«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԺԽՏՈՒՄ Է ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԸ, ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

«Մեր ասուլիսը պլանավորված չէր, եթե Գագիկ Ջհանգիրյանը չձգտեր ամեն ինչ այլ կերպ ներկայացնել, աշխատեր ապացուցել դատախազության աշխատակիցների անմեղությունը, մեզ ներկայացներ շահագրգիռ անձեր», ասաց փաստաբան Ռուբեն Ռշտունին հուլիսի 18-ին, Արմենպրեսի մամուլի սրահում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանը եւ դատախազության քննիչներն այս օրերին լրատվամիջոցներն զբաղեցրել էին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի վերջին նիստում փաստաբաններ Ռ. Ռշտունու եւ Հայկ Ալումյանի ներկայացրած մեղադրանքներին պատասխանելով: «Գ. Ջհանգիրյանն ասում էՙ խոշտանգումներ ընդհանրապես չեն եղել, քննիչներն ընդունում են, բայց դրանք վերագրում են պատահականությանը, սակայն նրանց չի հաջողվում ասել, որ մենք ստում ենք», հայտնեցին նրանք:

Փաստաբանները միանշանակ պնդում էին իրենց ներկայացրած փաստերի իսկությունը եւ ողջունեցին ՀՀ գլխ. դատախազի կողմից 7 հոգանոց հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ստուգի զինդատախազության վարույթում գտնվող բոլոր գործերը: «Ես միայն փաստերով եմ խոսում, թող հանձնաժողովը քննիՙ պարզի», հայտնեց փաստաբան Ռշտունին: Հայկ Ալումյանն անդրադառնալով քննիչ Սամվել Հովհանիսյանի այն արտահայտությանը, թե իր պաշտպանյալ Միշա Հարությունյանին խոշտանգել են ոչ թե ռազմական ոստիկանությունում, այլՙ Ասկերանում, ասաց. «Այդ դեպքում նրան պետք է հարցնելՙ իսկ ո՞ւմ ենթակայության տակ է Ասկերանի զինդատախազությունը»: Նա միանշանակ պնդեց, որ հրապարակված գործով խոշտանգումները կատարել են ռազմական ոստիկանության աշխատակիցները: Զինդատախազի կողմից խոշտանգումների փաստն առհասարակ ժխտելուն Հ. Ալումյանը հակադրեց քննիչ Ս. Հովհաննիսյանի որոշումով կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը վկայում էր զինծառայող Մ. Հարությունյանի խոշտանգված լինելը: Նշեց, որ ամբաստանյալներն այդ մասին ցուցմունքներ են տվել դատական բոլոր ատյաններում, որի արդյունքում գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության:

«Ինչո՞ւ հենց այս պահին այդ հարցը բարձրացվեց», կասկածամտորեն հարցնում էին լրագրողներից ոմանք: Քաղաքական ենթատեքստ տեսնելով այս ամենում եւ Ջհանգիրյանի օրինակով հարցն անմիջապես շաղկապելով «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննության հետ, հարցնում էինՙ իսկ ինչո՞ւ չի բարձրացվում բանակի ղեկավարության պատասխանատվության հարցը: Փաստաբան Ալումյանը պատասխանեց, որ խոշտանգվածների հարազատները հիմա են դիմել հանձնաժողովին, իսկ մինչ այդ բողոքներ են գրել իշխանության բոլոր օղակներին: Ինչ վերաբերում է բանակի ղեկավարության պատասխանատվության հարցին, փաստաբան Ռ. Ռշտունին ասաց, թե չի շտապում ժամանակից շուտ հետեւություններ անել մեղավորների մասին, իսկ ընդհանրապես ցանկացած պաշտոնյայի կարելի է ասելՙ նա էլ կարող էր մի բան անելՙ չարեց: Ռ. Ռշտունին նույնպես «զինդատախազության կողմից կատարված շորթումները» հավաստող փաստական տվյալներ ներկայացրեց, որոնք մի մասով բողոքարկվել են դատարանում, սակայն վճռով բռնագանձումը կատարվել է պետբյուջեից: «Քրեական գործ պետք է հարուցվի, մանրակրկիտ քննություն կատարվի, եւ պետբյուջեից գանձված գումարները վերադարձվեն», եզրափակեց պրն Ռշտունին:

Ս. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4