«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՀՈԳԵԲՈՒՅԺ ՎԱՄԸՔ ՎՈԼՔԱՆԸ Ի՞ՆՉ Է ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ»

Գուցե հետազոտության առարկան հայերին վերագրվող «զոհի հոգեբանությո՞ւնն է»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակը հուլիսի 10-ի հաղորդագրությամբ տեղեկացրել է «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման մասին: Դրա ստեղծումը, ստեղծման նախաձեռնությունն ու միտումները բազում հարցականներ են առաջացնում: Նախորդ համարներում «Ազգը» փորձեց մասնակի անդրադառնալ դրանց: Հարցը սակայն սոսկ հանձնաժողովը չէ, այլ դրա գործունեության հիմնական սկզբունքները, որոնց մասին հաղորդագրությանը կից տեղեկացրել էր վերոհիշյալ գրասենյակը:

Սկզբունքներից թերեւս կարելի է առանձնացնել հետեւյալը. «Հաշտեցման հանձնաժողովը հաշվի է առնում այն, որ հայերի ու թուրքերի միջեւ առկա են լուրջ տարաձայնություններ, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման խոչընդոտներ»: Այս սկզբունքն իրականում անսկզբունքայնություն է, որովհետեւ տարաձայնությունների քողի տակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջները հավասարվում են դրա ուրացման պահանջներին, ինչի արդյունքում ուրացումն իբրեւ պահանջ գիտակցաբար հակադրվում է ճանաչման պահանջին, որպեսզի հավասարության նշան դրվի հայերի ու թուրքերի միջեւ:

Ինչ վերաբերում է «խոչընդոտներին», ապա սկզբունքի այս ձեւակերպումն իր հերթին դիվանագիտական հարաբերությունների համար Հայաստանին առաջադրվող թուրքական իշխանությունների նախապայմանները նույնացնում է «Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» հայկական իշխանությունների հայտարարություններին: Նույնացման պայմաններում Հայաստանն ակամա հավասարվում է Թուրքիային, որն իր հայատյացության դրսեւորումներով շարունակում է նրան պահել մշտական սպառնալիքի տակ:

Քանի որ գործունեության նշված սկզբունքը միանգամայն անտեսում է այս նախապայմանները, որոնց առաջադրումը ակնհայտորեն անհարիր է միջազգային պրակտիկային, ուստի ղարաբաղյան հիմնահարցում թուրք-ադրբեջանական դիրքորոշումը մերժելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու, եւ վերջապես Թուրքիայի առաջադրած նախապայմանների կատարումից հրաժարվելու հայաստանյան իշխանությունների մոտեցումների հետ հենց Հայաստանն է այդ հարաբերությունների կարգավորման խոչընդոտը դառնում:

Հատկանշական է, որ մինչ հանձնաժողովն իր առջեւ թուրքերի ու հայերի միջեւ «փոխըմբռնումն ու բարի կամքի զարգացումը» խթանելու, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը խրախուսելու խնդիր էր դնում, ահա Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը, Անկարայից վերադառնալով Բաքու, «Զամանի» հուլիսի 17-ի համարի վկայությամբ, հայտարարում է. «Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը ինձ հավաստեց, որ իրենք բացառում են Հայաստանի հետ որեւէ կարգի հարաբերության հաստատումը»:

Ուրեմն, բացի հանձնաժողովի ստեղծման միտումներից ու նախաձեռնությունից, հարցականի տակ պետք է դնել նաեւ դրա գործունեության սկզբունքը: Հարցականների շրջանակները սակայն այս ամենով չեն սահմանափակվում: Հանձնաժողովի անդամների ընտրությունն ու ընտրվածների մասնագիտությունը ինքնին հարցերի կծիկ է: Խոսքը տվյալ դեպքում Թուրքիայի նախկին արտգործնախարար, Մոսկվայում եւ Փարիզում նախկին դեսպան Իլթեր Թուրքմենի, նախկին փոխարտգործնախարար, Լոնդոնում նախկին դեսպան Օզդեմ Սանբերքի եւ հատկապես Սադի Էրգյուվենչի ու Վամըք Վոլքանի մասին է:

Նրանցից Թուրքմենը երկրի արտաքին գերատեսչությունը գլխավորել է միջազգային հարաբերությունների առումով Թուրքիայի համար չափազանց բարդ մի ժամանակահատվածումՙ 1983 թվին, երբ Կիպրոսում հռչակվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»: Սանբերքը, ինչպես հուլիսի 17-ի համարում վկայում է «Զամանը», «Կովկասյան կայունություն» նախագծի հեղինակներից է, Էրգյուվենչըՙ թուրքական ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ, իսկ Վոլքանը Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր է, ուսումնասիրում է հասարակական հոգեբանությանն առնչվող խնդիրներ:

Այլ կերպՙ Վոլքանը հակառակ համագումարի հաղորդագրությանը, հոգեբույժ չէ, այլՙ հետազոտող: Չպետք է սակայն մոռանալ, որ «Հայ-թուրքական հաշտեցման» հանձնաժողովն էլ հետազոտական ինստիտուտ չէ, ուստի հարց է ծագումՙ Վոլքանը որպես հետազոտող, հանձնաժողովում ի՞նչ է ուսումնասիրելու: Թերեւս այդ հարցին շատ աշխարհահռչակ, բայց ամերիկահպատակ մեր հայագետ որոշ հայրենակիցներն են պատասխանում:

Նրանցից Ժիրայր Լիպարիտյանը, մասնակցելով 2000 թ. հունիսին Փարիզում կազմակերպված «Հայ-թուրքական երկխոսությանը», իր զեկուցման մեջ պնդում էր. «Հայերը մինչեւ այժմ կույր եւ համառ դիրքորոշում են ցուցաբերել Ցեղասպանության հարցում: Նրանք մեղադրել են բոլորՙ ինչպես անցյալի, այնպես էլ այժմյան թուրքերին ոճրին մասնակցելու մեջ»: Այս խոսքերով նա իրեն տարանջատում է հայերից, եւ ինքն է նրանց մեղադրում այժմյան թուրքերին հասցեագրված իր իսկ երեւակայության արդյունքը հանդիսացող ամբաստանության համար: Քանի որ բացառվում է այժմյան թուրքերի մասնակցությունը 1915 թ. Ցեղասպանությանը, ուստի հայերը, Լիպարիտյանի տրամաբանությամբ, հոգեպես անառողջ են դառնում, իսկ դա հայ հասարակությանը դարձնում է բուժման ենթակա: Ի դեպ, հարցը սոսկ հոգեվիճակը չէ, այլ մտացածին «զոհի հոգեբանությունը», որն, ըստ Լիպարիտյանի, հայերը «ի նպաստ իրենց են օգտագործում»: Նման մոտեցմամբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելն ինքնաբերաբար վերածվում է հոգեպես անառողջ հասարակության զոհի հոգեբանությունից բխող հիվանդության:

Այս հարցում Լիպարիտյանին լրացնելու է գալիս Միչիգանի համալսարանի հայ գրականագիտության ամբիոնի վարիչ դոկտ. Գեւորգ Բարդակչյանը: Նա, ինչպես վկայում է «Ակօսը» փետրվարի 16-ի համարում, ս. թ. հունվարի 26-ին Նյու Յորքում կազմակերպված «Հայ-թուրքական երկխոսություն. հույսեր եւ հեռանկարներ» գիտաժողովին իր ելույթում խելք է սովորեցնում, ասելով. «Հայերը ձերբազատվելով վերջապես զոհի հոգեբանությունից, անցյալի փոխարեն իրենց հայացքը պետք է ուղղեն դեպի ապագան»: Ճիշտ է, Չիկագոյի համալսարանի պրոֆ. Ռոնալդ Սյունին զոհի հոգեբանության մասին լռում է, բայց փոխարենը 1998 թ. հունիսի 17-ին ի պատասխան «Գազեթե փազարի» հարցերին, հայերի բարդույթից է խոսում: Թեեւ նա չի նշում, թե դա ինչ բարդույթ է, բայց ավելացնում է. «Ցեղասպանության հարցը ամերիկահայերի համար ազգային ինքնության պահպանման գլխավոր հենարանն է»: Այլ կերպ, Սյունին էլ իրեն տարանջատում է ամերիկահայերից եւ նրանց է անառողջ համարում:

Հատկանշական է, որ հայերին զոհի հոգեբանություն վերագրելու հարցում Լիպարիտյանին ու Բարդակչյանին է միանում նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը: Այն տարբերությամբ, որ եթե առաջիններն այդ հոգեբանությունը վերագրելիս ապազգային դիրքերից են ելնում, ապա պրն Հովհաննիսյանը ելակետ է ընդունում ազգային դիրքը: Հարկ է սակայն նշել, որ անկախ դիրքերի տարբերությունից, նրանք նույն նպատակին են ծառայում: Այսպիսով, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում» հասարակական հոգեբանությամբ զբաղվող Վոլքանի ներգրավման հարցը ստանում է իր հստակ պատասխանը:

Մնում է հուսալ, որ թուրքական մամուլը լրացուցիչ տեղեկություններ կհայտնի հանձնաժողովի գործունեության մասին, եւ մենք, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանանք ամբողջացնելու այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք առաջադրում են ինչպես դրա ստեղծման միտումները, այնպես էլ ստեղծման գործում, Անդրանիկ Միհրանյանի վկայությամբ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հետ ուղղակի կապեր ունեցող Ամերիկայի հայկական համագումարի դերը: Ինչ վերաբերում է աշխարհահռչակ հայագետներին, ապա ասենք, որ զոհի հոգեբանությամբ տառապող ժողովուրդը չէր կարող ղարաբաղյան ճակատում տպավորիչ հաղթանակներ տանել ադրբեջանցիների նկատմամբ, ոչ էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը իր երկրում բարձրացնել պետական քաղաքականության մակարդակի: Ուրեմն, զոհի հոգեբանությունը յուրահատուկ է նրանց, ովքեր իրենց հայերից տարանջատում եւ թուրք-ամերիկյան ոչ գիտական կառույցների աչքին սիրունատես երեւալու մղումով ջանք չեն խնայում, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովրդին ներկայացնեն այդ հոգեբանության գերի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4