպես էլ Հայաստանի եւ իր մերձակա դաշնակիցների միջեւ: Օրինակ, Հայաստանի եւ Իրանի կամ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ», ավելացնելով, որ հայկական կողմի համար առանձնապես վտանգավոր է հանձնաժողովում հայ ներկայացուցիչների ոչ ադեկվատ մակարդակը: «Որոշ տեղեկություններով, նախկին արտգործնախարար Ա. Արզումանյանի մասնակցությունը եղել է ամերիկյան կողմի պահանջով, որը հանձնաժողովի ոչ պաշտոնական կազմակերպիչն է եւ հովանավորը: Ուշագրավ է, որ այսօր Արզումանյանը Հայաստանում ամենեւին ժողովրդականություն չվայելող կուսակցությանՙ ՀՀՇ-ի ներկայացուցիչն է, կուսակցություն, որի ոչ պաշտոնական առաջնորդը միշտ համարվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս հրաժարականից հետո ՀՀՇ-ն դարձավ «քաղաքական դիակ»: Հանձնաժողովում թույլ է ներկայացված նաեւ սփյուռքը. ո՚չ Վան Գրիգորյանը, ո՚չ Անդրանիկ Միհրանյանը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայ համայնքների առաջնորդներ չեն եւ լայն ժողովրդայնություն չեն վայելում», գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Բայց եւ այնպես, պետք է խոստովանել, որ «ամերիկյան վաղեմի երազանքը»ՙ ձեռնարկել «հայ-թուրքական տանգո», կայացավ: Բայց սրանում որեւէ սենսացիա չկա: Արդեն մի քանի տարի տարածաշրջանում գործում է համանման թուրք-հայկական կառույցՙ տնտեսական համագործակցության ոչ-կառավարական հանձնաժողով, որի գործունեությունը որեւէ արդյունք չի տվել: Ըստ երեւույթին, առանց քաղաքական կամքի եւ պետական մոտեցման հաջողության չես հասնի», եզրափակում է է թերթը: